Վատիկանը հայտարարել է, թե մտադիր է պաշտոնապես դիմել Թեհրանին՝ խնդրելով խնայել իրանցի կնոջը, որը ամուսնական դավաճանության համար դատապարտվել է քարկոծման եղանակով մահապատժի:
Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները՝ Սակինե Մոհամմադի Աշտիանիի գործին միջամտելու իրենց ցանկության մասին հայտարարել են այն բանից հետո, երբ պարսկուհու որդին իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում օգնություն է խնդրել:
Դատապարտյալ կնոջ զավակը՝ Սաջադ Հադերզադեն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին եւ Իտալիայի կառավարությանը խնդրել է օգնել՝ փրկելու մոր կյանքը:
BBC-ի մատուցմամբ, ի պատասխան՝ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, թե գործին ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ է հետեւում: «Մահապատժի դեմ եկեղեցու առարկություններ ունենալու փաստը հայտնի է, իսկ քարկոծման եղանակով մահապատժի ենթարկելը դրա առավել դաժան ձեւն է»,- հայտարարել է Լոմբարդը՝ հավելելով, թե Վատիկանը պարսկուհու կյանքը փրկելու համար կարող է օգտագործել իր դիվանագիտական խողովակները: Այդուհանդերձ, Վատիկանը Թեհրանին պաշտոնապես դեռ չի դիմել:
Իր հերթին Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինին Թեհրանին կոչ է արել մտածել «գթասրտության ակտի մասին»:
Հիշեցնենք, որ Աշտիանիի նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ հայտարարելու պահանջով ամբողջ աշխարհում ծավալված արշավին են միացել տարբեր երկրների արվեստի եւ գիտության գործիչներ: Արդյունքում Թեհրանը հուլիսին հայտարարեց, թե կնոջը չեն քարկոծի, բայց որոշ դիտորդներ մտավախություն ունեն, որ նրա նկատմամբ մահապատիժը, այնուամենայնիվ, կիրականացվի եթե ոչ քարկոծմամբ, ապա կախաղանի միջոցով:
Աշտիանիի որդին հայտարարել է նաեւ, թե մայրը դատապարտվել է նաեւ մտրակի 99 հարվածի՝ այն բանից հետո, երբ բրիտանական Times թերթը հրապարակել է նրա լուսանկարը, որտեղ Աշտիանին, իբր, առանց գլխաշորի է: Իհարկե, ավելի ուշ թերթը հայտարարել էր, թե հրապարակված լուսանկարը ոչ թե Աշտիանիի, այլ մեկ այլ կնոջ լուսանկարն է եղել: