Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԿԱՆ, ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՈՉ

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"Դասախոսների եւ մանկավարժների հանձնաժողովները «յոլա» չեն գնում

Այս տարի դասագրքերի մրցույթի կազմակերպման գործում նորամուծություն մտցվեց. մրցույթի ներկայացված դասագրքերն ընտրում էին երկու՝ գիտնականներից եւ մանկավարժներից կազմված հանձնաժողովները: Կրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը կազմակերպում է այս գործընթացը, հույս ուներ, որ նոր մեխանիզմը կաշխատի: Սակայն փորձը ցույց տվեց, որ այն այդքան էլ արդյունավետ չէր. ավագ դպրոցի հումանիտար հոսքի ռուսաց լեզվի եւ բնագիտական առարկաների դասագրքեր մրցույթի արդյունքում չընտրվեցին, քանի որ գիտնականների եւ մանկավարժների հանձնաժողովները սկզբունքորեն հակադիր կարծիքներ էին արտահայտել: «Առավոտը» զրուցեց նշված առարկաների դասագրքերի մրցութային հանձնաժողովների որոշ անդամների հետ, պարզելու՝ ի վերջո, ի՞նչն է եղել ձախողման պատճառը:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ  Պավել Բալայանը, որն իր կոլեգա-հանձնաժողովականների հետ  «դեմ» էր քվեարկել Տատյանա Իսկանդարյանի, Կարինե Դավթյանի, Նինա Հայրապետյանի, Կարինե Սարգսյանի եւ մի քանի այլ մասնագետների հեղինակած դասագրքին, «Առավոտին» ասաց. «Դասագիրքը բոլորովին չէր համապատասխանում ծրագրին: Որոշ բաժիններ ուղղակի ժամանակավրեպ էին, առկա էին բազում լեզվական սխալներ: Որպես մանկավարժ, դեկան, ես կամաչեի, որ այդ գիրքն անցներ մրցույթով: Ցավոք, տարիներ շարունակ այդ դասագիրքը աշխատել է դպրոցում՝ առանց մրցույթ անցնելու: Պատճառն այն է, որ այս դասագրքի հեղինակների մեջ կա մի անձ, որն աշխատում է ԿԳ նախարարությունում եւ ինքն էլ  սատար է կանգնում գրքին: Դպրոցների ուսուցիչներին էլ, որ գրքի մասին դրական կարծիք են հայտնել, էլի նախարարության աշխատակիցն է հավաքել՝ իր խմբից: Ի՞նչ է, մենք ուրիշ ուսուցիչներ չունե՞նք… Մրցույթի ներկայացված մյուս գիրքը, որը եւս չանցավ, մասնագիտական տեսանկյունից գոնե ընդունելի էր: Ցավոք, մեզանում անձերն ավելի շատ են հետաքրքրում, քան առարկան եւ բովանդակությունը: Թվում էր՝ ճիշտ է երկու հանձնաժողովով մրցույթ կազմակերպելը, բայց կրկին չստացվեց, որովհետեւ անձերն են ամեն ինչ որոշում: Արդյունքում տուժեցին դպրոցն ու առարկան: Ճիշտ կլիներ, որ ԿԳ նախարարը որոշում կայացնելուց առաջ լսեր նաեւ համապատասխան հանձնաժողովներին»:
Թիվ 109 դպրոցի ռուսաց լեզվի մասնագետ, մանկավարժների հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Սահակյանն էլ նույն դասագրքի մասին արտահայտեց իրենց հանձնաժողովի հետեւյալ կարծիքը. «Դասախոսների հանձնաժողովում ընդգրկված էին այնպիսի մարդիկ, ովքեր գործ չեն ունեցել դպրոցի հետ, չգիտեն դպրոցի աշխատանքը եւ որոշել էին, որ այդ դասագիրքը չի անցնում: Բայց մենք  աշխատել ենք այդ դասագրքով, գիտենք՝ ինչ արդյունքներ է այն տալիս, ուստի կողմ էինք դրա մուտքին: Հաշվի առնվեց նրանց կարծիքը, դա նշանակում է, որ մեզ ուղղակի ձեւական են  հրավիրել»:
Ավագ դպրոցի հումանիտար հոսքում այժմ չկան նաեւ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության դասագրքեր: Ֆիզիկայի դասագրքի գիտնականների մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Չուբարյանը նկատեց. «Մենք նման դասագրքեր գրելու փորձ դեռ չունենք, ուստի այս իրավիճակում կարելի էր փորձել հաջողված որեւէ դասագիրք թարգմանել: Կարծում եմ՝ իմաստ չունի, որ փոքր ազգերն ամեն ինչ իրենք ստեղծեն, գուցե կարելի էր չշտապել, հապճեպ դասագրքեր գրել»: Մեր հարցին՝  ավելի ճիշտ չէ՞ր ինտեգրված բնագիտական դասագիրք գրել հումանիտար հոսքի համար, պարոն Չուբարյանը պատասխանեց. «Դա բարդ է, տարբեր մակարդակի մարդիկ պիտի իրար հետ համախմբվեն: Դասագիրք գրելը պիտի ինքնանպատակ չլինի: Դրսում թարգմանելն ընդունված է. օրինակ՝ եվրոպական երկրները թարգմանում են ամերիկյան գրքերը: Մի խոսքով, ավելի լավ չէ՞ ուրիշից վերցնել, քան ընդհանրապես ոչինչ չունենալ: Փաստորեն, ուսումնական պլանով առարկան նախատեսված է, բայց դասագիրք չկա: Ի՞նչ են անելու. դա նախարարության խնդիրն է»:
Թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որը ֆիզիկայի դասագրքի մրցույթի մանկավարժների հանձնաժողովի անդամ է, խնդրի մասին ասաց հետեւյալը. «Ներկայացված դասագիրքը մեխանիկորեն էր պարզեցված, ծրագրի շարունակականությունը չէր ապահովում: Իսկ թարգմանելուն կողմ եմ, քանի որ զարգացած երկրներն ունեն պրակտիկա եւ ավելի որակյալ դասագրքեր են գրում, մանավանդ՝ այն առարկաների գծով, որոնց խնդիրը մենք այժմ չենք կարողանում լուծել»:
«Առավոտը» կրթական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց՝ գուցե մրցույթի (ի դեպ՝ դրանք բացառապես «փակ» մրցույթներ են) անցկացման մեխանիզմները ճիշտ չե՞ն ընտրված, դրա համար էլ այժմ ավագ դպրոցում դասագիրք չունենալու փաստի առաջ ենք կանգնած: «Մեխանիզմը նորմալ է, քանի որ 120 անուն դասագրքից մի քանիսը չեն անցել անցողիկ միավորներ չհավաքելու պատճառով»,- ընդամենն ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել