ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ թուրքական քարոզչամեքենայի ու հայկական քայլերի մասին:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի մասին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում եւ Սփյուռքում քննարկումների մակարդակը 2 ամիսների ընթացքում դարձել էր պարզունակ եւ քննարկվում էր միայն գնալ-չգնալու հարցը: Մինչդեռ, ըստ բանախոսի. «Թուրքական քարոզչական մեքենային հաջողվեց շուրջ 2 ամիս թելադրել եւ ձեւավորել մեր օրակարգը, թուրքերը կարողացան մեզանում անցկացնել պառակտման նոր գծեր, որն ուներ մի քանի նպատակ»: Ինչպես արդեն հայտնի է, մատուցվելիք պատարագին Սուրբ Խաչի գմբեթին խաչ չի լինի: Թուրքական իշխանությունները դա բացատրեցին առաջացած տեխնիկական խնդիրների հանգամանքով, ինչը, թուրքագետի խոսքով՝ ծիծաղելի է, անլուրջ եւ ծաղրական: Խաչի չտեղադրումը թուրքական իշխանության կողմից՝ Ռ. Մելքոնյանը պայմանավորեց մի քանի հանգամանքով, որոնցից առանձնացրեց մեկը՝ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին է խոսքը, որը Թուրքիայի ներքաղաքական կյանքում ներկայումս ամենակարեւոր խնդիրն է. «Այս փոփոխություններին դեմ են արտահայտվում ընդդիմադիր քեմալական, ազգայնական կուսակցությունները, իսկ քրդերն առաջարկում են բոյկոտել այն: Այսինքն, իշխող կուսակցությունը պայքար է մղում թուրքական քաղաքական ներկապնակում ներկայացված գրեթե բոլոր ուժերի դեմ: Այս պայմաններում, բնական է, նա պետք է դիմի այնպիսի քարոզչական մեթոդների, որոնք կօգնեն իրեն բարձրացնել քաղաքական ռեյտինգը: Թուրքիայում հակահայկական, հակաքրիստոնեական տրամադրությունները միշտ էլ գերակշռել են եւ այս օրերին նույնպես գտնվում են գագաթնակետին: Ուստի, հայկական եկեղեցում խաչ տեղադրելը հասարակության մեջ ընկալվելու է բացասաբար եւ ազդելու է իշխող կուսակցության քաղաքական ռեյտինգի վրա»:
Ինչ վերաբերում է Մայր աթոռի՝ պատարագը բոյկոտելու քայլին, բանախոսի կարծիքով, դա ստեղծված վիճակում միակ ճիշտ, զուսպ եւ քաղաքականապես գրագետ որոշումն էր. «Մայր աթոռը հայտնվել էր բարդ իրավիճակում, թուրքերն արել էին շախմատային կոմբինացիոն քայլ, երբ ամեն լուծման դեպքում կորցնելու էինք ֆիգուրներից մեկին»: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մայր աթոռի՝ գմբեթի վրա խաչ տեղադրելու հավաստիացումները արվել էին Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ սրբազանի կողմից, ով ստանձնել էր թուրքական իշխանությունների եւ Հայաստանի միջեւ միջնորդի դերը: Պատարագին մասնակցելու է միայն Պոլսո պատրիարքությունը: Ըստ թուրքագետի, Պոլսո պատրիարքությանը եւ հայ համայնքին պետք է հուզի այն, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն մինչ այժմ իրավական հստակ կարգավիճակ չի տրվել եւ շարունակում է մնալ հուշարձան-թանգարան եւ իրենք գնում են պատարագի՝ չօծված, առանց խաչ՝ եկեղեցի-թանգարան:
Վերջերս Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ հայ-թուրքական արձանագրությունները նորից «կենդանացնելու» համար: Թուրքագետի ձեւակերպմամբ, մեր հարեւանի այս քայլը «Կոմեդիա է, հերթական խուսափողական քաղաքականության դրսեւորում եւ որեւէ կապ չունի իրականության ու տրամաբանության հետ: Դա նաեւ քայլ է՝ առաջիկայում Եվրոպայում եւ միջազգային տարբեր այլ կառույցներում Թուրքիայի հարցի քննարկման նախաշեմին, որով այդ երկիրը փորձում է իր իմիջը դարձնել հանդուրժող պետության իմիջ»:
Այս օրերին Երեւանում գտնվող թուրք փորձագետի՝ հայ լրագրողների համար դասախոսություն կարդալուն թուրքագետը դեմ է, կարծում է, որ այդ քայլով հնարավորություն է տրվում, որպեսզի թուրքական պաշտոնական տեսակետը եւս մեկ անգամ քարոզվի ոչ մասնագիտական լսարանում եւ այն չի կարող հայանպաստ լինել. «Այդ թուրքի խոսքում հնչել է «գրավված տարածքներ» տերմինը, որը հայտնվել է անգամ հայաստանյան եթերում: Սա անընդունելի եմ համարում եւ չեմ հավատում, որ որեւէ հայ փորձագետ կկարողանա գնալ եւ թուրքական հեռուստատեսությամբ մանրամասնությամբ խոսել Հայոց ցեղասպանության մասին եւ դրանից հետո Ստամբուլի փողոցներում քայլել, իսկ թուրք փորձագետը հանգիստ քայլում էր Երեւանի փողոցներում»: