Ազգային հեքիաթները՝ միջազգային մատուցմամբ
Ամեն տարի սեպտեմբերին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակը մի մեծ բեմահարթակ է դառնում. «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային արդեն ավանդական փառատոնն է Դսեղում լինում: Նպատակը՝ նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակությանը:
Այս անգամ էլ գրողի հուշարձանի մոտ տեղի ունեցավ բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, Թումանյանի տուն-թանգարանի բակում ցուցադրվեցին փառատոնի առաջին ներկայացումները, որին երեկոյան հաջորդեց տոնական հրավառությունը: Սեպտեմբերի 5-11-ը փառատոնը մեկ գաղափարի շուրջ է համախմբելու թատրոնների, թատերախմբերի եւ տիկնիկային գործիչների՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, նաեւ Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Չեխիայից, Շվեյցարիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Դանիայից:
Փառատոնի բացմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես կարեւորում է, որ տոնախմբությանը մասնակցեն ընտանիքներով, ավելի շատ մանուկները շփվեն հեքիաթի հերոսների հետ: «Գեղեցիկ ավանդույթ է, եւ մենք կաջակցենք, որ այն շարունակվի»,- նշեց ՀՀ վարչապետը:
Հինգ տարի առաջ, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելու նպատակով մրցույթ հայտարարեց եւ հավանության արժանացավ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի «Յունիմա-Հայաստան» ծրագիրը: Այդ օրվանից սկսած, Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպվող փառատոնին, բացի հիմնադիր հովանավորից, աջակցում են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, «Զիգզագ», «Ավստրիական ավիաուղիներ», «Արմավիա», «ՎիվաՍել ՄՏՍ», «Յունիպլաստ» ընկերությունները:
Փառատոնի օրերին կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կբացվեն տիկնիկների ցուցահանդես, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր: Ի տարբերություն նախորդ փառատոների` այս տարի իրականացվելու են համատեղ ծրագրեր, որոնք նախորդ տարիներին փառատոնի մասնակից տիկնիկային գործիչների նախաձեռնություններն են: Նոր փուլ է սկսվում «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի շրջանակներում: Տարբեր երկրների մշակույթների մերձեցման եւ փոխճանաչման համար ազգային հեքիաթների թեմաներով համատեղ ներկայացումներ են բեմադրվել, որոնք առաջին անգամ կցուցադրվեն Դսեղում: Այս ծրագրերում մեծ դեր է հատկացվում երիտասարդ տիկնիկային գործիչներին: Օրինակ, հունգարացի եւ հայ տիկնիկային գործիչների ուժերով ներկայացվելու է «Արարչագործություն» ներկայացումը: Ցուցադրվելու են սլովեն, չեխ եւ բելառուս տիկնիկային գործիչների համատեղ ուժերով ստեղծված ներկայացումներ: Ի նշան մշակութային բարեկամության, իրականացվելու է «Տիկնիկները հանուն խաղաղության» բացօթյա տոնախմբությունը` ֆրանսիացի, շվեյցարացի եւ հայ տիկնիկային գործիչների մասնակցությամբ: Փառատոնի հյուրերին Ստվերների տիկնիկային ծիսական թատրոնի միջոցով ներկայացվելու է «Տիկնիկային արվեստի ակունքները Հայաստանում» ներկայացում-վարպետության դասը:
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղը երբեք հյուրերի պակաս չի զգում, մասնավորաբար՝ Թումանյանի տուն-թանգարան այցելուների հաշվին: Այնուամենայնիվ, փառատոնը նոր հետաքրքրություն ու լիցք է հաղորդել գյուղի եւ գյուղացու կյանքին: «Հետաքրքրությունից ելնելով ու երեխաներիս համար գնում եւ մասնակցում եմ բոլոր օրերին, ամեն անգամ չէ, որ գյուղում նման հնարավորություն է տրվում, պետք է օգտվել»,- ասում է Դսեղ գյուղի 37-ամյա բնակչուհի Ա. Քոչարյանը: Փառատոնը այլ օգուտներ էլ է բերում. ներկայացումների համար վերանորոգվել է մշակույթի տունը, նորացվել է գույքը: Գյուղացիներն էլ են շահում. «Մի քանի օր գյուղի 10-ից ավելի խանութներն ավելի երկար են աշխատում, բնականաբար ավելի մեծ եկամուտներ կունենան, փառատոնի մասնակիցները վարձով մնում են գյուղացիների տներում»,- ասում է Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը: