Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԷՐ ԿԱՊՈՒՄ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Վնասվածք ստանալն ու մարմինը կտրատելը տարբեր հասկացություններ են

Օրերս ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարելու համար:

Սա այն եզակի դեպքերից էր, երբ անձին 7,5 տարի ազատազրկելու վերաբերյալ որոշումը ընդունվում է լիակատար անտարբերությամբ թե ամբաստանյալի եւ թե նրա հարազատների կողմից: Կարծում եմ, վերաքննիչ դատարանի հետ Մհերն առանձնապես հույսեր չէր կապում, դրա մեջ թերեւս ամենակարեւորը նրա համար այն էր, որ գոնե կարճ ժամանակով, սակայն նա հնարավորություն էր ստանում դատական նիստերի օրերին դուրս գալ բանտից:

Հասկանալով, թե ինչպիսի մանրուքներ են նրան հաճույք պատճառում՝ պատկերացնում ենք, թե ինչպիսի հոգեվիճակում է նա գտնվում:

Հիշեցնեմ, որ Մհեր Ենոքյանին դեռեւս 1996 թվականին դատապարտել էին մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար: Արդյունքում՝ խորտակվեցին երկու երիտասարդների ճակատագրեր: Ի. Աղաջանովը հեռացավ կյանքից՝ վշտի մեջ թողնելով ծնողներին, իսկ Մհերին մեկուսացրին հասարակությունից:

Մհերի մասին մտածելիս ակամայից հիշում եմ պատմության դասերը, երբ Հին Եգիպտոսում գերիներին անվանում էին կենդանի մահացածներ, ովքեր կյանք վերադառնալու ոչ մի հույս չունեին: Հիշում եմ այն պահը, երբ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը փախուստ էին կատարել բանտից: Այն ժամանակ հեռուստատեսությամբ եւ այլ լրատվամիջոցներով հայտնում էին փախուստի մասին եւ ներկայացնում էին նրանց կենսագրությունը: Առաջին միտքը, որ ծնվեց իմ մեջ՝ հետեւյալն էր. «Աստված մի արասցե, որ մարդ հանկարծ հանդիպի նրանց», այդպես էի մտածում, քանի որ ԶԼՄ-ներով նրանց այդպես էին ներկայացրել՝ դաժան եւ չափազանց վտանգավոր: Այն ժամանակ ես դեռեւս չգիտեի, որ ինձ բախտ էր վիճակվելու դառնալ Մհերի պաշտպանը:

Ծանոթանալով Մհերի հիմնական գործի հետ՝ հասկացա, որ շատ հարցեր մինչ օրս մնացել են անպատասխան: Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով գործի ամբողջ ծանրությունը բարդվել էր նրա վրա: Նա պատիժ էր կրում՝ ինչպես արած, այնպես էլ չարած հանցանքների համար:

Այսքան երկար տարիներ գտնվելով անազատության մեջ եւ տեսնելով տարբեր զրկանքներ՝ Մհերի մեջ դեռեւս գերիշխում են մարդկայինն ու արժանապատվությունը, ինչը, ցավոք, բացակայում է ազատության մեջ գտնվող շատ շատերի մոտ: Երկու անգամ փախուստ կատարելով՝ Մհերը քրեակատարողական հիմնարկի ոչ մի աշխատակցի չվնասեց, հասարակության մեջ իրեն դրսեւորեց որպես օրինապահ քաղաքացի: Դատարանում նա հարցրել էր. «20 տարեկան երեխա էի, ինչ է, այդքան վտանգավո՞ր էի, որ մահապատիժ տվեցին…»:

Վերաքննիչ դատարանում երբ Մհերին հարցրին, թե ինչո՞ւ է փախուստ կատարել՝ նա հռետորական հարց էր ուղղել. «Իսկ ի՞նչ անեի, երբ ինձ անարդարացիորեն դատապարտել են մահապատժի, ես դիմել եմ ՀՀ բոլոր նախագահներին, գլխավոր դատախազներին, Ազգային ժողով եւ այլ պատկան մարմիններին, որպեսզի վերանայվի իմ դեմ հարուցված քրեական գործը, սակայն՝ անարդյունք, հիմա ես ի՞նչ անեմ, սպասեմ մինչեւ մեռնե՞մ չարած հանցանքի համար, կրկնում եմ, ես մարդասպան չեմ»:

Դեռեւս առաջին ատյանի դատարանում Մհերը հայտարարել էր. «Ի՞նչ է՝ ցանկանում եք, որ հաջորդ անգամ ես դիակների վրայո՞վ փախչեմ, միեւնույն է, ես այդ բանը չեմ անի, ես մարդասպան չեմ, ես միայն ցանկանում եմ, որ իմ գործը արդարացիորեն վերանայվի»: Մհերը դեռ 1996 թվականին հայտարարել էր, որ ինքը մեղավոր է, որովհետեւ չի կարողացել փրկել իր ընկերոջ կյանքը, այն ընկերոջ, որի սպանությունը վերագրել են իրեն եւ դատապարտել մահապատժի:

Փախուստի վերաբերյալ գործի քննության ընթացքում պարզվեց, որ 2006 թվականին Մհերի արարքը համապատասխանեցվել է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին: Պարզապես զավեշտալին այն էր, որ, չգիտես ինչու, ավելացել էր Մհերին վերագրվող հոդվածների եւ արարքների թիվը, որն ընդհանրապես կապ չուներ Մհերի արարքի հետ՝ նույնիսկ պաշտոնական վարկածի համաձայն:

Իսկ օրերս հեռուստատեսությամբ ֆիլմ էր ցուցադրվել Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստների վերաբերյալ (Գորիսի բանտից եւ Նուրբարաշենի մեկուսարանից): Ֆիլմում բնութագրելով Մհերին, նշել էին, որ նա սպանել էր համակուրսեցուն եւ նրա մարմինը բաժանել 17 մասի: Բացարձակ սուտ, այդպիսի բան չկա, ճիշտ է՝ Մհերը մեղադրվել է համակուրսեցուն սպանելու համար, սակայն, որ մարմինը բաժանել է 17 մասի՝ դա, մեղմ ասած, իրականության հետ որեւէ կապ չունի:

Դատավճռում նշված է, որ տուժողի մարմնի վրա հայտնաբերվել է 18 վնասվածք, տեղեկացնեմ նաեւ, որ հիշյալ գործով մեղադրվում էին երկու ամբաստանյալներ եւ այդ վնասվածքներն ամբողջությամբ չի վերագրվում Մ. Ենոքյանին՝ նույնիսկ դատավճռով:

Պարզապես ցավում եմ, որ իրականությունն այնպես հեշտ ու հանգիստ է խեղաթյուրվում, որ ամբողջությամբ այլ պատկեր է ստացվում: Հասկանալի է, որ պետական մարմինների համար սեփական սխալները խոստովանելը բավականին բարդ է, սակայն խեղաթյուրել նույնիսկ պաշտոնապես հաստատված հանգամանքները՝ դա ուղղակի անթույլատրելի է:

ՌՈԲԵՐՏ ՌԵՎԱԶՅԱՆ

Մհեր Ենոքյանի պաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930