Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՍՑԵ ԿՈՉԵՐ

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ էլի անհասցե հայտարարություններ են արել:

Վերջին շուրջ 2-3 ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ շատ միջադեպեր գրանցվեցին: Նախ՝ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ ԼՂ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ, որի հետ մերձամարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը վիրավորվել էր: Ադրբեջանցիները թողել էին մեկ դիակ եւ զինամթերք: Օգոստոսի 31-ին էլ ադրբեջանցիները փորձեցին դիվերսիա իրականացնել Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի շրջանում, որտեղ եւս զինված առճակատման արդյունքում զոհվել էր 2, վիրավորվել՝ 7 ադրբեջանցի զինծառայող: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել, բայց մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը: Միայն սեպտեմբերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու միջադեպ է տեղի ունեցել: Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 4-ի լուսադեմին, շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ՝ Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կիլոմետր արեւելք. ադրբեջանցիների հետախուզական-դիվերսիոն խումբը հերթական անգամ առաջխաղացման փորձ է արել: Սակայն, ԼՂ պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, հայկական կողմի «համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները՝ ՊԲ-ի մարտական հենակետում թողնելով մեկ դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների, նրանցից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական, մյուսը սակրավորային վաշտի հրամանատար է: Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը եւ ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաեւ հայ զինծառայողների գերեվարման նպատակով»: Մենք կորուստներ չունենք:
Այս վերջին միջադեպի առնչությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը, ինչպես նախկինում, այս անգամ էլ մտահոգություն են հայտնել՝ հակամարտության կողմերին անհասցե կոչեր ուղղելով՝ ձեռնպահ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից, իրավիճակը լարելուց: Երեկ, տարածաշրջանային քառօրյա այցից առաջ, իրենց տարածած համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները էլի հակամարտության կողմերին կոչ են արել «ակտիվ բանակցությունների ուղղությամբ ջանքերի գործադրման այս փուլում խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, զսպվածություն ցուցաբերել տեղերում, ջանք չխնայել հետագա առաջընթացի համար անհրաժեշտ փոխզիջումների ոգին ամրապնդելու նպատակով՝ զերծ մնալ հրահրիչ հրապարակային հայտարարություններից եւ համոզիչ քաղաքական կամք ցուցաբերել՝ լուրջ երկխոսության մեջ ներգրավվելով»: Հատուկ հայտարարություն է արել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: Նա դատապարտել է շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած զինված բախումները՝ մտահոգություն հայտնելով «երկու կողմերի կրած կորուստների» առնչությամբ, եւ ընդգծել, թե «հրադադարի խախտումները կարող են ապակայունացնել Մինսկի կոնֆերանսի շրջանակներում ընթացող բանակցությունների գործընթացը եւ սահմանափակել կառուցողական երկխոսության հնարավորությունները»,- շեշտել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ իր աջակցությունը հայտնելով ՄԽ համանախագահների հայտարարությանը ու հավելելով, թե «համանախագահների ակտիվացրած ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն այն դեպքում, եթե հակամարտող բոլոր կողմերը դրսեւորեն արդյունքի հասնելու անկեղծ շահագրգռվածություն»:
Հայաստանյան քաղաքական գործիչների մի ստվար հատվածն ու իշխանությունները, սակայն, ինչպես նախկինում, այս անգամ էլ գոհ չեն ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ո՛չ Սաուդաբաեւի անհասցե հայտարարություններից: Հիշյալ հայտարարությունները միանգամայն բնական գնահատեց, սակայն, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա ասելով, օբյեկտիվ լինելու համար նախ՝ պետք է արձանագրել, եւ դա, ըստ նրա՝ հայտնի է, որ երբ փոխհրաձգություններ են լինում, շատ դժվար է ապացուցել, թե դա կողմերից որն է սկսել: Մյուս կողմից, քաղաքագետի ասելով, չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտության կարգավորման միջնորդներ են եւ չեն կարող դառնալ հակամարտության կողմ ու որեւէ մեկի «պոչը» բռնել: «Դրա դասական օրինակը Թուրքիան է: Հենց այն պահից, երբ նա սկսեց ադրբեջանամետ քաղաքականություն վարել՝ պրոցեսից դուրս մնաց: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ եթե համանախագահները փորձեն միակողմանի քայլեր անել, դա մեխանիկորեն կբերի նրան, որ նրանք կդառնան հակամարտության կողմ եւ այլեւս միջնորդ դեր ստանձնել չեն կարող: Դա շատ հստակ է»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել