«Առավոտը» քանիցս անդրադարձել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի խնդրին. որոշ ուսուցիչների բնորոշմամբ՝ կրթօջախը վերածվել է «հոգեւոր աղետի գոտու»: Լիլյա Մարգարյանը, Մարգարիտ Իսպիրյանը եւ Լիանա Սիմոնյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրեն Ռուզան Ազիզյանին մեղադրում են իրենց իրավունքները ոտնահարելու մեջ: Տնօրենի՝ մամուլին տված զանազան պարզաբանումներում էլ հնչում է այն միտքը, թե բողոքողները հիմնականում մարդիկ են, որոնցից դժգոհ են եւ դպրոցի կոլեկտիվը, եւ աշակերտները, եւ նրանց ծնողները: Ի դեպ, մանկավարժները խմբագրություն են ուղարկել, իրենց պնդմամբ, տնօրենի արձակած ճիչի ձայնագրությունը՝ փաստելու համար, թե ինչ անհավասարակշիռ անձնավորություն է նա: Տնօրենի եւ ուսուցիչների վեճը հասել է դատարան: Խնդրին կրկին անդրադառնում ենք զուտ այն պատճառով, որ գնալով կրքերն ավելի են թեժանում: Մինչդեռ, ամեն դեպքում ճիշտ կլիներ, որ մանկավարժներն ու տնօրենը զբաղվեին իրենց բուն գործով՝ սերունդ կրթելով ու աշակերտներին գիտելիքներ տալով, ոչ թե կենցաղայնացնեին դպրոցը: Պատկերացնում ենք, թե այդ ամենն ինչպես է անդրադառնում կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի եւ աշակերտների դաստիարակության վրա: