Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանիքի հրավառությունից հրդեհ է բռնկվել

Սեպտեմբեր 07,2010 00:00

«Իշխանական հարսանիքներն» ու ընդհանրապես հարսանիքները մեր քաղաքում առանց երեւանցիներին անհանգստացնելու չեն լինում:

Քանի որ զվարճանքի օբյեկտները գտնվում են հենց քաղաքում, այդ պատճառով դրանց հարեւանությամբ բնակվող քաղաքացիները, մեղմ ասած, դարձել են «ընկնավոր»: Երեւանցիները օրական մի քանի անգամ լեղաճաք են լինում այս օբյեկտներում արվող հրավառություններից, չափազանց բարձր երաժշտությունից եւ գոռում-գոչյուններից: Այս առումով ավելի վատ վիճակում են Հրազդանի ձորի հարեւանությամբ ապրողները, քանի որ այստեղ գտնվող օբյեկտներից ոչ մեկը հաշվի չի առնում հարեւանությամբ ապրողների ո՛չ հիվանդ լինելը, ո՛չ էլ երեխաների հանգամանքը: Օբյեկտները իրենց ճաշակին ու կամքին են ենթարկում բոլոր այն քաղաքացիներին, որոնք բնակվում են հարեւանությամբ:
Օրերս նման օբյեկտներից մեկում՝ «Փարվանայում» տեղի ունեցած իշխանական հարսանիքներից մեկի հրավառությունը ոչ միայն լեղաճաք է արել Այգեձոր թաղամասի բնակիչներին, այլեւ դարձել է հրդեհի պատճառ:
Ամուսնանում էին Ազգային ժողովի՝ նախկին ՕԵԿ-ական, այժմյան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի («Բելաջիոյի» Գրիշ) դուստրը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Չդադարող բարձր երաժշտությանը հաջորդել է հրավառությունը, որը տեւել է 15 րոպեից ավելի: Ռեստորանի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչների խոսքերով, այս հրավառության ձայնն այնքան բարձր է եղել, որ մտածել են, թե պայթյուններ են տեղի ունենում. «Մտածում էինք, թե կրակոցներ են, կամ էլ արկեր են պայթում: Եթե լույսերը չտեսնեինք, միանգամայն կհամոզվեինք դրանում: Մեր բնակարաններում երեխաներ էլ են ապրում, չէ՞, նրանք շատ են վախեցել: Ամեն գմփոցից վեր էին թռչում»:
Դեռ բավական չէ, որ այս հրավառությունն անհանգստացրել է տարածքի բնակիչներին, մի բան էլ ռեստորանի հարեւանությամբ գտնվող բլուրն է հրդեհվել: Հրդեհն այնքան է տարածվել, որ այն հանգցնելու համար 3 հրշեջ մեքենա է դեպքի վայր մեկնել:
Նշենք, որ նման դեպքերը անընդհատ են կրկնվում, իսկ երեւանցիների հանգստի համար պատասխանատու քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունը սրա վրա աչք են փակում, քանի որ ամեն այս կարգի օբյեկտ պատկանում է իշխանական օղակների ներկայացուցիչներին: Թերեւս այդ է պատճառը, որ ստուգող մարմինները պարզապես չեն արձանագրում չափազանց բարձր դեցիբելեր ունեցող երաժշտությունն ու մարդկանց անհանգստացնող հրավառությունների պայթյունները:
Հիշեցնենք, որ օրերս (01.09.2010) «Առավոտն» անդրադարձել էր երեխաների կողմից օգտագործվող խաղալիք ռումբերին, նշել էինք, որ թե՛ դրանց, թե՛ հրագործական ապրանքների՝ հրավառությունների վաճառքն արգելել հնարավոր չէ, քանի որ դրանք լիցենզավորված են ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության կողմից: Իսկ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչությունը նման տեղերում ստուգումներ է կատարում այն ժամանակ, երբ բողոքներ են լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել