Սեպտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա դատական նիստ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությանը պատկանող հողատարածքը անվարձահատույց օգտագործման տրամադրվելու վերաբերյալ: Մինչդեռ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի սեփականությունը անվարձահատույց տրամադրելը հանդիսանում է օրենքի խախտում: ՀՀ վարչական դատարանը գործը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են բողոքարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, անգործությունը, վարչական ակտերը միայն այն դեպքում, եթե դրանցով խախտվել են կամ կարող են խախտվել նրանց իրավունքները եւ ազատությունները:
Տվյալ պարագայում դատարանը եզրակացրել է, որ կազմակերպության որեւէ իրավունք ավագանու որոշման արդյունքում չի խախտվել: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք համարվում է համայնքի սեփականատեր, հետեւաբար՝ շահագրգիռ անձ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչական դատարանի կողմից դրված սահմանափակումը դատական պաշտպանությամբ վերանայելու եւ տվյալ նորմը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջով: