Կապան քաղաքում մատակարարվող խմելու ջուրը բոլորովին էլ խմելու չէ
Այն, շատ կապանցիների խոսքերով, կեղտոտ լվացքի ջրի է նման եւ գույնով, եւ համով: Այդ իսկ պատճառով արդեն մեկ տարուց ավելի է՝ կապանցիները ստիպված են իրենց տան ծորակի ջուրը եռացնել, նոր միայն օգտագործել: Կապանի ջրի խնդիրների մասին հրապարակումներ «Առավոտում» արդեն եղել են (8.09.2009, 14.10.2009), որում «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Հարավային» մասնաճյուղը հերքել է այն փաստը, որ խմելու ջուրը չի համապատասխանում ստանդարտներին, եւ տեղեկացրել, որ Կապանում գտնվող «Հարավային» մասնաճյուղի կենտրոնական լաբորատորիայում իրականացվում են բոլոր միջոցառումները՝ պարբերաբար ստուգվում է ջրի քիմիական կազմը եւ որակը: Եվ եթե այն ստանդարտներին չհամապատասխաներ, պատկան մարմինների կողմից կարգելվեր ջրի օգտագործումը, ինչը չի արվել: Չնայած դրան, Կապանի ջրի խնդիրը մինչեւ այժմ չի լուծվել:
Կապանի խմելու ջրի անպիտան լինելու պատճառը, «Առավոտի» տեղեկություններով, Սյունիքի մարզի Գեղի համայնքից Կապան եկող ջրատարի հարեւանությամբ գտնվող պղնձամոլիբդենի հանքում տեղի ունեցող աշխատանքներն են: Այստեղ հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, այդ թվում՝ պայթեցումներ, ինչի պատճառով էլ ջրատարն աղտոտվում է, եւ դրանում եղած ջուրը դառնում է օգտագործելու համար վտանգավոր: Այս հանքն օգտագործում է «Լեռեքս» ընկերությունը: Մեր տեղեկություններով, այս ընկերության բաժնետեր է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Դրա համար էլ ոչ ոք չի կարողանում ջրի աղտոտման հարցը հօգուտ կապանցիների լուծել եւ «Լեռեքս» ընկերությանը տույժ ու տուգանքի ենթարկել՝ ջուրն աղտոտելու համար:
Նշենք, սակայն, որ անցյալ տարի Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը հայտնել էր, որ շատ ցավոտ ու այդպես էլ չլուծված է մնում քաղաքի ջուր սնուցող ջրագծի ամենավերին հատվածի հարցը. «Գյուղաբնակ վայրում գտնվող այդ հատվածը բաց է, եւ մոտակայքում ծառայող զինվորներն այնտեղ պարբերաբար լվացք են անում, կենդանիներն են անարգել մտնում ու աղտոտում ջուրը, որից էլ վարակի կամ այս ու այն հիվանդությունների տարածման վտանգն է մեծանում: Այսօր ջրի ծորակներից կավաջուր կամ տիղմով լի ջուր է գալիս»: Այս խորհրդակցությունից հետո Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն գնացել է քաղաքի խմելու ջրի խնդրի հետքերով եւ ուսումնասիրել ջրատարի տեղանքը: Պարզվել է, որ Կապան մտնող ջրատարի ակունքում բացակայում են ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված սանիտարական գոտիները, մի հատվածում չկա խողովակաշար, տեղանքը ցանկապատված չէ, եւ կենդանիները մտնում եւ օգտվում են այդ ջրերից, իսկ մաքրման կայանում համապատասխան տեխնոլոգիաներով չի կատարվում խմելու ջրի մաքրումը քարերից, ավազից, տիղմից եւ այլնից, գլխավոր ջրատարի վրա տեղադրված մի քանի հիդրոէլեկտրակայաններն են միայն սինթեզում ջուրը: Այս տեղեկությունը չի հերքել նաեւ «Հայջրմուղկոյուղին»՝ ավելացնելով, որ, իրոք, մաշված են խմելու ջրի մաքրման կայանները, կարգավորիչ ջրամբարները, մայր ջրատարների եւ բաշխիչ ցանցի առանձին հատվածները վերակառուցման անհրաժեշտություն ունեն, սակայն այդ ամենը կապիտալ ներդրումներ է պահանջում, ինչի համար անհրաժեշտ միջոցներն այժմ բացակայում են:
Թե ինչն է իրականում պատճառը, որ կապանցիները այսքան ժամանակ նորմալ խմելու ջուր չունեն, փորձեցինք պարզել Սյունիքի մարզպետարանից: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի ներկայացմամբ. «Մեզ մոտ ջրամատակարարման հետ կապված շատ են թեթեւ վթարներ տեղի ունենում, քանի որ ջրի խողովակները բոլորովին մաշված են: 40 տարուց ավելի է, որ այստեղ այդ խողովակների որեւէ հատված չի փոխվել կամ նորոգվել: Միայն Կապանից որպես ջրի վարձ հավաքվում է 25 միլիոն դրամի չափ գումար, իսկ «Հայջրմուղկոյուղու» ղեկավարությունը չի ցանկանում դրա մեկ երրորդ մասն անգամ ներդնել Կապանի խողովակները վերանորոգելու կամ փոխելու համար»: Ինչ վերաբերում է «Լեռեքս» ընկերության կողմից Կապան եկող ջրատարի հարեւանությամբ օգտագործվող պղնձամոլիբդենի հանքի աշխատանքների հետեւանքով խմելու ջրի աղտոտվելուն, ապա, ըստ պարոն Ուստաբաշյանի, դա այդպես չէ. «Այնտեղ ընդամենը շինարարական աշխատանքներ են կատարվում, որոնք ոչ մի կապ չունեն պայթեցումների եւ ջրատարի հետ»: Մեր այն հարցին՝ ո՞ւմ է պատկանում «Լեռեքսի» հանքը, նա պատասխանեց. «Բարդ հարց է, չեմ կարող ասել: Ձեր ասած այն տեղեկությունները, որ այդտեղ բաժնետեր է նաեւ մարզպետը, ընդամենը փողոցային խոսակցություններ են: Ես պաշտոնյա մարդ եմ, ինչքանով է ճիշտ, որ ես այդ մասին խոսեմ: Կարող եմ ասել միայն, որ ջրի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ Կապանի ջրի խողովակների մաշվածությունը ոչ մի կապ չունեն մարզպետի հետ»: