Ընդդիմությանն ու իշխանությանը զգուշացնում է Գագիկ Շամշյանը
Այս լուսանկարում (խնդրում ենք չշփոթել) աջից Գագիկ Շամշյանն է:
Այս տարվա փետրվարին «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը հաղորդում էր տվել իր դեմ կատարված բռնության մասին: Որոշ ժամանակ անց իրավապահները որոշեցին, որ նրա դեմ ոչ մի բռնություն էլ չի եղել, եւ հենց իր՝ Շամշյանի դեմ սուտ մատնության հոդվածով գործ հարուցվեց: Իսկ մի քանի շաբաթ առաջ այդ գործը կարճվեց: Ինչպես նշված է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Գարիկ Բեգոյանի ստորագրությամբ Շամշյանին տրված գրության մեջ՝ «որոշում է կայացվել թիվ 13118010 քրեական գործի վարույթը կարճելու եւ Ձեր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրօրի 74 հոդվածով՝ իրադրության փոփոխության պատճառաբանությամբ»: Մինչ գործը կարճելը՝ Գագիկ Շամշյանի նկատմամբ իրականացվել է դատահոգեբանական փորձաքննություն: Հանձնաժողովն արձանագրել է. «Օբյեկտիվորեն փորձաքննվողի մոտ ցնորքներ, զառանցական մտքեր չեն հայտնաբերվում: Մտածողությունը հետեւողական է, արդյունավետ, բանականությունը համապատասխանում է տարիքին, կենսափորձին, հիշողության խանգարումներ չեն դիտվում, հուզապես ադեկվատ է, քննադատությունն իր հոգեկան վիճակի եւ ստեղծված դատաքննչական իրավիճակի նկատմամբ պահպանված է», եւ այսքանից հետո հանգել է հետեւյալին. «Շամշյանը տառապել եւ տառապում է լատենտ (թաքնված) շիզոֆրենիա կայուն ռեմիսիայի լավացման փուլում հոգեկան հիվանդությամբ»: Ըստ Գագիկ Շամշյանի՝ ինքն այդպես էլ չի հասկացել, թե իրադրության ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել: «Ինձ քննիչ Բեգոյանը կանչեց, թուղթը տվեց եւ հարցրեց՝ համաձա՞յն ես, որ գործը կարճվի, ասացի՝ համաձայն եմ, ինչ անուն ուզում եք դրեք, բայց գործը կարճեք, որովհետեւ ես սուտ մատնություն չեմ արել: Չնայած չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում իրադրության փոփոխությունը, ի՞նչ է՝ հիմա արդեն տղամարդի՞կ են ծննդաբերում կանանց փոխարեն»,- հեգնեց Շամշյանը, եւ պատմեց, թե մոտավորապես ինչպես է կայացել այդ փորձաքննությունը. «Բաներ են հարցնում, որ ծիծաղդ գալիս է, օրինակ՝ ծիտիկը սամալյոտից ինչո՞վ է տարբերվում, հա՞վն է սկզբից եղել, թե՞ ձուն… նույնիսկ գիտնականները վստահ չգիտեն՝ հա՞վն ա եղել, թե՞ ձուն, բայց եթե իրենք էդ հարցը տալիս են, ուրեմն գիտեն պատասխանը, էդ դեպքում թող ինձ ասեն, որ ես էլ իմանամ, որ եթե իմ նկատմամբ հետո էլի քրեական գործ հարուցեն, փորձաքննություն անեն, իմանամ՝ ինչ պատասխանեմ: Կամ հարցնում են՝ փողոցով քայլում ես, տեսնում ես մի քանի տղաներ հավաքված խոսում են, քեզ թվում է՝ քո՞ մասին են խոսում: Ասացի՝ ինչ ուզում են խոսեն, ինչի՞ պիտի կարծեմ, թե իմ մասին են խոսում»:
Փորձաքննությունը Շամշյանի համար նոր բան չէր. «Սա իմ նկատմամբ չորրորդ փորձաքննությունն է, որն իրականացվում է հոգեբույժների, հոգեբանների կողմից: Առաջինը 1988-ին էր: Էն ժամանակ հանձնաժողովն ավելի ամբախ-զամբախ հարցեր էր տալիս՝ Լենինից էին հարցնում, ՍՍՀՄ սահմանադրությունից… հենց էդ ժամանակ ինձ հոգեկան հիվանդ ճանաչեցին եւ ուղարկեցին գժանոց պառկելու: Գժանոցում ինձ «բուժում» էին քնաբերով, դեղի անունը դիզերտին էր, մենակ էդ էր: Ես էլ մի անգամ քնաբերի մասին բանաստեղծություն գրեցի, մտա բժշկի մոտ (իմիջիայլոց, ինքն էս հանձնաժողովում կար՝ Վարդան Ֆրանգուլյանը), արտասանեցի այդ ոտանավորը «Տարեք, չեմ ուզում դեղն այդ քնաբեր, չեմ ուզում քնել:/ Ուզում եմ այսպես, այս լուսամուտից նայել աշխարհին,/ մեզ միշտ ծերացնող ջահել աշխարհին, ինձ մանկությունից գերող աշխարհին:/ Քնել՝ ուշ թե շուտ կքնեմ մի օր եւ այն էլ առանց քնաբեր դեղի,/ կքնեմ խորունկ ու հավերժորեն՝ հոգնությունը իմ հանձնելով հողին»: Երբ Ֆրանգուլյանը լսեց էս բանաստեղծությունս, մի երկու րոպե դադար տվեց եւ ասաց՝ էհ, Շամշյան, ես որ ասում էմ՝ քո դեղի դոզան թույլ ա… ու դեղի դոզան ավելացրեց: Եթե մինչեւ էդ քնում էի մի սուտկա, հիմա քնում էի երկու սուտկա…»
Չնայած այն բանին, որ գործը կարճվել է, Գագիկը վստահ է, որ եթե այն չկարճվեր եւ հասներ դատարան, ինքը կկարողանար ապացուցել, որ սուտ մատնություն չի եղել. «Դատախազը մինչեւ տեսանյութը դիտելը պնդում էր, թե քննիչ Գագիկ Մարգարյանը ինձ չի հարվածել, ընդհակառակը՝ էդ ես եմ նրա վրա հարձակվել, հայհոյել եմ, ասել եմ՝ «այ լրբի տղա, էդ ինչի՞ ես ինձ նայում»: Բայց երբ տեսանյութը դատարանում ցույց տվեցի, ինքն ասաց՝ քննիչ Մարգարյանը քեզ չի հարվածել, միայն հրել է: Ես էլ դատախազին ասացի՝ դուք պնդո՞ւմ եք, որ հրել է, ասաց՝ հա, ես էլ ասացի՝ էդ ո՞նց հասկանանք, որ Գագիկ Ջհանգիրյանին՝ 6-րդ վարչության աշխատակցին հրելու համար 3 տարի դատապարտեցիք, իսկ իմ դեպքում լրիվ այլ բան արեցիք: Լավ, ընդունում եմ, Գագիկ Մարգարյանն ինձ չի խփել, հրել է, դե հրելու համար գործ հարուցեք… Էդքանից հետո քննիչը գործը կարճեց, բայց ոչ թե նրա համար, որ ես ոչ մի սուտ մատնություն չեմ արել, այլ այն պատճառաբանությամբ, որ, մեջբերում եմ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս (այսինքն՝ ես, Շամշյանս) տառապել եւ տառապում եմ լատենտ թաքնված շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ, եւ որը գտնվում է կայուն ռեմիսիայի, այսինքն լավացման փուլում», եւ իբրեւ թե իրենք էդ ամեն ինչը հիմք ընդունելով են գործը կարճում: Այսինքն, իրենց կարծիքով՝ եթե ինձ դատապարտեին, ես կընկնեի ծանր հոգեկան ապրումների մեջ եւ իրենք իմ նկատմամբ ցուցաբերեցին մարդասիրական օգնություն՝ գործը կարճելով»: Ըստ Շամշյանի՝ խնդիրն այստեղ մարդասիրությունը չէ, այլ այն, որ գործով զբաղվողներն ուղղակի հաշվարկել են՝ եթե գործը հասներ դատարան, ապա կամ պիտի արդարացնեին իրեն, կամ, եթե դատապարտեին, ապա դատաբժշկական փորձաքննության արդյունքում պիտի որոշեին Շամշյանին ուղարկել ոչ թե քննչական մեկուսարան՝ պատիժը կրելու, այլ՝ հոգեբուժարան, ինչը, բնականաբար, մեծ աղմուկի պատճառ կդառնար:
Երբ Գագիկի դեմ հարուցված 6-7 քրեական գործերից նախավերջինի ժամանակ նրան տուգանեցին 350 հազար դրամով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով, այդ ժամանակ դատաքննությանը չէր նախորդել դատահոգեբուժական փորձաքննությունը: Ըստ Գագիկի. «Եթե փորձաքննություն նշանակեին, հանձնաժողովն այս նույն եզրակացությունն էր տալու, եւ գործը կարճվելու էր, ես տուգանք չէի տալու, բայց իրենք ուզեցին ֆինանսապես խփել Գագոյին, որ Գագոն խելոքանա, բայց Գագոյի սկի վեջը չի, մեկ ա, ինչ տեսնեմ՝ նկարելու եմ, իշխանություն լինի, թե ընդդիմություն, ով ուզում ա լինի»:
Երբ հետաքրքրվեցի՝ չի՞ հոգնել այդքան աղմուկից, որ իր անվան շուրջն անընդհատ բարձրանում է, Գագիկը պատասխանեց. «Երբ ես բոլորից արագ եմ հայտնվում դեպքի վայրում, բոլորից շուտ եմ հասցնում նկարել լավ կադրը՝ դա ինձ ոգեւորում ա, իսկ նման դեպքերում հնարավոր չի, որ աղմուկ չլինի: Նույնիսկ դեպքեր են եղել, որ ոստիկանությունից շուտ եմ տեղում եղել, մարդիկ կան, կատակով ասում են՝ Գագո, կարո՞ղ ա դեպքը լինելուց առաջ քեզ զանգում են»: Բայց երբ այդ աշխատանքային բավարարվածությունն ուղեկցվում է բռնություններով, այն արդեն պիտի որ դադարի ոգեւորել: Մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան՝ Գագիկը պատասխանեց. «Իրենք փորձում են էդ ձեւով ձայնս կտրել: Բայց իմ համար էդ ամեն ինչը երկրորդական է, ես ավելի շատ նեղվում եմ, երբ իշխանության ներկայացուցչին նկարում եմ ապօրինություն կատարելիս եւ հանկարծ ինձ զանգում է ընդդիմության ներկայացուցիչը՝ փորձելով համոզել, որ չտպագրեմ: Օրինակ, վերջին դեպքը՝ երբ «Առավոտում» տպագրվեց լուսանկարը, որում ոստիկանապետի փեսան խախտում էր երթեւեկության կանոնները, ինձ զանգեցին ընդդիմությունից եւ ասացին՝ ինքը մեր ախպերն ա, ինչի՞ ես նկարում: Նաեւ ցավ եմ ապրում, որ երբ ընդդիմության ներկայացուցչին եմ նկարում, բռնության եմ ենթարկվում ընդդիմության ներկայացուցչի կողմից, որը ժամանակին եղել է իշխանություն ու ես պատկերացնում եմ՝ բա որ դուք իշխանություն լինեք՝ ի՞նչ կանեք: Լեւոն Տեր-Պետրոսյանին նկարում եմ, ինքը բան չի ասում, բայց իր շրջապատի մարդիկ ինձ նենց են նայում, ոնց որ թուրքը՝ խոզի մսին: Իմիջիայլոց, ընդդիմությունից որոշ մարդիկ կեսկատակ- կեսլուրջ ասում են՝ Շամշյան, որ մենք գանք իշխանության, առաջին դատվողներից մեկը դու ես լինելու: Ես էլ ասում եմ՝ դուք էլ մեռնեք, իշխանությունն էլ մեռնի»:
Քանի որ մամուլի հետ կապված սկանդալների կապակցությամբ Գագիկ Շամշյանի անունն ավելի շատ է հնչում, տեսակետ կա, որ հենց ինքն է հրահրում, սադրում իր նկատմամբ իրականացվող բռնությունները: Սակայն այդ տեսակետին Գագիկը այնքան էլ համաձայն չէ. «Չեմ կարծում, որ սադրում եմ: Ուղղակի ես շատ շուտ բորբոքվում եմ: Բայց էս վերջերս շատ եմ փոխվել: Ամեն անգամ, երբ ուզում են ինձ վրա տան, ես հիշում եմ Մեսրոպ Հարությունյանին եւ Աշոտ Մելիքյանին, որ ինձ ասում էին՝ քեզ կարող է հայհոյեն, ամեն ինչ ասեն, բայց դու չպետք է պատասխանես, ու ես լեզուս կծում եմ, մտքիս մեջ ասում՝ վա՜յ, Մեսրոպ Հարությունյան, վա՜յ, Աշոտ Մելիքյան, ինչի՞ եք դուք իմ բերանը փակում… Վերջին դեպքը «Արքայաձորում» եղավ. սափրագլուխը հարձակվեց վրաս, բայց ես ինձ զսպում էի ու մտքիս մեջ հիշում Մեսրոպենց: Չնայած իրենք ճիշտ են, իհարկե: Անկեղծ ասեմ, եղել են դեպքեր, որ պրովոկացիա եմ արել, բայց եթե դու քաղաքական գործիչ ես, նախարար ես, դու պարտավոր ես չենթարկվել որեւէ պրովոկացիայի: Օրինակ, մի անգամ նկարեցի, թե ոնց են կարմիր լույսի տակ սպորտի նախկին նախարարն ու իր տեղակալը անցնում հետիոտնի համար նախատեսված տեղով: Չորս հատ շուն խելոք կանգնել էին մայթին, կարմիր լույսի տակ, իսկ իրենք անցնում էին: Որ տեսան նկարում եմ, ասին՝ ինչի՞ ես նկարում, ասացի՝ որովհետեւ շները հարգեցին երթեւեկության կանոնները, դուք՝ չէ: Դա պրովոկացիա էր, ընդունում եմ, իրենք էլ ենթարկվեցին, վրա տվին՝ չհասկացանք, էս մեզ շան տե՞ղ ես դնում»:
Գագիկին ճանաչողները գիտեն, որ երբ նա երդվում է «Վանոյիս արեւ», ապա բացառված է, որ ստի: Դա նկատի ունենալով, հարցրի՝ «Կա՞ մեկը, որն ինչ էլ անի՝ չես նկարի»: Սկզբում Գագիկը թե՝ չէ, չկա, բայց երբ հարցրի՝ իսկ Սիրադեղյանի՞ն, նա հալվեց. «Հա՜, Վանոյիս չեմ նկարի: Ես իր շնորհիվ եմ դարձել Շամշյան Գագո: Չնայած ասեմ, որ ինքը երբեք այնպիսի բան չի էլ անի, որ նկարեմ: Կուռք չսարքեմ Վանոյին, բայց նրա մարդկային հատկանիշները ոչ ոք չի ունեցել: Երբ Վանոն իր տունը սարքում էր մի ավերակ ձորում, որը Սովետի տարիներին թմրամոլների հավաքատեղի էր, եւ որտեղ ինչեր ասես չեն եղել՝ սպանություններ, բռնաբարություններ եւ այլն, սարսափելի աղմուկ բարձրացավ, իսկ էսօր մեր պետական պաշտոնյաները X5-երով են ֆռֆռում, եւ հինգ անգամ մեծ ու շքեղ տներ ունեն: Վանո Սիրադեղյանին, երբ ինքը մինիստր էր, ես այդ ժամանակ «02»-ին էի թղթակցում, նկարեցի սիգարետը գետնին գցելուց: Ոչինչ չասաց, գիտես ի՞նչ արեց՝ սիգարետը վերցրեց, տարավ գցեց աղբամանի մեջ: Բայց եթե էսօր ես որեւէ ուժային կառույցի ղեկավարի տենց կադր անեմ, սափրագլուխներին կքշի վրես: Չնայած ընդդիմությունն էլ նույն սանրի կտավն ա, Սերժը ճիշտ ա ասում՝ բոլորն էլ իմ հաճախորդներն են»:
Գագիկի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված էր, որ նա 90-ականներին վաճառել է իր բնակարանը եւ ստացած գումարով խաչքար է պատվիրել: Այս արարքը, որ շարքային հայը կբնութագրեր «գժվել ա, արա» արտահայտությամբ, հարուցել էր նաեւ հոգեբանների զարմանքը: «Փորձաքննության ժամանակ բժիշկներն ասացին՝ արդյոք հոգեկան շեղման արդյունք չէ՞ դա: Ես էլ ասացի՝ չեմ կարծում, ուղղակի պետք էր այդպես անել: Երբ ես մանկատնից դուրս եկա, տեղ չունեի քնելու, մի երկու տարի տարբեր տեղեր էի քնում, անգամ Պանթեոնում եմ քնել… Հետո Վանոն էդ մեկսենյականոցը տվեց ինձ, ապրում էի: Էդ թվերին վրա-վրա խաչքարեր էին դնում արցախյան հերոսամարտում զոհվածների համար, բայց ազատամարտում ոչ միայն ֆիդայիներ են զոհվել, նաեւ լրագրողներ, ուսանողներ են զոհվել, ու իրենց համար Հայաստանում չկար խաչքար: Մենք ընկերներով որոշեցինք գումար հավաքել եւ իրենց համար խաչքար դնել: Ամբողջ հանրապետությունով ման եկա, մինչեւ Թալինում գտա էդ վարպետին, որի գործը հավանեցի: Երբ եկավ գումարը տալու պահը, ընկերներս գցեցին էսօր-էգուց: Էդ ժամանակ Բեգլարյան Գագոն, որը պաշտոն չուներ, Մետաքսի տղա էր, 120 հազար դրամ տվեց, 100 հազար տվեց Սմբատ Տոնոյանը՝ 4-րդ գյուղի կաթի կոմբինատի դիրեկտորը, 50 հազար՝ Վանիկ Սողոմոնյանը՝ Ֆերմերների միության նախագահը: Մնացածը՝ մոտ $6000, տունս ծախեցի ու ես տվեցի: Էդ օրվանից վարձով եմ մնում, բայց չեմ փոշմանել, որովհետեւ գիտեմ, որ էս կյանքում մի բան արել եմ»: