Հեռու չէ այն օրը, երբ ԱՊՊԱ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) տարօրինակ հապավումը Հայաստանի բնակիչների համար կդառնա սովորականի նման մի բան, ինչպես, օրինակ, ժամանակին ԲՇԳ-ն էր: Սակայն, եթե վերջինը բնակիչներից մշտապես փողեր էր կորզում՝ անկախ նրանց սեռից ու անգամ տարիքից, ԱՊՊԱ-ի պարագայում ողջ ծանրությունը, ստիպված, իրենց ուսերին պետք է վերցնեն ավտոմոբիլիստները: Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից ի վեր, ավտոմեքենայի ղեկին նստելու եւ «գազ տալու» համար պարտադիր է, որպեսզի ապահովագրական ընկերությունում ձեռք բերված ԱՊՊԱ վկայագիրը (Պոլիսը) մշտապես գտնվի ձեռքի տակ, ասենք, վարորդական իրավունքի եւ ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի կողքին: Այդպես է անում ողջ քաղաքակիրթ աշխարհը, պարտադիր կերպով «վճարելով» (ապահովագրվելով) իր ավտոմեքենայով որեւէ մեկին` հետիոտնին, ուղեւորին, մեկ այլ վարորդի կամ էլ նրանց գույքին, վնասներ պատճառելու ռիսկի դիմաց: Սակայն ապահովագրողների պրոֆեսիոնալ «լեզվով» անվանվող այս «ավտոգրաժդանկան» այնքան էլ էժան հաճույք չէ, տարեկան արժե մոտ 30 հազար դրամ:
«Այսօր մարդիկ լսելով ԱՊՊԱ-ի մասին, հաճախ են ընկնում մոլորության մեջ: Նրանց թվում է, թե սա իր էությամբ տրանսպորտային միջոցի ապահովագրություն է, միաժամանակ պնդելով, որ ավտոմեքենան ապահովագրելը՝ յուրաքանչյուրի անձնական գործն է: Հետեւաբար, պարտադիր ապահովագրության համար նախատեսված վճարները դիտվում են որպես ավտոմոբիլիստներից գանձնվող մի նոր, լրացուցիչ հարկատեսակ»,- պարզաբանում է Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկի՝ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը: Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Ղեկին նստած վարորդն ապահովագրում է ոչ թե իր ավտոմեքենան կամ «մետաղը», ինչպես նա է կարծում, այլ երրորդ անձանց հանդեպ իր պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) արդյունքում այդ անձանց պատճառված հնարավոր վնասների հետեւանքով: Երկար տարիների իր գործունեության ընթացքում «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն արդեն բավականաչափ փորձ է կուտակել՝ կապված ավտոապահովագրության ծայրահեղությունների հետ: Մեր քաղաքացիներից քչերն են կամավոր հիմունքներով օգտվում ապահովագրական ծառայություններից: Իրենց պատասխանատվությունն ապահովագրում են, հիմնականում, Հայաստանում աշխատող արտասահմանցիները, որոնց չես կարող մեղադրել փողեր հաշվել եւ սեփական բյուջեն արդյունավետորեն կառավարել չիմանալու մեջ: Նրանք գտնում են, որ ավելի լավ է այսօր վճարել 100 դոլար, քան հետագայում, այդ նույն «կանաչ» թղթադրամներով «մուծել» 10 հազար, եթե, հանկարծ, Աստված մի արասցե, տեղի ունենա անկանխատեսելին: Սա է, որ հանդիսանում է մարդկային համակեցության կարեւորագույն ձեւերից մեկը, յուրաքանչյուրիս սոցիալական պատասխանատվության կուլտուրան, ինչը մեր երկրում աստիճանաբար սկսել է ներարկվել, ելնելով արդի շուկայական պայմաններից: Իսկ պետությունն այս հարցում հանդես է գալիս միայն նախաձեռնողի, ինչպես նաեւ գործընթացն առաջ մղողի դերում:
Ի՞նչ հաճախականությամբ ենք մենք լսում երթուղային տաքսիների վթարների մասին, անգամ մարդկային զոհերով: Դեպքերը քիչ չեն: Սակայն երթուղային գծի ոչ մի սեփականատեր չի ապահովագրում իր պատասխանատվությունը, հույսը դնելով «բախտի քմահաճույքին», միաժամանակ՝ խորապես «թքած ունենալով» իր ծառայությունից օգտվող ուղեւորների վրա: Հատկապես այդ «բախտի քմահաճույքներին» է, որ կառավարությունն ուզում է վերջ տալ, աշխատելով վարչարարական անօգուտ լծակները համալրել պատասխանատվության ավելի արդյունավետ, շուկայական մեխանիզմներով: Առաջին փուլում` առաջիկա 2-3 տարիներին, դրանք բոլորի համար էլ նույնը կլինեն, սակայն հետագայում կսկսեն աշխատել ԱՊՊԱ-ի կոշտ, շուկայական մեխանիզմները, երբ անփույթ վարորդներն ու, մանավանդ, նրանց անտարբեր գործատուներն ստիպված կլինեն դառնալ ավելի «առատաձեռն», հակառակ դեպքում՝ ոչ մի ապահովագրական ընկերություն իր վրա չի վերցնի նախապես «վտանգավոր» համարվող հաճախորդների սպասարկման բարձր ռիսկերը: Այդ ժամանակ մենք այլեւս չենք երթեւեկի 15 տարվա հնամաշ երթուղային տաքսիներով, որոնք կասկածելի տեխսպասարկում են անցնում՝ որոշակի «վճարների» շնորհիվ: «Շատ հաճախ պրոբլեմը կապված է մեր, այսպես կոչված, «ազգային յուրօրինակության» կամ անպատասխանատվության մենտալիտետի հետ»,- նշում է Լեւոն Ալթունյանը, պարզաբանելով, որ այսօր, տրանսպորտային միջոցների կամավոր ապահովագրության պայմաններում էլ, բարձր ռիսկային խմբեր են հանդիսանում տաքսի-ծառայությունները, հասարակական եւ անգամ կորպորատիվ տրանսպորտը, քանի որ այս ոլորտների վարորդներն իրենց թույլ են տալիս տրանսպորտային միջոցը վարել ավելի անզգույշ, քան դա կանեին սեփական ավտոմեքենան վարելիս: «Մի քանի տարուց, երբ մենք կունենանք ԱՊՊԱ գծով պաշտոնական վիճակագրություն, ավտոտնտեսությունների սեփականատերերը ստիպված կլինեն անցնել անվտանգության ավելի կոնկրետ եւ կոշտ միջոցների, հակառակ դեպքում՝ նրանք ստիպված կլինեն մոռանալ ոչ միայն գերշահույթների, այլ ընդհանրապես իրենց բիզնեսի մասին: Այդ ժամանակ էլ անվտանգության մակարդակը մեր փողոցներում կբազմապատկվի»,- նշում է Լեւոն Ալթունյանը: