Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ եթե հայտարարություններով բանակցային գործընթացն ակտիվանար, ապա այն վաղուց հանգուցալուծված կլիներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ օրը տարածած իրենց համատեղ հայտարարության մեջ հույս են հայտնել, որ դեկտեմբերի սկզբին՝ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ, բանակցային գործընթացն «ավելի ակտիվ է ընթանալու»: ԼՂՀ հարցով բանակցային գործընթացն ակտիվացնելուն կողմ վերջերս արտահայտվեց նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այդ հայտարարությունը նա արեց Բաքու իր այցելության ընթացքում: Ավելին, թե իբրեւ Մինսկի խմբի անդամ երկիր, թե իբրեւ հարեւան՝ ՌԴ-ն իր պատրաստակամությունը հայտնեց ավելի ինտենսիվորեն գործընթացին աջակցելու հարցում: Արդյոք այս հայտարարությունները ակնա՞րկ են կողմերին, որ մինչեւ դեկտեմբեր՝ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը, արդեն հարցի կարգավորումը որոշակի հանգրվանում պետք է լինի: «Առավոտի» հետ զրույցում այս տեսանկյունից անդրադառնալով հարցին՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը նկատեց, որ վերջին երկու տարիների ընթացքում նման ակնարկների շատ ենք ականատես եղել, ու եթե անգամ դա ակնարկ է, ապա հերթականն է. «Սա համանախագահների գործելաոճն է՝ «անընդհատ ավելի ակտիվացնել»: Եթե ամեն ասելով գործընթացն իսկապես ակտիվանար, ապա վաղուց հարցը լուծված կլիներ»:
Համանախագահները տեղեկացրել էին նաեւ, թե սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում լինելու են նախ՝ Վաշինգտոնում, ապա՝ նաեւ Նյու Յորքում, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցելու են կողմերի հետ: Սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում համանախագահները կվերադառնան տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում մարդասիրական իրավիճակը գնահատելու նպատակով:
«Այս այցի ընթացքում համանախագահներին կուղեկցեն բարձր մակարդակի խորհրդատուներ ու փորձագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն ներկայացուցչի գրասենյակի մասնագետները: Սա առաջին նման քայլը կլինի այս շրջաններում՝ 2005թ.-ին իրականացված փաստահավաք առաքելության գործունեության ավարտից ի վեր»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ: Միջնորդները նաեւ տեղեկացրել են, որ այցի ավարտին դրա մանրամասները Վիեննայում ներկայացվելու են ՄԽ անդամ բոլոր պետությունների դիվանագետներին. «Հետագայում համանախագահները ԵԱՀԿ Մշտական խորհրդի անդամներին կներկայացնեն իրենց գործունեության տարեկան զեկույցը եւ ակտիվորեն կաշխատեն կողմերի հետ՝ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին ընդառաջ»: Այն, ի դեպ, տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին: Այս առիթով էլ մեր զրուցակիցը հետեւյալ մեկնաբանությունները տվեց. «Հնարավոր է, որ վերջին շրջանում պարբերական բնույթ ստացած սահմանային միջադեպերն այնքան են անհանգստացրել, որ այս կերպ փորձում են դրանց վերջը տալ»: Ի դեպ, պարոն Ռուբինյանը սրտանց միանում է եռանախագահների՝ կողմերին ուղղված կոչին՝ «խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, զսպվածություն ցուցաբերել տեղերում, ջանք չխնայել հետագա առաջընթացի համար անհրաժեշտ փոխզիջումների ոգին ամրապնդելու նպատակով՝ զերծ մնալ հրահրիչ հրապարակային հայտարարություններից եւ համոզիչ քաղաքական կամք ցուցաբերել՝ լուրջ երկխոսության մեջ ներգրավվելով»: Ըստ նրա՝ «Երկու կողմից էլ երիտասարդներ են զոհվում, երկու կողմերն էլ պետք է ձեռնպահ մնան»:
Հետաքրքիր է, որ համանախագահների հայտարարությունը զուգադիպեց Միջազգային ճգնաժամային խմբի կողմից պատրաստված եւ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող «Խոցելի կայունություն» զեկույցի հրապարակմանը, որում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվում: Ու քանի որ ոչ այս խմբի զեկույցներն են պատահական լինում եւ ոչ էլ դրանցում հնչեցված մտքերը՝ հնարավո՞ր է, որ այս կերպ միջազգային հանրությունը փորձում է սանձել Ադրբեջանի՝ վերջին շրջանում լկտիության հասնող ռազմատենչությունը: «Առավոտի» այս դիտարկմանը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մասամբ համաձայնեց: Նրա կարծիքով, սակայն, դա մեծ ազդեցություն ունենալ չի կարող. «Չեմ կարծում, որ Ադրբեջանի քաղաքական գործիչները չեն հասկանում, որ կոռուպցիայի վրա հիմնված նմանատիպ սուլթանական իշխանությունը դեռ երկար կապահովի իրենց գոյությունը»: