Բասկ անջատողականների ETA խմբավորումը կիրակի օրը հայտարարել է, որ Բասկերի երկրի անխակության համար պայքարի շրջանակներում «զինված հարձակումներ չիրականացնելու» մասին որոշում է ընդունել: BBC-ի փոխանցմամբ, գործակալության տրամադրության տակ հայտնված բացառիկ տեսագրության մեջ ETA-ի ներկայացուցիչները պնդում են, թե մտադիր են Իսպանիայից անկախության հասնել խաղաղ եւ ժողովրդավարական մեթոդներով: Սակայն հայտնի չէ, թե խմբավորման այդ հայտարարությունը ժամանակավո՞ր, թե՞ մշտական բնույթի է:
Իսպանիայի կառավարությունն արձագանքելով այս հայտարարությանը՝ այն համարել է անբավարար եւ կասկածահարույց: Երկուշաբթի օրը երկրի ՆԳ նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան TVE հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ խոսքը բավարար չէ, եւ որ կառավարությունն ու հասարակությունը թերահավատ են ահաբեկիչների հայտարարության առնչությամբ. «Որպեսզի մենք նրանց հավատանք, պետք է հնչի հետեւյալ արտահայտությունը՝ ETA-ն վերջնականապես եւ անշրջելիորեն դադարեցնում է բռնությունը: Հակառակ դեպքում՝ հերթական հաշտության մասին հայտարարություններն իրականում ահաբեկիչների համար շունչ քաշելու՝ բռնություններին վերադառնալու համար ուժ հավաքելու նպատակ են հետապնդում»:
Հիշեցնենք, որ Բասկերի երկրի անկախության համար ETA-ի բազմամյա զինված պայքարի արդյունքում Իսպանիայի հյուսիսում ավելի քան 820 մարդ է զոհվել: