Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքները գոհացուցիչ չեն

Սեպտեմբեր 07,2010 00:00

2009-2010 ուստարվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի Կապանի եւ Գորիսի մասնաճյուղերում, դպրոց-կենտրոններում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 2378 ուսուցիչ՝ մեկից ավելի թեմատիկ ուղղվածությամբ: Սակայն, ինչպես հավաստում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, վերապատրաստումները չեն ապահովում անհրաժեշտ արդյունքներ: «Հսկայական գումարներ են ծախսվում մարզի ուսուցիչների վերապատրաստման համար, սակայն արդյունքը դեռեւս գոհացուցիչ չէ: Կամ էլ վերապատրաստողին չի հետաքրքրում, թե վերապատրաստված ուսուցիչներն ինչ արդյունքների են հասնում դպրոցում, ով է դրա վերահսկողը»,- նշում է պարոն Հարությունյանը:
Սյունիքի մարզի հանրակրթական հաստատություններում աշխատում է 2393 ուսուցիչ, որոնց 72 տոկոսն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, իսկ 456 ուսուցիչ՝ միջին մասնագիտական մանկավարժական կրթություն:
Նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ մարզում 168-ով ավելացել է բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչների թիվը, ինչը կրթության պատասխանատուները հիմնականում պայմանավորում են Գորիսի պետական համալսարանի մանկավարժական դեպարտամենտում հեռակա ուսուցման կազմակերպմամբ: Վերջին 3 տարիներին մարզի դպրոցները համալրվել են շուրջ 279 երիտասարդ մանկավարժ կադրերով: Կրթության պատասխանատուները մտահոգիչ են համարում մարզի կրթօջախներում տղամարդ մանկավարժների սուր պակասը. Սյունիքում մանկավարժների 77%-ը կանայք ու աղջիկներ են, իսկ այսօր դպրոցին խիստ անհրաժեշտ է դարձել տղամարդու խստաբարո հայացքը: Կա նաեւ այլ լուրջ խնդիր: «Ավագ դպրոցներում ավելացել է դասարանների թիվը, բայց դպրոցները չեն համալրվել համապատասխան քանակի մանկավարժներով, ուսուցիչներին աշխատանքով ապահովելու խնդիրը դժվարացել է հիմնական դպրոցներում, եւ բարձր դասարաններում դասավանդող լավագույն շատ ուսուցիչներ կանգնել են դպրոցը թողնելու խնդրի առջեւ»,- ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել