Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 04,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանյոթերորդ

ՓՈՂԻ ԴԱՐ

Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «Նոբելյան ստանալու համար էլ պիտի տպագրված գիրք ունենաս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ հազար դոլարը ճարեմ ու էդ պոեմս չինարեն թարգմանել տամ, հետո գրքով էլ կտպեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հետո պիտի ամենաքիչը մի հազար էլ ճարես, որ գրքով տպես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ առաջին հազարը ճարեմ, հետո նոր երկրորդի մասին կմտածեմ», եւ ես հարցրի՝ «պոեմդ քանի՞ էջ կըլնի», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «կոմպյուտերով տպած՝ հարուր էջ ա էղել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հազար դոլարով երեւի հազար օրինակ կտպեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հազար օրինակը լրիվ հերիք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց չինացիք մեկուկես միլիարդ են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ գիրքը ձեռից ձեռ ա անցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ պոեմս ընենց գործ ա, որ չինացիք կարդալուց հետո իրանց սեփական ծախսերով կվերահրատարակեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգում եմ, որ էս ասածներս քեզ չեն ոգեւորում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «փող չես տալիս՝ գոնե դուխ տուր» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ասաց՝ «փոխանակ դուխ տաս, մի բան էլ գլխիս սառը ջուր ես լցնում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ Նոբելյան ստանալն էդքան հեշտ բան ըլներ, հայերը մինչեւ հիմա մի քանի հատ ստացած կըլնեին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Նոբելյան ստանալու համար նախ պիտի էդ մակարդակի պոեմ ստեղծած ըլնեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Նարեկացու օրոք ստեղծվել ա, ճիշտ ա, բայց Նարեկացու օրոք էդ մրցանակը գոյություն չի ունեցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ Նոբելյանն ստանամ, սաղդ մեկ առ մեկ մզզալու եք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու ստացի՝ չուզողը թող ե՛ս ըլնեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «չուզողը պոզովպոչով ա՞ ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «փոխանակ դուխ տաս, դուխաթափ ես անում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մեկն ըլնի՝ ի՛նձ դուխ տա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «գիտեմ. էնքան եք անելու՝ մինչեւ ծայրահեղ միջոցի դիմեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ծայրահեղ միջոցը ո՞րն ա», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու վճռական ասաց՝ «էդ տունս կծախեմ՝ համ թարգմանության հարցերը կլուծեմ, համ էլ՝ տպագրության հարցերը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ըտենց ախմախություն չանես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «փաստորեն, ինձ ուրիշ վարիանտ չեք թողում», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «որ տուն ծախելով հնարավոր ըլներ Նոբելյան ստանալ, հիմի սաղս մեր տները ծախած կըլնեինք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «նախ պիտի իմ պոեմի մակարդակի պոեմ ստեղծեք, հետո նոր Նոբելյանի ու տուն ծախելու մասին մտածեք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձնից խորհուրդ տալ ա հասնում՝ տալիս եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ես քեզնից օգնություն եմ խնդրում, դու խորհուրդ ես տալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղս էլ օգնության կարիք ունենք, Ռաֆո ջան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «փաստորեն, սաղս էլ մեծապատիվ մուրացկաններ ենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «մեծապատիվը չգիտեմ, բայց որ մուրացկան ենք՝ էդ հաստատ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ մենակ մի հոգի կօգներ, էն էլ Հայաստանում չի», եւ ես հարցրի՝ «ո՞վ կօգներ», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Սմբատիչը» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ իրա տեղը գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իմանայիր էլ՝ դժվար թե ասեիր», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես գաղտնիության իմաստով չեմ ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ի՞նչ իմաստով ես ասում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «չկամության ու նախանձության իմաստով եմ ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ նախանձություն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «նորություն չի. մեր գրողները միշտ էլ իրար նախանձել են», եւ ես ժպտալով ասացի՝ «Սմբատիչն էլ ա գրող», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդ որում՝ ուժեղ գրող ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզնից լավ գիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ ինքն էլ կարա Նոբելյանի մասին մտածի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը շատ ուժեղ գրող ա, ճիշտ ա, բայց հոգեւորի իմաստով զիջում ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ւմ ա զիջում», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինձ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հոգեւոր իմաստով սաղդ էլ ինձ զիջում եք», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց Նոբելյանը հոգեւոր մրցանակ չի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ նոր հազարամյակ ենք ոտ դրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս նոր հազարամյակը հոգեւո՛ր հազարամյակ ա ըլնելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ Նոբելյանը ստանաս, էլի Սմբատիչին ես պարտական ըլնելու», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ժպտալով ասացի՝ «որ տունդ ծախես ու փողը գրքիդ թարգմանության ու տպագրության վրա ծախսես, կստացվի, որ Վանոյի տված տան փողով ես գրքի ու Նոբելյանի տեր դառնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեր արած վատությունն էլ ձեզ կմնա», եւ ես ժպտալով ասացի՝ «կարեւորը Նոբելյանն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նոբելյանը կարեւոր ա, ճիշտ ա, բայց ազգի պատիվն ավելի կարեւոր ա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ էդ Նոբելյանն ստանաս, ազգի պատիվը միանգամից կբարձրանա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ես հակառակն եմ մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «որ տունս ծախեմ ու Նոբելյանն ստանամ, սաղ աշխարհը մտածելու ա, որ Նոբելյան մրցանակի արժանացած հայ գրողն իրա հայրենիքում անտուն ու անօթեւան ա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ Նոբելյանն ստանաս, միանգամից մի քանի հատ տուն կառնես» եւ ծիծաղելով ավելացրի՝ «տարբեր երկրներում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ձեր վատությունն էլ ձեզ կմնա», եւ ես լրջանալով ասացի՝ «ամեն դեպքում, ինձ թվում ա՝ տուն ծախելը սխալ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ հարցրեց՝ «բա ի՞նչ անենք. թողենք՝ էս ազգն առանց Նոբելյան մնա՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «մեկ էլ եսիմ քանի դար հետո ըսենց հոգեւոր արժեք ստեղծենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ Նոբելյանն ազգի համար ես ուզում, չէ՞», եւ Ռաֆոն տհաճությամբ ինձ նայեց ու հարցրեց՝ «չես հավատո՞ւմ», եւ ես ժպտալով ասացի՝ «հավատում եմ», եւ Ռաֆոն կասկածանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «որ հավատում ես, խի՞ ես ավելորդ հարցեր տալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ Նոբելյանը տվողներն էլ են էդ մրցանակը ազգի համար տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, իրանք են որոշում՝ ո՛ր ազգի գրողին Նոբելյան տան» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «հենց հայերի հերթը հասնի՝ մեկնումեկիս կտան», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ անարժան գործի ու անարժան հայ գրողի տան, լրիվ ենք խայտառակվելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էլ չեմ ասում, որ էդ Նոբելյան մրցանակն ա վարկաբեկվելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու իրանց մրցանակի համար ավելի շատ ես դարդ անում, քան՝ իրանք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «փոխանակ դուխ տաս, դուխաթափ ես անում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտելով ավելացրեց՝ «փաստորեն, չես ուզում, որ էդ պոեմս չինարեն թարգմանվի ու Նոբելյան ստանամ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չեմ ուզում տունդ ծախես», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «փաստորեն, էդ տունն իմ միակ սեփականությունն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս ամբողջ երկիրը սեփականաշնորհեցին, ու էդ մի հատիկ տունն ինձ բաժին հասավ», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էդ էլ չի հասել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «դրա համար ե՞ս էդքան չարացած», եւ ես ժպտալով ասացի՝ «առանձնապես չարացած չեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «արդեն համակերպվել եմ», եւ Ռաֆոն արհամարհանքով նայեց ինձ ու ասաց՝ «ամեն ինչին ըտենց հեշտությամբ համակերպվում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «համակերպվում եք, որ քսան հազար տարեկան ազգը Նոբելյան չունենա», եւ ես ժպտալով ասացի՝ «ճարնե՞րս ինչ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված ձեր առաջ հազար ու մի շանսեր ա բացում, բայց չեք ուզում օգտվեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ատելությամբ ինձ նայելով ասաց՝ «դրա համար էլ պատժվելու եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ ձեր հետ», եւ ես ժպտալով ասացի՝ «հասնում ա», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ի՞նչ ա հասնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «պատիժ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ա հասնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ինձ ու քեզ», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նձ ինչի համար ա հասնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դավաճանության», եւ Ռաֆոն ապշահար հարցրեց՝ «ո՞ւմ եմ դավաճանել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կնոջդ», եւ Ռաֆոն ապշահար հարցրեց՝ «ե՞րբ եմ կնոջս դավաճանել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «նախքան ամուսնանալդ», եւ Ռաֆոն հանգստացած շունչ քաշելով հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դու ես ասել», եւ Ռաֆոն նորից հանգիստ շունչ քաշեց, մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ Սվետայից ոչ մի խաբարություն չունե՞ս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ Սվետա», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էն՝ որ հետը շնանում էիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «նախքան ամուսնանալդ՝ Մոսկվայում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի անգամ էլ հետդ Կալոննի զալ՝ շախմատի էիր բերել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Սվետիկին», եւ ես հիշելով ասացի՝ «Սվետային Բալշոյ ծեատրում ես տեսել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի անգամ Բալշոյ ծեատրում, մի անգամ էլ՝ Կալոննի զալում», եւ ես հիշելով ասացի՝ «հնարավոր ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սվետիկը քեզ շատ էր սիրում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «զգացվում էր», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ց էր զգացվում», եւ Ռաֆոն ավելի կարմրելով ասաց՝ «աչքերից» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ չսիրեր, դժվար թե՝ հետդ Կալոննի զալ գար», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի Կալոննի զալն էդքան վատ տեղ է՞ր» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ շախմատի օրերին բոլորը երազում էին Կալոննի զալ մտնել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «Սվետան չէր երազում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը Կալոննի զալում ձանձրանում էր», եւ ես նորից զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «րոպեն մեկ թեւիցդ քաշում էր, թե՝ գնանք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «զգացվում էր, որ քեզանից բացի ինքը ուրիշ հետաքրքրություն չուներ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ զգացողություն ունես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ուժեղ զգացողություն չունենայի, չէի կարա էդ մակարդակի պոեմ գրեի», եւ ես ժպտալով ասացի՝ «նույնիսկ կողմնակի մարդկանց զգացածն ես զգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կողմնակի մարդիկ գոյություն չունեն. բոլոր մարդիկ էլ քույրեր ու եղբայրներ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «որ քույրեր ու եղբայրներ են, ո՞նց են իրար հետ շնանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասված ա՝ մի՛ շնացիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց շնանում են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն շնացողների՛ պրոբլեմն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ես ու դու էլ ենք շնացել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ենք շնացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «վախտին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞ւմ հետ ենք շնացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հիմնականում ռուսների հետ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու քե՛զ տես. ես իմ մեղքերի համար արդեն թողություն եմ ստացել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց ես ստացել», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Եղբայր Հովակիմի միջնորդությամբ ու Բարձրյալի գթասրտությամբ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ, դու քո՛ մասին մտածի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես է՛լ եմ մեղքերի թողություն ստացել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ամուսնանալուցս առաջ», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց ես ստացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Հավատացյալ Խորենի միջոցով», եւ Ռաֆոն հարցրեց՝ «էդ ո՞վ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «չես ճանաչում», եւ Ռաֆոն հարցրեց՝ «հավատացյալ ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հայաստանում ինչքան հավատացյալ կա՝ սաղին ճանաչում եմ» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ասում ես՝ անունն ինչ ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Խորեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նոր ուրիշ անուն էիր ասում», եւ ես ասացի՝ «Հավատացյալ Խորեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը որ իրան Հավատացյալ ա անվանում, իրականում դժվար թե իսկական հավատացյալ ըլնի», եւ ես ասացի՝ «ինքը իրան Հավատացյալ չի անվանում», եւ Ռաֆոն հարցրեց՝ «բա ո՞վ ա անվանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատացյալների սաղ խմբերին էլ ճանաչում եմ, բայց մեջները ոնց որ թե Խորեն չկա», եւ ես ասացի՝ «ինքը ոչ մի խմբի մեջ չկա. ինքը մենմենակ ա հավատում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «մենմենակ ու ինքնուրույն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղս էլ ինքնուրույն ենք հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց համապատասխան միջավայր ու մթնոլորտ էլ ա հարկավոր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Խորենը տեղով մեկ մթնոլորտ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինքը ինչացո՞ւ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սովորական մարդ ա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ոչ թռնում ա, ոչ էլ գիպնոզ ա անում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «ոչ էլ Նոբելյան մրցանակ ա ուզում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց գրո՞ւմ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «դժվար թե», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ըտենց հայ կա՞, որ ինչ-որ բան չգրի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Խորենը դժվար թե գրի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչի՞ ես ըտենց համոզված», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ Խորենը փառասեր չի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «գրելը երեւի փառասիրության հետ կապված բան ա», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ մենք փառասեր ենք» եւ մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «թե՞ Նարեկացին էր փառասեր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Նարեկացու մասին բան չեմ կարա ասեմ, որովհետեւ իրան չեմ տեսել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «իմ տեսած բոլոր մարդիկ էլ շատ թե քիչ փառասեր են», եւ Ռաֆոն քամահրանքով հարցրեց՝ «բացի քեզանի՞ց», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «բացի Հավատացյալ Խորենից», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ Խորենին տենամ՝ հաստատ տեղը կբերեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ իրան թեկուզ մի անգամ տեսած ըլնեիր, դժվար թե մոռանայիր», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որովհետեւ արտակարգ հիշողություն ունես», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու որ Սվետային հիշում ես, ամեն ինչ էլ կհիշես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սվետային հնարավոր չի մոռանալ» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով հարցրեց՝ «կապուտաչյա էր, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «աչքերի գույնը լավ չեմ հիշում», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչն ես հիշում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մնացած ամեն ինչը հիշում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով հարցրեց՝ «ասում ես՝ իրանից ոչ մի խաբարություն չունե՞ս. իրա հետ կապերդ լրիվ խզե՞լ ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իմ ու իրա կապն ընդամենը մի քանի ամիս ա տեւել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ հեչ ճաշակ չունես», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ ճաշակ չունեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ճաշակ ունենայիր, ըտենց գյոզալին ձեռիցդ բաց չէիր թողի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հիմի չեմ էլ հիշում՝ ե՞ս եմ իրան թողել, թե՞ ինքը՝ ինձ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «վարիանտ չկա, որ ինքը քեզ թողած ըլնի», եւ ես հարցրի՝ «խի՞ վարիանտ չկա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը քեզ շատ էր սիրում», եւ ես զարմացած հարցրի՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգում էի», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ինչի՞ց էիր զգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «աչքերից» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «իրա չախկալ ու սիրուն աչքերից զգացվում էր, որ քեզ շատ ա սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Կալոննի զալում նստած՝ ինքը փոխանակ Կասպարովին ու Կարպովին նայեր, մի գլուխ քեզ էր նայում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, դու էլ մի գլուխ Սվետային ես նայել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «որովհետեւ նայելո՛ւ բան էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ մոմենտներին գիտե՞ս ինչ էի մտածում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ էիր մտածում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մտածում էի՝ երանի՜ Արմենին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ ուրախ եմ», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ինչի՞ համար ես ուրախ», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրախ եմ, որ ինձ էլ երանի տվող կա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ մի վախտ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի դո՛ւ պիտի ինձ երանի տաս», եւ ես ժպտալով հարցրի՝ «քեզ խի՞ պիտի երանի տամ», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ ըտենց ուժեղ պոեմ եմ գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «մինչեւ չկարդամ, չեմ կարա երանի տամ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իշտահիդ քացախ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ կարդաս էլ՝ դժվար թե հասկանաս», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չպիտի հասկանամ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ հասկացող ըլնեիր, Սվետիկի պես աղջկան ձեռիցդ բաց չէիր թողի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կամ պիտի իրանից բաժանվեի, կամ էլ պիտի հետը ամուսնանայի» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «դու ռուսի հետ կամուսնանայի՞ր», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ Սվետայի պես աղջիկ ըլներ, կարող ա մտածեի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ Սվետային առնեիր, Նոբելյանիդ հարցն էլ կարող ա գլուխ գար», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը վայ թե հիսուն տոկոսով հրեա էր», եւ Ռաֆոն հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էիր ասում, որ հրեաներն են որոշում՝ Նոբելյանն ում տան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան հասկանում եմ, էս քսանմեկերորդ դարը հրեաներինը չի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞ւմն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «փողինն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ փողատերերինն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փողատերերն էլ են եվրեյները», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնքան էլ ըտենց չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Էմիրաթներում ու Քուվեյթում շեյխեր կան, որ եվրեյներից շատ ունեն», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն, քսանմեկերորդ դարը շեյխերինն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փողինն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «հիմի փողն ա ամեն ինչ որոշում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «միշտ էլ փողն ա որոշել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փողը որոշել ա, ճիշտ ա, բայց ջհուդների դաբրոն պարտադիր էր», եւ ես ժպտալով հարցրի՝ «Նոբելյանի իմաստով ե՞ս ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչի իմաստով», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ուրեմն, ճիշտ ես արել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ արել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ճիշտ ես արել, որ Սվետայի հետ չես ամուսնացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո էդ Սվետային ընդամենը մի քանի րոպե եմ տեսել. մի քանի րոպե հետներս շախմատ նայեց, ու փախաք», եւ ես ժպտալով ասացի՝ «սիրահարվելու համար մի քանի րոպեն էլ ա հերիք» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ասում են, չէ՞. սեր՝ առաջին հայացքից», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշ բան էլ են ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուրիշ ի՞նչ են ասում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ասում են՝ սերն աթարին էլ ա կպնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «աթարն ո՞վ էր», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սվետիկի համեմատությամբ՝ դու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Սվետիկի համեմատությամբ՝ սաղս էլ աթար ենք»։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել