Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Սեպտեմբեր 07,2010 00:00

Կիրակի օրը Մոլդովայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ճանաչվել է չկայացած՝ ընտրողների ցածր մասնակցության պատճառաբանությամբ: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Յուրի Չոկանը: Հիշեցնենք, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխության համաձայն, Մոլդովայի նախագահն ընտրվում է ոչ թե երկրի խորհրդարանի կողմից, ինչպես սահմանված է գործող մայր օրենքով, այլ՝ համընդհանուր ընտրությունների արդյունքում:
Դեռ անցած տարվա գարնանից ի վեր Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Մոլդովան, քաղաքական ճգնաժամ է ապրում: Բանն այն է, որ քաղաքական ուժերի հակամարտության արդյունքում խորհրդարանին չի հաջողվում երկրի նախագահ ընտրել: Սկզբում ընտրություններում հաղթած Կոմունիստական կուսակցությանը մեկ ձայն չբավականացրեց նախագահ ընտրելու համար, իսկ արտահերթ ընտրություններից հետո էլ, որի արդյունքում հաղթեց արեւմտամետ ընդդիմադիր դաշինքը, չհաջողվեց նախագահ ընտրել:
Հուլիսին, «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքը Եվրամիության աջակցությամբ առաջարկեց սեպտեմբերի 5-ին համաժողովրդական հարցման ներկայացնել երկրի նախագահին համաժողովրդական ընտրություններով ընտրելու հարցը, սակայն կոմունիստների կուսակցությունը իրենց ընտրազանգվածին կոչ արեց բոյկոտել հանրաքվեն:
Մոլդովայի ԿԸՀ նախագահ Չոկանը հայտարարել է, թե ընտրողների մասնակցությունը հանրաքվեին կազմել է ընդամենը 29,34 տոկոս, այն դեպքում, երբ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,34 տոկոսը: Իհարկե, հանրաքվեի վերջնական եւ պաշտոնական արդյունքը հայտնի կդառնա մոտ օրերին, բայց այն խոշոր հաշվով արդեն ստացված արդյունքն էապես փոխել չի կարող. խոսքը կարող է գնալ միայն տասնորդական տոկոսների մասին:
Մոլդովայի օրենսդրության համաձայն, երկրի նախագահի ընտրության կարգը փոխելու նպատակով սահմանադրական հանրաքվեի անցկացումն առաջիկա երկու տարիներին բացառվում է:
Հիշեցնենք, որ հիմա երկրի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Միխայ Գիմպուն, որը հանդես է գալիս Մոլդովայի եւ Ռումինիայի վերամիավորման եւ Մերձդնեստրից ռուսական զորքերը դուրս բերելու օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել