Ալավերդու «Մանես» գունավոր մետաղների գործարանի նախկին սեփականատերը թոշակի անցած
80 մետալուրգների պարտք է մնացել:
Ամսական վճարվող ընդհանուր գումարը կազմում է 640.000 դրամ, իսկ վերջին 4 ամիսների պարտքը մարելու համար ընդհանուր առմամբ շուրջ 3 միլիոն դրամ է անհրաժեշտ: Գործարանը, սակայն, ոչ արտադրանք ունի, ոչ էլ գումարներ, իսկ թոշակի անցած 80 մետալուրգներն արդեն 4 ամիս սպասում են, թե երբ կստանան իրենց գումարները:
Նախկին մետալուրգ Մնացական Գրիգորյանը 3-րդ կարգի հաշմանդամ է. 30 տարի առաջ գործարանում վնասվածք է ստացել, ձեռքն է այրվել: Նախկին մետալուրգի ընտանիքում այսօր ոչ ոք չի աշխատում, ինքն էլ մյուսների նման սպասում է. «Ինձ իմ փողերը տան, էլ ոչինչ ինձ պետք չի, փողի կարիք ո՞վ չունի, մարդ աշխատում է, որ փող ստանա»:
«Մանես» գունավոր մետաղների գործարան ԲԲԸ-ն խորհրդային տարիներին Ալավերդիում գործող պղնձաձուլական գործարանի իրավահաջորդն է:
Գործարանի գույքը Շամլուղում գտնվող խոզանոցն է, ընկերության մարտկոցների նախկին արտադրամասն ու մի քանի շինություն, ամսական շահույթն էլ հազիվ կազմում է 8.000 դրամ, որով կարող են ընդամենը մեկ մետալուրգի թոշակ վճարել:
Գործարանի տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Ղամբարյանն ասում է, որ մարտկոցների արտադրամասի մի քանի սարքավորումներ վաճառելուց հետո կկարողանան մարել պարտքը. «Եթե դրանք վաճառենք, առաջիկա 4 ամիսների պարտքը կկարողանանք վճարել»:
«Մանես» ԲԲԸ-ն ֆինանսական ծանր վիճակում հայտնվեց տարեսկզբից: Ընկերության նախկին ղեկավարն այս տարվա մայիսին ընկերության խորհրդի կողմից մետալուրգների գումարները յուրացնելու կասկածանքով հեռացվել է աշխատանքից: Ընկերության նախկին հաշվապահը շուրջ 100.000 դրամ էր յուրացրել: «Մանեսը» ներկայումս ունի 340 բաժնետեր՝ մեծամասամբ անհատներ, որոնց մեծ մասը կամ Հայաստանում չէ, կամ մահացել է:
Բաժնետոմսերի 16 տոկոսն էլ Ալավերդու այսօրվա պղնձաձուլականի ղեկավարությանն է՝ «Էյ-Սի-Փի» ընկերությանը, որն էլ փորձում է մարել «Մանեսի» պարտքերը:
Տնօրենի պաշտոնակատար Ղամբարյանը կարծում է, որ չգործող այս ընկերությունը հարկ է լուծարել. «Լավ կլիներ լուծարվեր, կարծում եմ, որ այն չհիմնավորված ձեռնարկություն է: Եթե որեւէ ձեռնարկություն արտադրանք չի տալիս, ի՞նչ իմաստ ունի պահել այն»: