Կամերային նվագախմբի «ոդիսականը» շարունակվում է
«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանն են հանձնվել Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ «Տաղարան» անսամբլը՝ առաջիկայում Ազգային կամերային երաժշտության կենտրոն ստեղծելու նպատակով: 2010թ. հունվարից Կամերային երաժշտության տան տնօրինության տակ է գտնվում ընդամենը մեկ կոլեկտիվ՝ Ռ. Մլքեյանի ղեկավարած կամերային երգչախումբը: Փաստորեն, համերգային միավորումների ձեւավորումը կբերի նրան, որ Կամերայինի ներքո գտնվող 3 կոլեկտիվները «կեսազրկվեն»՝ հայտնվելով աղքատ ազգականի կարգավիճակում: Նկատենք, որ, ինչպես տապալվեց ազատ բեմի գաղափարը Մայր թատրոնում՝ «կառավարական» երաշխիքների բացակայության պատճառով, նույնն էլ այս պարագայում է սպառնում:
Ստեղծվելիք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հնարավոր տնօրեն Արման Ծատուրյանը «Առավոտի» դիտարկմանը, թե կենտրոնը ներառելու է միայն երեք կոլեկտիվ, ասաց. «Կենտրոնը ընդգրկելու է Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր», Հարություն Թոփիկյանի ղեկավարած երգչախմբերը եւս: Մինչ օրս այս կոլեկտիվները չունեին կանոնադրություն եւ դրոշմակնիք, ինչը նրանց կտրվի առաջիկայում…»: Հայաստանի կամերային նվագախումբը այսօր ղեկավարող ֆրանսաբնակ ճանաչված դաշնակահար Վահան Մարտիրոսյանի (լուսանկարում) անվան շուրջ շրջանառվող ասեկոսեներին, թե նա առաջիկայում ստանձնելու է նվագախմբի գեղարվեստական ղեկը, պարոն Ծատուրյանն ընդամենն ասաց. «Համերգի հայտագիրը միայն երկու օր առաջ տարածելու մեղքը մերն է, իսկ Կամերային նվագախմբի համերգը նրա հերթական ելույթն է»:
ՀՀ պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Ծփնեցյանն էլ հայտնեց, թե ավելի քան մեկ տարի անտերության մատնված կամերայինը միայն սեպտեմբերի 1-ին, երբ արձակուրդից վերադարձավ աշխատանքի, տեղեկացանք, որ դեռեւս օգոստոսի սկզբներին որոշում է եղել իրենց Կամերային տան տնօրինության կազմի մեջ ընդգրկել:
Նա հավելեց, որ երբ նախարարությունից խնդրել է որոշման պատճենը, այնտեղ կնիք է եղել՝ վրան հարցական նշանով. «Համապատասխան հարցումից հետո ինձ ասացին, որ էլեկտրոնային փոստով նման փաստաթղթերը ստացվում են այդ ձեւով: Ասեմ նաեւ, որ կոլեկտիվի մի մասը համաձայն է այդ որոշմանը, մյուս մասը՝ ոչ: Բայց դա չէ ամենակարեւորը, 1963թ. մեծանուն Զարեհ Սահակյանցի, այնուհետեւ Ռուբեն Ահարոնյանի, ապա Ղարաբեկյանի ղեկավարությամբ այս հռչակավոր կոլեկտիվը, փաստորեն, տարրալուծվում է: Իսկ Վահան Մարտիրոսյան դաշնակահարին Կամերայինի տնօրինությունը չի հրավիրել…»:
«Առավոտը» կապվեց նաեւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանի հետ, որը 2007- 2008թթ. ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ շուրջ մեկ տարի հանդիսանում է Նորմանդիայի մայրաքաղաք Կաննի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրան հարցրինք՝ Կամերայինի հետ այս «շուտափույթ» համերգը պայմանավորված է իր՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնելո՞ւ ակնկալիքով: Մեր զրուցակիցն ասաց. «Կամերայինի հրավերով ժամանել եմ Երեւան եւ ղեկավարելու եմ ընդամենը մեկ համերգ: Հաջորդ քայլերի մասին պետության, նախարարության, թե Կամերայինի տնօրինության՝ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ անմիջապես մեկնելու եմ Ֆրանսիա, հետո վերադառնալու եմ՝ մասնակցելու «Երեւանյան 4-րդ դասական երաժշտության փառատոնին»: