Ջրմուղի պատասխանատուները «գուբախտո՞ւմ» կհյուրընկալվեն
Ա րմավիրի մարզի Հայկաշեն համայնքով անցնող խմելու ջրի խողովակատարի մի հատվածը արդեն երկու շաբաթ է՝ ինչ վնասվել է, եւ ջուրն անխնա հոսում է դեպի շրջակա մշակովի հողատարածքները: Ջուրն այս ընթացքում այնքան է հոսել, որ կուտակվելով խողովակատարին հարակից գյուղացիների կողմից մշակվող առվույտի (յոնջա) արտերում, ըստ գյուղացիների, կամաց-կամաց ճահճի է վերածվում:
Թե ինչն է խողովակի վթարի պատճառը, դեռեւս հայտնի չէ, սակայն հնարավոր պատճառ կարող են լինել խողովակատարի այդ հատվածում կատարվող աշխատանքները: Այս օրերին «Խաչատուր Բիտենց գրուպ» ընկերությունը նշված հատվածում իրականացնում է խողովակատարերի փականների փոխման եւ վերանորոգման աշխատանքներ եւ այդ նպատակով համապատասխան տեխնիկա է կիրառում, այդ թվում՝ էքսկավատոր:
«Խաչատուր Բիտենց գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը չբացառեց, որ վթարը կարող էր առաջանալ իրենց կողմից իրականացվող աշխատանքների հետեւանքով: Նա նաեւ նշեց, որ վթարի մասին տեղյակ են պահել «Երեւանջուր» ընկերությանը: «Խաչատուր Բիտենց գրուպի» աշխատակիցները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել, սակայն ջրի հոսքը չի դադարում: Համայնքի բնակիչների խոսքով՝ Հայկաշենի գյուղապետը դեպքի մասին տեղյակ է պահել Արմավիրի մարզպետին, ով իր հերթին դիմել է համապատասխան մարմիններին՝ վթարի հետեւանքները վերացնելու ակնկալիքով: Գյուղացիները հույս ունեն, որ տարածքային կառավարման նախարարությունը միջոցներ կձեռնարկի՝ իրենց հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ:
«Երեւանջուր» ընկերությունից խոստացել են, որ սեպտեմբերի 6-ից սկսվելու են վթարի հետեւանքները վերացնելու աշխատանքները եւ նկատել են, եթե այս պահին փակեն ջրի ակունքը, ապա Երեւանի կեսից ավելին մի քանի օրով կջրազրկվի: Երեկ Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ «Երեւանջուր» ընկերությունն արդեն սկսել է վթարի վերացման աշխատանքները, մասնավորապես դադարեցվել է նշված խողովակաշարով ջրամատակարարումը: «Մի՞թե ավելի նպատակահարմար չէ թեկուզ երկու օրով տեղի ունենա ջրազրկում, քան թանկարժեք հեղուկն անխնա հոսի: Եթե ջրի պարտք ենք ունենում՝ անմիջապես «ջրի մարդը» գալիս է կանգնում գլխներիս, բայց քանի օր է ջուրը անխնա հոսում-կորչում է, ոչ մեկի պետքը չի»,- նկատեցին վրդովված հայկաշենցիները: Հայկաշենցիները պատմում էին նաեւ, որ փորձել են սեփական ուժերով վերացնել վթարի հետեւանքները, սակայն նրանց սպառնացել են՝ ջրի խողովակաշարին ձեռք տվողը կտուգանվի 5 միլիոն դրամով:
Հայկաշենը գեներալներ Սեյրան Սարոյանի եւ Գագիկ Մելքոնյանի ծննդավայրն է: Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասացին՝ «ախպեր, եթե գազեթի գրածն էլ չօգնի, արդեն պտի ասենք գեներալներին՝ սրանց տանեն մի քանի օր «գուբախտում» պահեն»:
Հուսանք բանը դրան չի հասնի, առավել եւս, որ Սեյրան Սարոյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնաթող գեներալներ են: