Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է, ՄԵԴՎԵԴԵՎԸ՝ ՆՈԻՅՆՊԵՍ

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"Իսկ Ղարաբաղում արշալույսները մնում են խաղաղ

Բազմաթիվ կանխատեսումներն այն մասին, թե ղարաբաղյան կարգավորման հարցում Մեդվեդեւի Բաքու կատարած այցից ճեղքումներ սպասել չարժե, կարծես թե արդարանում են: Չոր մնացորդում առկա է Ռուսաստանի նախագահի՝ ասուլիսում արված հայտարարությունը հանդիպումներն ավելի ինտենսիվ դարձնելու վերաբերյալ, որպեսզի ղարաբաղյան հարցն ի վերջո հանգուցալուծվի: «Ես պատրաստ եմ, որպեսզի շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որոնք մնում են»,- ասաց Դ. Մեդվեդեւը:
Նրա՝ երեւանյան այցի արդյունքում Հայաստանն անդիմադիր կերպով գնաց ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը՝ մինչեւ գրեթե դարի կեսը, փորձելով դրա դիմաց հավելյալ երաշխիքներ կորզել կամ գոնե տեսնել այդպիսիք նոր արձանագրության մեջ: Մեդվեդեւը, սակայն, Բաքվում փակեց այդ՝ «հայոց հույսի պատուհանը»՝ հաստատելով սրանից մի քանի օր առաջ Լավրովի միտքն այն մասին, որ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն ժամկետները: Ռուս նախագահն ասաց նաեւ, որ «ռազմակայանը գոյություն ունի, որպեսզի տարածաշրջանում ապահովի խաղաղություն, կարգուկանոն, կայունություն: Ոչ մի այլ ստորջրյա քարեր կամ այլ նկատառումներ գոյություն չունեն»: Իսկ ահա հիմնական, «վերջրյա» նկատառումները, ըստ պարոն Մեդվեդեւի, այն են, որ Ռուսաստանի համար, որը կովկասյան երկիր է, կասպիական երկիր է, շատ կարեւոր է պահպանել կայունությունն այս տարածաշրջանում: Նշվեց նաեւ, որ վերջին տարվա ընթացքում կայացել են վեց եռակողմ հանդիպումներ, որոնց արդյունքները, Մեդվեդեւի բնորոշմամբ՝ համեստ են: Դրա հետ մեկտեղ, Ի. Ալիեւի խոստովանությամբ՝ «Դմիտրի Անատոլեւիչի մասնակցությամբ կատարված են շատ կարեւոր քայլեր կողմերի դիրքորոշումների մերձեցման գործում», ինչի համար նա շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին, փաստորեն չառարկելով տարածաշրջանում ՌԴ-ի ստանձնած առանձնաշնորհյալ դերին:
Այդուհանդերձ, կարելի է արձանագրել, որ ղարաբաղյան կարգավորման «ռուսական տարբերակի» իրականացման ճանապարհին կարեւոր խոչընդոտն առայժմ մնում է Ադրբեջանի դիրքորոշումը, որը Մեդվեդեւի այցով թերեւս չփոփոխվեց: Բաքվի կողմից որպես բավարար փաստարկ չհամարվեց ո՛չ Գյումրիի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը, ո՛չ Ս-300-ների հնարավոր մատակարարումն Ադրբեջանին: Իր հերթին, Կրեմլը միանշանակորեն վերահաստատեց ցանկացած ուժային սցենարի անընդունելի լինելը ռուսական շահերի համար, բայցեւայնպես պարտավորվեց մեծացնել ջանքերը խաղաղ կարգավորման արդյունավետությունն ապահովելու գործում:
Եթե Երեւանն իր գրեթե բոլոր խաղաքարտերը հանդիսավոր կերպով հանձնեց Մոսկվային՝ մեծապես զրկելով իրեն ինքնուրույն խաղի հնարավորություններից, ապա Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի փոխում իր ռազմավարությունը եւ պատրաստ է շարունակել իր խաղը՝ «ջուրը կաթիլ առ կաթիլ քար է ծակում» սկզբունքով, փորձելով ծանրացնել եւ արագացնել իր այդ «կաթիլները»: Ռուսներն էլ առանձնապես չեն դժգոհում, կնքվեց կարեւոր գազային պայմանագիր՝ տարեկան մինչեւ 2 մլրդ խմ գազը դեպի Ռուսաստան արտահանելու վերաբերյալ, Ադրբեջանն արտաքուստ լոյալ ընդունեց Գյումրիի ռազմակայանի ժամկետների հարցը, «Նաբուկոն» Ադրբեջանի մասով մնում է առկախված: Ուստի կողմերը կարող են գրանցել մարտավարական հաջողություններ:
Ինչ վերաբերում է ռազմավարական հարթությանը, ապա ստացվում է, որ ռուսները, բեկելով ռազմաքաղաքական պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանի մասով ստեղծված «պակասորդը» համալրում են իրենցով: Եվ եթե նույնիսկ մինչեւ դարավերջ Գյումրիում մնալու մասին թուղթ ստորագրվեր, անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանը ելումուտ է անում Կովկասում՝ առաջնորդվելով ոչ թե թղթերով, այլ շահերով եւ նպատակահարմարությամբ: Տարածաշրջանը չի պայթում, քանի ռուսներն այստեղ են, եւ նրանց ներկայությունից այդ կախվածությունն էապես մեծացավ, հատկապես Հայաստանի կշռի հաշվին:
Իսկ Հայաստանին մնացել է ըմբոշխնել խաղաղությունը եւ իրավիճակի թվացյալ անփոփոխությունը, որն ամենեւին էլ հայկական դիվանագիտության տառապանքի արդյունքը չէ, այլ պարզապես իրերի դասավորությունն է այդպիսին: Առայժմ այդպիսին, եւ երեւի չարժե կանխատեսումներ անել, թե «ռուսական ռուլետկայում» խաղացողն ատրճանակը ձեռքին ինչքան դեռ կխաղա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել