Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել Թուրքիայում «Անատոլիայի արծիվ» անունը կրող ռազմական վարժանքներին: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը, Անկարայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ռազմական վարժանքներից հրաժարվելը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը Թուրքիայի տարածքում արդեն մասնակցել են երկու վարժանքների եւ հիմա նրանց առջեւ այլ խնդիրներ են դրված:
Աղբյուրի մատուցմամբ, կարծիք կա, թե ԱՄՆ-ն «Անատոլիայի արծիվ» ուսումնական վարժանքներին մասնակցելուց հրաժարվում է Իսրայելի պատճառով, որի հետ ռազմական համատեղ վարժանքներին մասնակցելուց Թուրքիան հրաժարվել էր:
Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե ԱՄՆ-ն չի մասնակցելու համատեղ վարժանքներին՝ հավելելով, թե դրանց հրավիրված է նաեւ Իսրայելը: