Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Հովհաննիսյան. «ՀԱԿ-ը պատվերի է սպասում»

Սեպտեմբեր 07,2010 00:00

«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ամենաարմատական ընդդիմության հետ մենք համագործակցում էինք: Երբ պետք էր, որ իշխանության որեւէ նախաձեռնության դեմ հանրահավաք կազմակերպվեր, իշխանություններն այդ խնդրանքով դիմում էին ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, ելնելով սեփական շահերից, այդ քայլը կատարում էր»,- նախորդ օրն ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ առիթով ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ամենաարմատական, ամենածավալուն եւ ամենահզոր ընդդիմությունը եղել է ՀՅ Դաշնակցությունը, եւ իշխանությունների հետ համագործակցություն չի եղել: Նա նշել է, որ թերեւս կային իշխանության թեւի տակ ստեղծված ինչ-որ կազմակերպություններ, ում հետ կարող էր նման համագործակցություն լինել, սակայն դրանք այնքան աննշան են եղել, որ ՀՀ ոչ մի քաղաքացի նման դեպք չի հիշում: «Ես չեմ հիշում, որ բանտում ինձ հետ որեւէ մեկը համագործակցած լինի: Դա վերաբերում է նաեւ իմ մնացած ընկերներին՝ թե՛ բանտում, թե՛ բանտից դուրս, որովհետեւ բանտից դուրս կուսակցությունն արգելված էր, իսկ արգելված կուսակցության հետ, բնական է, իշխանությունը չի համագործակցել: ՀՅԴ-ն ամեն ինչ արել է ինքնուրույն, երկրի շահերից ելնելով եւ առանց իշխանության տեսակետը հարցնելու: Կարծում եմ, որ այդ հայտարարությունն ակնարկ է, խնդրանք, թախանձագին խնդրանք այսօրվա իշխանություններին, որ ինչ-որ ձեւով օգտագործեն ծայրահեղականների, կոնգրեսականների՝ անիմաստ տեղը կորչող, վատնվող եւ մսխվող պոտենցիալը, որովհետեւ պայքարելու հավես նրանք կարծես թե չունեն, բայց գոյատեւել, այնուամենայնիվ, պետք է, եւ կարծում եմ՝ նրանք ուղղակի պատվերի են սպասում»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել