«Նարեկացի» արվեստի միությունը 6 տարեկան է: Օրերս մեծ հանդիսավորությամբ միությունը նշեց իր հիմնադրման 6-ամյակը: Միջոցառմանը ներկա էին միության բարեկամները, արվեստագետներ, որոնք իրենց անդրանիկ ելույթներն են ունեցել «Նարեկացիում», մենահամերգներ, ցուցահանդեսներ, ելույթներ: Իր ներկայությամբ եւ կատարումներով երեկոյին ուրույն շունչ հաղորդեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, որն իրեն համարեց ոչ թե «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահի՝ Նարեկ Հարությունյանի մտերիմը, այլ նրա հոր բարեկամը.
«Նարեկն ինձ համար խոխա ա, հարցեր ա տալիս մեկ-մեկ: Ես էլ այդպես հարցեր էի տալիս իր հորը՝ ժամանակին, երբ ֆռֆռում էինք Ռուսաստանում: Բայց նա չէր պատասխանում իմ հարցերին»:
Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց.
«Նարեկացի» արվեստի միությունը կրում է Գրիգոր Նարեկացու անունը: Սա հատուկ մտածված է եղել, ուզում էինք Նարեկացու միջոցով միշտ ստանալ տիրոջ օրհնությունը: Այս 6 տարիների ընթացքում այդպես էլ եղել է՝ մենք իսկապես առաջնորդվել ենք հավատքով եւ մաքուր ծառայել մշակույթին եւ ազգին: Միության խնդիրը երիտասարդ արվեստագետներին եւ արվեստասերներին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալն է. մենք անշահախնդիր աջակցել եւ աջակցում ենք երիտասարդներին: Մեր դռները միշտ բաց են բոլորի առջեւ, ով ասելիք ունի եւ ուզում է արտահայտվել»:
Միության 6 տարիների ընթացքում եղել են զանազան միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, կինոդիտումներ, անվանի արվեստագետների հետ, կինոպրեմիերաներ, աշխատանքներ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Ն. Հարությունյանը տեղեկացրեց, որ «Նարեկացի» արվեստի միությունը նմանատիպ գործունեություն ծավալում է նաեւ Արցախում՝ Շուշիում. «Դա ավելի շատ արվեստի դպրոցի է նման՝ թատրոն, նկարչություն, քանդակ, լեզուներ: Սա էլ իր նպատակն ունի՝ Արցախ աշխարհի երիտասարդ սերնդին ներկայանալու հնարավորություն տալ եւ լավ սերունդ դաստիարակել Շուշիում… Մշակույթն ամենաուժեղ ձեւն է որպես ազգ հաստատվելու, իսկ մենք մշակույթի մեջ ունենք ամեն ինչ եւ ցանկացած ազգի հետ կարող ենք մրցել»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խոչընդոտների է հանդիպել միությունը գոյության տարիներին: Ն. Հարությունյանը պատասխանեց. «Դրանք անպակաս են, բայց միշտ որոտից հետո արեւ է լինում: Ուրախալին այն է, որ մեր շուրջը բոլորը երիտասարդներ են: Նրանք այնքան շատ են… Օրինակ՝ «Նարեկացի» միության ժողովրդական գործիքների համույթի անդամները»: