Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՃԽ-ն ապակայունացում է կանխատեսում

Սեպտեմբեր 07,2010 00:00

«Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, ապա ձեռքից բաց կթողնի ամուր համակարգ եւ բարգավաճ պետություն ստեղծելու պատմական հնարավորությունը, որն ընձեռել են էներգետիկ ռեսուրսները՝ նավթի եւ գազի պաշարները»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ասված է է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից պատրաստված եւ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող «Խոցելի կայունություն» զեկույցում: Ըստ վերլուծության, «նավթադոլարների» շնորհիվ նախ եւ առաջ հարստանում է լճացած քաղաքական համակարգը, որն արդյունքում էլ ավելի է ընդդիմանում բարեփոխումներին: Սակայն տարիների ընթացքում նավթից ստացվող եկամուտն անխուսափելիորեն նվազելու է, ինչը առաջ կբերի տնտեսական նոր խնդիրներ եւ կխթանի բնակչության դժգոհությանը: Զեկույցում ասվում է, որ Իլհամ Ալիեւի նախագահությունը պայմանավորված է քաղաքական կյանքի կայունացմամբ եւ էներգետիկ սեկտորի ապահովված տնտեսական զարգացումով, բայց այդ կայունությունը տրվել է իշխանության ավտորիտար գործելաոճն ամրապնդելու, ազատությունները ոտնահարելու եւ վերնախավում կոռուպցիա ու հովանավորչություն հաստատելու գնով: Արդյունքում, ՄՃԽ հեղինակների կարծիքով, ներքաղաքական անցուդարձը պայմանավորված է ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն հարաբերություններով, որքան իշխող վերնախավի ներսում ուժային կենտրոնների միջեւ ազդեցության համար մղած պայքարի մերթ- ընդմերթ սրվող փուլերով: «Այս իրավիճակում եթե ոչինչ չփոխվի՝ ապագայում հնարավոր են ապակայունացում եւ արմատական դրսեւորումներ»,- եզրակացրել են ՄՃԽ փորձագետները՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հասարակությանը հավաքների ազատություն ընձեռել, իրական երկխոսություն սկսել ընդդիմության հետ եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:
«Խոցելի կայունություն» զեկույցի համաձայն, միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է համոզի Ադրբեջանի ղեկավարներին, որ նրանց իսկ շահից է բխում քաղաքական-տնտեսական կացությունը աստիճանաբար ազատականացնելու անհրաժեշտությունը: Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրն անպայման պետք է լինի միջազգային հանրության օրակարգում: Անհրաժեշտ է ամենաուշադիր մոնիտորինգի տակ պահել նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Որքան մոտենում է նավթի ընձեռած եկամուտների անկման մեկնարկը, այնքան հրատապ է դառնում քաղաքականությունը պրագմատիկ կերպով վերանայելու անհրաժեշտությունը»,- ասել է ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել