ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է, ինչ Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», սեպտեմբերի 5-11-ը անց է կացնում «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ծրագրի ղեկավար Արմեն Սաֆարյանը: Փառատոնին մասնակցում է 22 տիկնիկային թատրոն ու թատերախումբ՝ Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Չեխիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից, Բելառուսից, ինչպես նաեւ Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից:
«Կցուցադրվեն ազգային հեքիաթների թեմաներով համատեղ ներկայացում-պրեմիերաներ»,- ընդգծեց Ա. Սաֆարյանն ու հավելեց, որ փառատոնի օրերին հունգար եւ հայ տիկնիկային գործիչների ուժերով կներկայացվեն «Արարչագործություն» բեմադրությունը, սլովեն-չեխ եւ բելառուս տիկնիկային գործիչների համատեղ ուժերով ստեղծված ներկայացումները:
Կիրականացվի «Տիկնիկները՝ հանուն խաղաղության» բացօթյա տոնախմբություն: Արդեն Երեւան է ժամանել շվեյցարացի մասնակիցը՝ Փիթեր Բլասերը, ով պատրաստվում է վայրէջք կատարել օդապարիկով: «Հուսանք՝ ամեն ինչ բարեհաջող կլինի, ու եղանակը Բլասերին չի խանգարի»,- ասում է Ա. Սաֆարյանն ու հավելում, որ փառատոնի հյուրերին Ստվերների տիկնիկային ծիսական թատրոնի միջոցով կներկայացվի «Տիկնիկային արվեստի ակունքները Հայաստանում» ներկայացում-վարպետության դասը:
Տիկնիկային թատրոնների 5-րդ միջազգային փառատոնը սեպտեմբերի 18-ին կտեղափոխվի նաեւ Երեւան: Տոնական հանդիսավոր շքերթը Երեւանում կմեկնարկի Հովհ. Թումանյանի թանգարանից եւ կհասնի օպերային հրապարակ, ուր հարգանքի տուրք կմատուցվի մեծն Թումանյանին՝ նրա արձանի մոտ: Դսեղում մեկնարկելիք փառատոնի բացմանը ԶԼՄ ներկայացուցիչները, ըստ երեւույթին, չեն մեկնի, քանի որ փառատոնի կազմկոմիտեն այս հարցում, որքան հասկացանք, առատաձեռն չէ: