Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Սիրային պատմություններ՝ Արարատ լեռան եւ մարդկանց մասին

\"\"

Սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010

Ուրբաթ առավոտյան ընկերոջս՝ Իսմայիլի հետ ցանկացանք տեսնել որոշ վայրեր՝ հատկապես Հանրապետության հրապարակը: Սկզբում գնացինք հրապարակի հարակից վայրերը: Գնացինք մեր մյուս լրագրող ընկերոջ մոտ, բայց իմացանք, որ նա արձակուրդում է ու փորձեցինք Մոսկովյան փողոցում մեկ այլ հասցե գտնել: Այս փողոցում, որը Օպերայի հրապարակի արեւմտյան կողմում է, մենք պետք է հանդիպեինք մեր ընկերոջը՝ Շուշանին, ով «Զրուցակից» թերթի լրագրող է: Երկար փնտրտուքից հետո գտանք հասցեն, բայց տեսանք, որ խմբագրությունը փակ է: Լրատվական շատ ընկերություններ հիմնականում թողնում են իրենց աշխատանքը, երբ ամառն է գալիս: Շենքի դիմաց գտնվող այգում նստած՝ ես sms ուղարկեցի Շուշանին եւ անմիջապես ստացա պատասխանը: Պայմանավորվեցինք հանդիպել Աբովյան փողոցում, ժամը 21-ին: Իսկ մինչ այդ որոշեցինք մի հրաշալի վայր՝ Կասկադը տեսնել եւ մեր ճանապարհը շեղեցինք դեպի օպերա: Կասկադը մի վիթխարի բրգաձեւ կառույց է, որտեղից կարող ես տեսնել ամբողջ Երեւանը: Մուտքի երկու կողմերում էլ քանդակներ են դրված: Հետո գնացինք հուշակոթողի ներքեւում գտնվող ցուցահանդեսը տեսնելու, որտեղ պոստմոդեռն արվեստի գործեր էին ցուցադրված: Մի աղջիկ մեզ մոտեցավ ու սկսեց ներկայացնել այն աշխատանքը, որն այդ պահին նայում էինք: Դրանից հետո զրույցը անձնական բնույթ ստացավ, ու նա հարցրեց, թե որտեղի՞ց ենք: Երբ իմացավ, որ թուրք ենք, ժպտաց ու ասաց, որ ամենաքիչը այստեղ թուրքերն են այցելում: Նա կանաչ աչքերով լիբանանահայ աղջիկ էր, ով փորձեց մեզ հաղորդակից դարձնել հայ մշակույթին: Իսկ երբ գտնվում էինք այն սրահում, որտեղ արվեստի մի շարք գործերում պատկերված էր հարգված միրգը՝ նուռը, նա մի քանի զվարճալի անեկդոտներ պատմեց: Մենք տեղեկացանք նաեւ, որ հայկական մշակույթում կա նման համոզմունք՝ եթե հարսը նուռը նետի հատակին, կունենա այնքան երեխա, որքան նռան հատիկներ կթափվեն: Այն բաժնում, որտեղ նկարագրություններն են Նոյյան տապանի ու Ագրիի՝ Արարատ լեռան մասին, նաեւ հիշատակվում է, որ լեռը վիճաբանությունների առարկա է: Բայց իրավիճակը երկու կողմերի համար էլ նույնն է: Լեռը պատկանում է բոլոր այն մարդկանց, որոնք ապրում են այդ տարածքում: Թանգարանից դուրս գալով, սկսեցինք բարձրանալ Կասկադի գագաթը: Սա սիրահարների հանդիպման մի վայր է, որոշների համար՝ ամուսնության առաջարկություն անելու, ոմանց համար էլ հաշտվելու, միմյանց հետ խաղաղ դաշն կնքելու վայր է: Այն մարդկանց հիշեցնում է Սիրո շատրվանը Հռոմում: Կասկադի՝ շատրվաններով այգի հիշեցնող 4 կամ 5 հարկերը, անշուշտ, սիրահարներին գրավող գլխավոր կենտրոնն է: Կասկադի ամենավերին կետը հասնելով նստեցինք՝ մեր հոգնությունը թոթափելու համար: Նաեւ ուզում էինք տեսնել Ագրին՝ Արարատ լեռը, որը ամոթխածորեն թաքնվել էր: Երեւանը սիրահարված է Ագրիին՝ Արարատին: Սա անհրաժեշտ ու խիստ կարեւոր է Երեւանի համար: Բայց, ցավոք, Երեւանը չի կարողանում տեսնել Արարատը, որովհետեւ ամռանը այն մի տեսակ շղարշված է, իսկ ձմռանը՝ ամպամած: Մենք մտածեցինք, որ դա Երեւանի անհաջողությունն է ու սկսեցինք վերեւից դիտել ամբողջ քաղաքը:
Ընդհանուր առմամբ, քաղաքն այս պատկերն ուներ. մեծ շինարարական կռունկները դեպի երկինք են խոյանում, շինարարությունն արագ առաջ է ընթանում, եւ այդ շինությունների վրա արտացոլված են սոցիալական ու քաղաքական նոր գաղափարները: Կասկադի ներքեւում կյանքը մարդկային պայքար էր թվում՝ կյանքի արագությունը, տեմպը պահելու համար, բայց մի քիչ հեռվում այլ տեսարան էր, այնտեղ Երեւանն էր իր ազդեցիկ պատմությամբ՝ նման ամոթխած սիրահարի, ով փորձում էր ինչ-որ բան ասել:
Գնալու ժամանակն էր, եւ աստիճաններով ներքեւ իջանք: Մեր առջեւի շքեղ շինությունները մեզ հանդարտություն էին հաղորդում՝ նախքան հանգստանալու գնալը: Մինչ Աբովյան փողոց հասնելը՝ մեկ անգամ եւս հասկացանք, թե մարդիկ ինչքան բարեհամբույր են: Ումից ճանապարհն էինք հարցնում, մեզ փորձում էին բացատրել, նույնիսկ՝ եթե օտար լեզվի չէին տիրապետում, կամ այնպես էին անում, որ հենց իրենց դիմենք հասցեն պարզելու համար: Մինչ նայում էինք «Մոսկվա» կինոթատրոնի ու «Մոսկաֆե» սրճարանի առջեւ տեղադրված արվեստի հետաքրքիր գործերը, մի քիչ այն կողմ նկատեցինք թուրքերի, ովքեր պատմում էին Երեւանի մասին իրենց տպավորությունները թուրքական լրատվամիջոցին՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ նախընտրում են ապրել: Անժխտելի է, որ Թուրքիայից ժամանողները նախընտրում են հանգրվանել կամ «Մարիոթում» կամ էլ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, եւ փորձում են մարդկանց ուսումնասիրել այնտեղից:
Մտածեցինք պիցցա ուտել՝ մինչեւ Շուշանին հանդիպելը: Երբ պիցցերիայում բացեցինք մենյուն եւ տեսանք նրանում թուրքական ճաշատեսակների անվանումներ, չզարմացանք: Պատերին հայ կինոդերասանների լուսանկարներ էին: Երբ պատվիրում էինք՝ ներս մտան Շուշանն ու Միհրանը: Հին ծանոթների նման միմյանց ձեռքերը սեղմելուց հետո՝ մեր ընկերներին հրավիրեցինք սեղանի շուրջ նստել: Փորձում էի եւ ուտել, եւ զրուցել, բայց չհավանեցի պիցցայի համը ու սկսեցի տոմատի հյութ խմել: Մեր ընկերներն առաջարկեցին ավելի լավ վայր գնալ եւ մենք համաձայնեցինք: Գնացինք գրախանութ-սրճարան: Իսմայիլը նստեց Շուշանի կողքին: Բայց Շուշանի ընկերը՝ Միհրանը, ցանկացավ, որ ինքը նստի Շուշանի կողքին:
Շուշանը լրագրող է: Միհրանն աշխատում է մասնավոր ընկերությունում՝ որպես համակարգչային ինժեներ: Մեր զրույցի ընթացքում Շուշանն ու Միհրանը թուրքերեն ներկայացնում էին միջավայրը: Մենք պատմեցինք նրանց, որ հայաստանցիները նման են թուրքական քաղաքների՝ Էրզրումի, Վանի, Մալաթիայի բնակիչներին: Ադրբեջաներենը եւս դարձավ մեր խոսակցության նյութը: Խոսեցինք երկու լեզուների մեջ առկա նմանությունների մասին: Զրույցի ընթացքում չանդրադարձանք ոչ 1915- թվականին, ոչ էլ ղարաբաղյան կոնֆլիկտին: Նոր սերունդն ավելի լայնախոհ եւ երկխոսության կողմնակից է: Նրանք կարծում են, որ խնդիրները կարող են լուծվել ընդհանուր զրույցի շնորհիվ: Ես հարցրի ընդդիմադիր կուսակցությունների մասին, հատկապես՝ Դաշնակցության: Ընդդիմադիր կուսակցության որոշ խմբավորումներ մեղադրում էին ղեկավարությանը՝ կառավարությանը դավաճանելու մեջ եւ ստեղծեցին նոր ընդհանուր ճակատ: Բայց իշխանությունը կարեւորում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը: Բայց քաղաքական խնդիրները խանգարում են երկխոսությանը, որովհետեւ կա արյունահոսող վերք՝ ղարաբաղյան կոնֆլիկտը: Իսմայիլի հետ մեր ճանապարհն ուղղեցինք Հանրապետության հրապարակ, որ այնտեղից գնանք Էրեբունի: Երբ մեքենա նստեցինք, մեր տպավորություններն ու ուսումնասիրությունները նոր գաղափարների ծնունդ տվեցին: Երթուղայիններն այստեղ ունեն ցերեկային եւ գիշերային գներ՝ համապատասխանաբար 100 դրամ եւ 200 դրամ: Եկամուտ ստանալու անհրաժեշտ մեթոդ է: Հենց որ սկսեցի մտածել, թե այս մեթոդը ոնց կգործի Թուրքիայում, հեռախոսս զանգեց… Առաջին մարդն էր, որ Երեւանում ինձ զանգեց: Նրա անունը Դիանա էր, ում ինձ ներկայացրել էր Անկարայում իմ ինստրուկտորը: Կատարյալ թուրքերենով նա ասաց. «Բարի գալուստ Երեւան, Մեհմեդ: Ինչ-որ բանի կարիք ունե՞ս: Այնտեղ, որտեղ ապրում ես, հարմարավե՞տ է»: Երբ ասացի, որ ամեն ինչ կարգին է, պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը «Դայմոնդ» սրճարանում:
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել