Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալիայից Հնդկաստան՝ հեծանիվով

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"«Ես վաղուց էի երազում այս ճամփորդության մասին ու հատկապես ոգեւորվեցի, երբ Սիմոնեն առաջարկեց միանալ ինձ ու այդքան երկար ճանապարհը միասին հաղթահարել: Ճիշտ է, Սիմոնեն կույր է, երկուսս էլ գիտակցում էինք, որ այդ երկար ճանապարհներին ստիպված ենք լինելու շատ խնդիրներ հաղթահարել, բայց այդքանով հանդերձ նա ինձ ընկերակցելու համար իր մեջ հզոր ուժ գտավ, ես էլ հասկացա, որ իմ այս նախաձեռնությամբ մի բարի գործ եմ անում՝ կույր մարդուն աշխարհն եմ ցույց տալու»,- «Առավոտի» հետ զրույցում իր ձեռնարկած ճամփորդության մասին այսպես պատմեց իտալացի Դինո Լանզարեթին: Դինոն եւ 26-ամյա Սիմոնեն մոտ երեք ամիս առաջ երկտեղանոց հեծանիվով Իտալիայից դուրս են եկել եւ ուղեւորվում են դեպի Հնդկաստան: Հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի ճանապարհն անցնող այս երիտասարդները օրերս Երեւանում էին: Նախքան մեր երկիր հասնելը նրանք 7 երկրի սահման են հատել եւ 5 հազար կիլոմետր արդեն անցել են: Ճանապարհորդների հաշվարկներով, մինչ Հնդկաստան՝ մոտ 10 հազար կիլոմետր դեռ կա:
Մեզ հետ զրույցում տղաները պատմեցին, որ ճանապարհներին շատ դժվարությունների են հադիպում, բացի այն, որ ֆիզիկապես հոգնում են եւ Սիմոնեին հատուկ խնամք է պետք, սահմանները հատելիս երբեմն բարդություններ են ունենում: Օրինակ, հեծանվորդներին չի հաջողվել Թուրքիայից միանգամից մտնել Իրան, այդ պատճառով Վրաստանով եկել են Հայաստան, որպեսզի Իրանի վիզաները մեր երկրում ստանան: Սիմոնեի խոսքերով, քանի որ նման խնդիրների են հանդիպում, չեն կարողանում ժամանակը հստակ ծրագրավորել, թե երբ՝ որ երկրում կլինեն, հետեւաբար չկարողացան հստակ ասել, թե ի վերջո երբ կհասնեն Հնդկաստան. «Ես առաջին անգամ եմ նման երկար ճանապարհ գնում: Ճիշտ է, դժվարանում եմ, բայց փորձում եմ հարմարվել: Գիտակցում եմ, որ Դինոյի համար ավելի դժվար է. ողջ բեռը նրա ուսերին է՝ մարդկանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու, փաստաթղթեր ձեւակերպելու, ինձ օգնելու եւ այլն: Բացի այդ, սա ինձ համար բացառիկ հնարավորություն էր՝ դուրս գալ հաշմանդամների շրջապատից եւ այլ մարդկանց հետ նույնպես շփվել, ես հոգնել եմ այդ չտեսնելու սթրեսն ամեն անգամ ապրելուց եւ ինձ նման սթրես տարած մարդկանց հետ շփվելուց: Այդ պատճառով էլ որոշեցի ճամփորդել»:
Մեր երկրում Իտալիայի հեծանվորդ քաղաքացիներին ընդունել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Դեսպանի ներկայացմամբ, անգամ եթե երիտասարդ հեծանվորդների այս նախաձեռնությունը շատ հասարակ բան է, այնուամենայնիվ, դա իրականում իր մեջ շատ խորը իմաստ է պարունակում. «Հաշվի առնելով, որ երկուսից մեկը ամբողջովին անկարողունակ է, պետք է մեր հարգանքը հայտնենք այս երիտասարդների նախաձեռնության համար: Մարդ պետք է մեծ սիրտ ունենա, որպեսզի ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդուն իր հետ տանի ու ողջ ճանապարհին նրան հետեւի, խնամի: Սա, կարելի է ասել, կոչ է մարդկությանը՝ հաշմանդամին հասարակությանն ինտեգրելու: Դինոն իր արարմունքով ցույց է տալիս, որ մարդը սահման չունի, եւ որ կարող է սահմաններն անցնել եւ ապրել ու թույլ տալ, որպեսզի այդ մարդիկ էլ ապրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել