Թիվ 110 երթուղու մեքենաները մոտ 1 ամիս է՝ սահմանված ժամանակացույցի խախտումներով են աշխատում: Ուղեւորները ստիպված են լինում 110-ին սպասել մոտ 30 րոպե: Ուղեւորներից մեկի պատմելով՝ նախ մտածել են, թե «Հրազդան» տոնավաճառին հարակից տարածքում շինաշխատանքների պատճառով է, որ երթուղայիններն այդքան ուշ-ուշ են աշխատում: Սակայն վարորդներից մեկի հետ զրույցից պարզվել է, որ գծի մի քանի վարորդներ բոյկոտել են՝ գծի վարձը թանկացնելու համար:
«Առավոտի» հետ զրույցում «Երեւանտրանսի» տնօրեն Արման Միրիջանյանն էլ հաստատեց, որ թիվ 110 երթուղուց մի քանի մեքենա դուրս է եկել. «1 շաբաթ առաջ զգուշացում է եղել գծի սեփականատիրոջը, որպեսզի մեքենաների քանակն ապահովի՝ ինչպես որ մրցույթի ժամանակ ներկայացվել է: Ըստ այդմ, գծում պետք է աշխատի 17 մեքենա, եւ քանի որոշ վարորդներ իրենց մեքենաներով են եղել, իրենց կամքով էլ դուրս են եկել, ինչի պատճառով մեքենաների՝ գիծ դուրս գալու ինտերվալը մեծացել է: Ըստ օրենքի, եթե նախազգուշացումից հետո մեր պահանջները չկատարվեն, ապա մենք իրավունք ունենք գիծը վերցնել այդ ընկերությունից եւ նոր մրցույթ հայտարարել»: Թե որքանով է թանկացել գծի վարձը, պարոն Միրիջանյանը դժվարացավ ասել. «Ինչ պայմանավորվածություն կա վարորդների եւ սեփականատիրոջ միջեւ, չեմ կարող ասել: Կան վարորդներ, որ իրենց սեփական մեքենաներով են, դա իրենց ներքին պայմանավորվածությունն է»:
110 երթուղագիծը շահագործում է «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն: Մեզ հետ զրույցում ընկերությունից վստահեցրին, որ մոտ 8 մեքենայի վարորդ գծից դուրս է եկել ոչ թե վարձի թանկացման պատճառով, այլ՝ «Հրազդան» տոնավաճառի մոտ իրականացվող շինարարության. «Այդ վարորդներն իրենց սեփական մեքենաներով են եւ շինարարության պատճառով գրեթե գումար չէին աշխատում, իրենք էլ որոշեցին դուրս գալ գծից: Շինարարությունը կավարտվի՝ նորից հետ կգան»: Մեր այն դիտարկմանը, որ «Երեւանտրանսից» նախազգուշացում են ստացել եւ մրցույթի պայմանները խախտելու դեպքում կարող են զրկվել երթուղագծից, ընկերությունից ասացին. «Մենք պատրաստվում ենք մի քանի նոր մեքենաներ գնել եւ ամեն ինչ անել, որ խնդիրը հարթվի»: Ինչ վերաբերում է վարորդների այն դժգոհություններին, որ վարձը թանկացել է, ընկերությունից հերքեցին: