Սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ կայացավ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) համաժողովը: Մասնակիցները Մոսկվայի «Քրոուն Պլազա» հյուրանոցում քննարկել են բազմաթիվ հարցեր, որոնցից կարեւորագույնը, թերեւս, 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների ընտրության կարգն էր:
Լոնդոնում ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում խաղարկվելու է մեդալների 18 հավաքածու՝ 7-ական հունահռոմեական եւ ազատ ոճեր, 4՝ կանանց ըմբշամարտ: Օլիմպիական խաղերին մասնակցելու է 338 մարզիկ: Իսկ նրանց ընտրությունը կատարվելու է չորս փուլով:
Առաջին ու ամենամեծ վարկանիշային մրցումը լինելու է 2012 թվականի աշխարհի առաջնությունը, որի անցկացումը ՖԻԼԱ-ի համաժողովը վստահեց Ստամբուլին (սեպտեմբերի 12-18): Այստեղ խաղարկվելու է 108 ուղեգիր: Դրանք բաշխվելու են երեք մրցաձեւերի յուրաքանչյուր քաշային կարգում 1-6-րդ տեղերն զբաղեցնող ըմբիշներին: ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին համաժողովի մասնակիցների հատուկ ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ նախաօլիմպիական աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տրվելու է միայն այն երկրների ազգային ֆեդերացիաներին, որոնք 2011 թվականին մասնակցած կլինեն մայրցամաքների առաջնություններին:
Օլիմպիական խաղերի մասնակիցների ընտրության երկրորդ փուլը լինելու են մայրցամաքային ընտրական մրցաշարերը: Դրանցում իրենց երկրներին վարկանիշ կբերեն յուրաքանչյուր քաշային կարգում 1-2-րդ տեղերը գրավողները: Եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի ապրիլի 18-22-ը՝ Վառնայում:
Լոնդոնի համար երրորդ եւ չորրորդ ընտրափուլեր են համաշխարհային ընտրական մրցաշարերը, որոնցից եվրոպացիների համար հաստատվել է Ֆինլանդիան (մայիսի 2-6), որտեղ նույնպես ուղեգրի կարժանանան բոլոր քաշային կարգերի երկուական լավագույնները::