Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպարտիեն եւ «Կարոտը»

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"Oրերս Երեւան էր ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեն, որը շաբաթ օրը  մասնակցեց «Կարոտ»  փառատոնի գալահամերգին: Նա Հայաստան էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, ում հովանու ներքո էլ անց էր կացվում  «Կարոտը»: «Այս միջոցառումն անցկացվում է Հայաստանում, երկիր, որի մասին շատ եմ լսել: Ֆրանսիայում ծանոթ եմ բազմաթիվ հայերի, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ընկերներ ունեմ արդեն 4-րդ սերնդի ֆրանսահայերից, ովքեր չնայած ծնվել եւ մեծացել են Ֆրանսիայում, սակայն շարունակում են պահպանել հայկական ավանդույթներն ու լեզուն, խոսում են հայերեն եւ ֆրանսերեն: Այս ամենն այն բանի շնորհիվ է, որ հայերը հավատարիմ են իրենց նախնիների ստվերներին: Մինչ այստեղ գալն այցելեցի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ես Ֆրանսիայում ճանաչում եմ 25 տարեկան հայ երիտասարդների, ովքեր, ծնվելով եւ կրթություն ստանալով Ֆրանսիայում, ցանկանում են վերագտնել իրենց կորուսյալ հայրենիքը»,- լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասել է Դեպարտիեն: Արտիստի այցի հետ ուրվագծվել են ծրագրեր, խոսք  է գնացել համատեղ կինոարտադրության ու կինոփառատոնի մասին: Անվանի կինոդերասանը կարծիք է հայտնել, թե կարելի է լուրջ դերեր կերտել կինոյում՝ հայ դասականների գործերի հիման վրա:
Դառնալով «Կարոտ» փառատոնին, հավելենք, որ հետմահու «Հայ մշակույթի կորիֆեյ» մրցանակներ հանձնվեցին Մինասին, Լեոնիդ Ենգիբարովին, Մհեր Մկրտչյանին, կենդանի լեգենդներ Վանուշ Խանամիրյանին, Էդվարդ Միրզոյանին եւ այլոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել