Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաչագողի հիշատակարանը» էկրանին է

Սեպտեմբեր 07,2010 00:00

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված Րաֆֆու համանուն վեպի հիման վրա: Նկարի պրոդյուսեր Մամիկոն Չատինյանի խոսքով, ֆիլմը այս տարվա հունիս ամսին արդեն պատրաստ էր, բայց ստիպված են եղել տեղափոխել աշուն, քանի որ, ըստ Չատինյանի, ամռան ամիսներին Երեւանում ընթանում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, զուգահեռ էլ ֆուտբոլի աշխարհի առաջնության կրքերն էին բորբոքվում:
Իր Ֆիլմի մասին հրաժարվեց խոսել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը.
«Չեմ կարող իմ ֆիլմին որեւէ գնահատական տալ: Բնականաբար, այն ինձ համար շատ սիրելի է, անկեղծ…»: Ըստ նրա, ֆիլմը նկարահանվել է բարձրակարգ տեխնիկայով, ունի որակյալ ձայն, գեղեցիկ երաժշտություն, որի հեղինակը երգիչ Հայկոն է: Ֆիլմում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ Սամվել Թոփալյանը, Հրաչյա Հարությունյանը, Նազենի Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը:
Հ. Քեշիշյանը ընդգծեց նաեւ, որ «Խաչագողի հիշատակարանը» չունի հավակնություն՝ մասնակցելու որեւէ փառատոնի:
«Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ ֆիլմում Մուրադի դերը մարմնավորող երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանը, ով, ի դեպ, շատերին ծանոթ է Հ. Մալյանի անվան եւ «Գոյ» թատրոններից. «Ահագին բան սովորեցի: Եթե բախտ վիճակվի կրկին կինոյում նկարահանվել, կփորձեմ ուղղել սխալներս»:
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ փաստեց, որ առաջին անգամ է տարիքն առած հերոսուհու դերում հանդես գալիս: Նա պատմում է, թե ինչպես է նկարահանման հրապարակ գնալու ճանապարհին զարմացրել գյուղի տղաներին, որոնք, ըստ դերասանուհու, երկար ժամանակ չէին հասկանում, թե ի՞նչ գործ ունի այստեղ երիտասարդական ավյունով մեքենա վարող այս «տատիկը»:
«Խաչագողի հիշատակարան» ֆիլմը ֆինանսավորել է «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը: Լրագրողների հետ զրուցելիս ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը՝ գործարար Հրանտ Վարդանյանի որդին ասաց հետեւյալը. «Վարդանյան ընտանիքը հովանավորել է այս նախագիծը՝ կարեւորելով հայ դասականների գործերի էկրանավորման անհրաժեշտությունը: Այսօր ֆիլմը ամենամատչելի միջոցն է հոգեւոր արժեքները հասարակությանը հասցնելու համար: Ազգային կամ հայրենասիրական որեւէ լուրջ նախագիծ մենք միշտ էլ հովանավորելու ենք»:
Ֆիլմի պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում՝ առանց ավելորդ բրավոների ու սուլոցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել