Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակները»

Սեպտեմբեր 07,2010 00:00

Վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակներ» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է հուլիսի 30-ին: Դահլիճը լեփլեցուն էր, facebook-ը եւս առատ՝ հիացական արտահայտություններով, բայց ինձ ներկայացումն այնքան էլ դուր չեկավ: Վարդանը հումորային հզոր առկայծումներ ունի, ինչը չես կարող ասել կոնկրետ այս ներկայացման մասին: Իհարկե, մյուս կողմից էլ, մեծ համարձակություն է պետք հսկա լսարանի առաջ ներկայացնել սեփական արկածները Փարիզում՝ սկսած մետրոյում երգելուց, վերջացրած փողոցում ծաղիկ վաճառելով: Ամեն արտիստ չի ցանկանա սեփական ձախողումներն ու հաջողությունները հանրության սեփականությունը դարձնել: Վարդանը այստեղ մի հսկա պլյուս ուներ. առավելագույնս անկեղծ էր հանդիսատեսի առաջ: «Ճակատագրի կատակներում» զվարճալի դրվագներ կան՝ կապված առաջին սիրահարության, առաջին բեմելի, Արամայիս Սահակյանի, Խորեն Աբրահամյանի եւ այլոց հետ: Ամենահետաքրքիրն էլ այն է, որ ամեն անգամ, երբ Փարիզում հաղթահարվել է որեւէ լուրջ փորձություն, որը կարող էր էապես փոխել արտիստի կյանքը, ճակատագրի բերումով ստիպված է եղել վերադառնալ Հայաստան:
Պրեմիերայից առաջ կայացած ասուլիսում Վ. Պետրոսյանն ասել էր, թե, իր համոզմամբ, Հայաստանում մշակութային դաշտը աշխուժացման փուլում է` համեմատած 1994-1996 թթ. հետ: Նաեւ հավելել, որ պարտադիր չէ՝ թատրոնները լեփ-լեցուն լինեն. «Դատարկ դահլիճներ միայն Երեւանում չեն. լինում են նաեւ Ֆրանսիայում, այլ երկրներում»: Նա միշտ այն կարծիքն է հայտնում, թե մշակույթը կարող է հսկայական գործ կատարել մարդու մեջ հայրենասիրական գաղափարներ սերմանելու եւ այսօրվա երիտասարդությանը դեպրեսիայից հանելու համար, որը հիմնականում առաջանում է նյութապաշտությունից: Կարծում ենք, Վարդանին հաջողվում է իր ներկայացումներով դեպրեսիայից հանել շատերին ու, ամենակարեւորը, վարակել լավատեսությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել