Պատգամավոր Անահիտ Բախշյանը տեսանելի համարեց քաղաքապետի աշխատանքը
Սեպտեմբերի 6-ին Հարավ-արեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ եւ բազմաթիվ բնակիչների ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց նորակառույց վերգետնյա հետիոտն անցումը: Այս հատվածում վերգետնյա հետիոտն անցում ունենալու դիմում- խնդրանքով բնակիչներն ու հարակից երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվները Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին դիմել էին Սեբաստիայի փողոցում՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց նմանատիպ անցման բացման ժամանակ: Արձագանքը չուշացավ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Բաբաջանյան փողոցում վերգետնյա հետիոտն անցում կառուցելու նախագիծն ընդգրկվեց քաղաքապետարանի 2010թ. ծրագրերում: Այդ նպատակով Երեւանի համայնքային բյուջեից հատկացվեց 51 մլն դրամ: 2010 թ. հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվեցին ժամանակին:
Նորակառույց անցման առաջին անցորդները Երեւանի քաղաքապետն ու հարեւանությամբ գտնվող թիվ 181 եւ 183 դպրոցների աշակերտներն էին: Ուսումնական տարվա մեկնարկի հետ միաժամանակ՝ նոր անցումը աշակերտների համար հաճելի նվեր է, քանի որ նրանք փողոցն անվտանգ հատելու առումով այլեւս խնդիրներ չեն ունենա: Կարմիր ժապավենը կտրեց Երեւանի քաղաքապետը: Հարեւանությամբ գտնվող կրթական հաստատությունների տնօրենները շնորհակալական խոսքեր ասացին կատարված աշխատանքի համար: Միջոցառմանը՝ որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նա իր ելույթում նշեց. «Վստահ եմ, կարտահայտեմ իմ համաքաղաքացիների տեսակետը, եթե ասեմ, որ վերջին մեկ տարում Երեւանը իսկապես ծաղկապատվել է: Որպես այս թաղամասի բնակիչ, կարող եմ ասել, որ այստեղ հետիոտն անցման կառուցումը դեպի քաղաքացին ուղղված շատ կարեւոր քայլ է եւ խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի կողմից դեպի մարդն ու քաղաքացին ուղղված վերաբերմունք կա: Գնահատենք կատարված աշխատանքը եւ ասենք շնորհակալություն»: Օրը կրկնակի տոնական էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի համար, նոր անցման բացումն համընկել էր նրա ծննդյան տարեդարձի հետ. «Այս գեղեցիկ անցումը Երեւանի քաղաքապետարանի կողմից հրաշալի նվեր է իմ ծննդյան օրվա առիթով: Վերջապես ունեցանք անվտանգ ու ապահով անցում»,- իր ելույթում նշեց Բլեյանը: Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Երեւանի քաղաքապետը նշեց, որ առաջիկա օրերին կավարտվի նաեւ Խանջյան փողոցում կառուցվող նմանատիպ վերգետնյա հետիոտն անցման շինարարությունը: «2011 թվականին վերգետնյա անցումներ են կառուցվելու Բաղրամյան եւ Ազատության պողոտաներում, Խանջյան փողոցում՝ կրկեսի հարեւանությամբ: Անցուները մայրաքաղաքի երթեւեկության համակարգում արյունատար անոթների դեր են կատարում, առանց այսպիսի անցումների հետիոտնի անցուդարձի հետ կապված մեծ խնդիրներ կունենանք»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
Հետիոտն անցման կառուցման աշխատանքներն իրականացրել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Կամուրջշին» մասնագիտացված ընկերությունը: Երկաթբետոնե կոնստրուկցիայով երկթռիչքանի վերգետնյա անցման լայնությունը մոտ 2,4 մ է, երկարությունը՝ 34,5 մ, բարձրությունը փողոցի երթեւեկելի նիշից 5 մ է:
Միջոցառումից հետո կիսելով իր տպավորությունները Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց. «Երեւանն իսկապես մեկ տարում ծաղկապատվել է, Երեւանի համար դա այնքան զարմանալի է: Բնականաբար, իմ մեջ հարց է առաջանում՝ եթե մեկ տարում հնարավոր էր այսպես ծաղկապատել, ինչո՞ւ նախորդները չէին անում»: Որպես քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարյանի աշխատանքը, ըստ Անահիտ Բախշյանի, նկատելի է. «Աշխատանքի արդյունքը երեւում է, տեսնում ենք: Եթե շարունակվի խոսքի եւ գործի տարբերության այսպիսի խզումը, խոսքն ու գործը մոտենան այսպես արագ, մենք՝ համաքաղաքացիներս, հաջորդ ընտրությունների ժամանակ մտածելու քիչ բան կունենանք: Սա ես ասում եմ որպես ընդդիմության ներկայացուցիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը: