Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՐԻԿՅԱՆ PARTY-ՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՖՐԻԿՅԱՆ ԷՐ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Նաեւ՝ վերաբերմունքը լրագրողների հանդեպ

\"\"

Օրերս «Night Light» ակումբը աֆրիկյան party էր անում. ակումբը մարդաշատ չէր, կարելի էր մատների վրա հաշվել երիտասարդներին, որոնք շտապում էին լիցքաթափվելու աֆրիկյան կրքոտ ռիթմերի ներքո: Եվ չնայած կազմակերպիչները իրենց միջոցառմանը մասնակցելու կոնկրետ ժամ էին սահմանել՝ 21-ը, սակայն աֆրիկացիները հայավարի վարվեցին եւ ակումբային կրքերը սկսեցին թեժացնել միայն ժամը 22-ից հետո:
Հավաքված մասսան, իհարկե, վատը չէր: Երիտասարդները հանգիստ, առանց ավելորդ աղմուկի, ինչպես ուզում, այնպես էլ պարում էին: Մի մասն էլ ընդհանրապես անհաղորդ էր կատարվելիք գործողություններին: Երաժշտությունն էլ ակումբում ոչ այնքան տրամադրող էր: Աֆրիկայից երկար ճանապարհ կտրած՝ Հայաստան եկած «պատվիրակությունը» ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի ակումբում ներկա մի քանի հոգուն «շախի գցեր», բայց՝ ապարդյուն. դա էլ աֆրիկացիներին գրեթե չէր հաջողվում: Նույնիսկ չօգնեց աֆրիկացի տղաների պարային սեքսուալ ու անհասկանալի շարժումները: Մի խոսքով, ակումբային երեկոն բավական տխուր էր ու ձանձրալի: Փոխարենն ավելի «ուրախ» մթնոլորտ էր տիրում դրսում, ավելի ճիշտ՝ ակումբի դռների առջեւ: Բանն այն էր, որ մուտքն այս ձանձրույթ առաջացնող միջոցառմանը թույլատրվում էր միայն Face Control անցնելուց հետո, ինչն էլ վերաբերում էր միայն արական սեռի ներկայացուցիչներին: Իսկ դռների մոտ կանգնած սեւամորթ աֆրիկացին շարունակ կրկնում էր «բիզնես, բիզնես», նկատի ուներ՝ վճարեք 3.000 դրամ, նոր ներս մտեք: Հավաքված ժողովուրդն էլ, անկեղծ ասած, փող տալու մտադրություն չուներ: Դրսում հավաքված այն տղաներն էլ, որոնք ուզում էին առանց վճարելու ներս մտնել, փորձում էին աֆրիկացուն հունից հանելով դա անել, իսկ վերջինս էլ, տղաների լեզվով ասած՝ «լոմկա արեց», առանց փողի ներս չթողեց: Նշեմ, որ ակումբի մուտքի մոտ «վայ, մորս արեւ», «լոմկա արիք կայֆավատս», այս եւ այլ փողոցային ժարգոնով հնչեցրած արտահայտություններն այնքան էլ համահունչ չէին աֆրիկյան ռիթմերին: Ու անգամ այս կարգի արտահայտություններով դժվար էր աֆրիկացուն հունից հանել, որովհետեւ նա բավական համառ էր: Party-ի ամենազվարճալի հատվածն էլ հավանաբար դրսում հավաքվածներից մի մասին մատուցված անակնկալն էր: Նրանք, ովքեր ակումբից դուրս էին եկել՝ իրենց նիկոտինային քաղցը բավարարելու, մնացել էին դրսում, քանի որ դուրս եկածին առաջարկվում էր ներս մտնելու համար կրկին տոմս գնել: Աֆրիկացիները քիչ թե շատ բարի էին կանանց եւ աղջիկների հանդեպ: Նրանց անգամ հաճոյախոսություններ էին շռայլում: Լրագրողների հանդեպ էլ հակված էին միայն վատի: Հավանաբար, անձնական հակակրանք ունեին՝ «դուք էլ պիտի գումար վճարեք, ակումբ եք եկել, հո ազգային ժողովում չեք», օդում կիսատ-պռատ անգլերենով արագ-արագ արտաբերում էր դռնապանն ու չէր մոռանում ցույց տալ սպիտակ ժանիքները:
Լրագրողի հանդեպ նույնքան թերահավատությամբ էին լցված նաեւ party կազմակերպող տղաները: Նրանք չցանկացան շփվել եւ որեւէ տեղեկություն հայտնել գոնե այն մասին, թե ո՞րն է իրենց կազմակերպած միջոցառման իմաստն ու ի՞նչ են ուզում դրանով ասել: Մեզ հետ զրույցում ընդամենը նշեցին, որ եթե ծանոթ լինեինք, գուցե ինչ-որ բան պատմեին իրենց խմբի մասին, իսկ անծանոթների հետ իրենց զրույցը չի ստացվում: Նշեմ նաեւ, որ մեծամասնությունը ներս մտնելու համար այդպես էլ չվճարեց: Face Control անցկացնող աֆրիկացին իզուր էլ գործի էր դրել դերասանական կարողությունները: Ի վերջո, բոլորն էլ հայտնվեցին ակումբում: Ի դեպ, աֆրիկացիները՝ անգամ դռնապանը, հրաժարվեցին լուսանկարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930