Հանրապետությունում լույս տեսնող մամուլը համալրվեց եւս մեկ շաբաթաթերթով: Երեկ «Հայացքի» առաջին համարի շնորհանդեսն էր:
«Աշխատելու ենք այս սկզբունքով՝ իշխանությունների մոտ ընդդիմադիր ենք, ընդդիմադիրների մոտ՝ իշխանամետ, որովհետեւ երկուսն էլ մերն են, երկուսի թերությունն ու հզորությունը ազգինն է, իսկ մենք խեղճացած ժողովրդի կողքին ենք, ով ավելի լավ ապրելու իրավունք ունի: Ժողովրդի բարեկեցիկ կյանքին նպաստելու համար չենք նայելու ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը»,- թերթի շնորհանդեսի ժամանակ ասում էր գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը, ով հայ ընթերցողին հայտնի է դեռ «ՀՀ» եւ «Զրուցակից» օրաթերթերում աշխատելու տարիներից: Նրա խոսքով, շաբաթաթերթը հիմնականում քաղաքական-հասարակական ու մշակութային ուղղվածություն է ունենալու. «Մշակույթը մամուլի էջերում բացակայում է, ցավոք, մշակույթի մարդը տեղ չունի նաեւ թերթի էջերում, մեր թերթում մշակույթը խիստ առաջնային է լինելու: Այն մարդը, որի խոսքին ժողովուրդը կարոտ է ու ցանկություն ունի լսելու, նրա ձայնը հասանելի կլինի»: Նորաստեղծ թերթի խմբագիրը մտավախություն չունի, թե ֆինանսական խնդիրների պատճառով թերթը կարող է կարճատեւ կյանք ունենալ. «Եթե նման խնդիր ունենայինք, գունավոր չէինք տպագրի հենց առաջին համարից»: 16 էջանոց «Հայացքը» առայժմ լույս է տեսնելու 3 հազար տպաքանակով, բայց խմբագրակազմը նախատեսել է ընդլայնել տպաքանակը ու առաջիկայում էլ շաբաթաթերթը օրաթերթի փոխել: Շնորհանդեսին ներկա գրող Ռազմիկ Դավոյանն էլ իր շնորհավորանքն ուղղելուց հետո նկատեց. «Թերթի վերեւամսում գրված է անկախ շաբաթաթերթ, չնայած ազատ մամուլ չի եղել ու չկա, բայց իմ մաղթանքն է՝ եթե ձեր թերթը կախում ունենա, ապա միայն՝ ազգային իդեալներից, ազգի մղումներից ու նպատակներից, բարձր չափանիշներից»: