1991թ. սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության մասին ԼՂՀ ղեկավարության որոշումն արցախահայությունը միահամուռ վավերացրեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ միջազգայնորեն ընդունված ամենաազդեցիկ իրավանորմով՝ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ: Մինչ օրս հայկական երկու պետությունների ղեկավարությունները Արցախի նորօրյա անկախության այդ պատմական տարեդարձները բովանդակ հայության կողմից տոնական ակցիաներով նշելու եւ քաղաքական հնչեղություն հաղորդելու հարցերում նախաձեռնություն հանդես չեն բերել՝ բավարարվելով շնորհավորական հերթապահ խոսքերով:
Այնինչ նրանք գեթ հետայսու պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն նաեւ քաղաքական նշանակության նման իրադարձության նախաձեռնմանը (հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկրիս ղեկավարների կողմից հայտարարված է որպես նախաձեռնողական): Հայաստանի եւ Արցախի դրոշներով, պաստառներով, փողոցներում ու հրապարակներում երթերի եւ տարբեր հանդիսությունների միջոցով նշյալ տարեթվերի յուրատեսակ միջազգայնացված նշումը Սփյուռքի մեր բազմաբյուր հայրենակիցների կողմից նվազագույնը քաղաքական միավորներ կբերի Արցախի միջազգային ճանաչվածությանը (այդ թվում՝ պաշտոնական): Հատկապես ձախողված «ֆուտբոլայինից» հետո, իմ կարծիքով, առաջին ու տրամաբանական քայլը կարող է լինել հենց սեպտեմբերի 2-ին միջազգայնացված ակցիաների կազմակերպումը՝ որպես նաեւ շատ ավելի վաղ եւ անհամեմատ իրավական հիմքերով սեփական հողի վրա անկախացած Արցախի վերաբերյալ Կոսովոյի նախադեպի կիրառման անհրաժեշտության պահանջ: Կոալիցիականները կարող են չվախենալ այս առաջարկը կյանքի կոչելու փորձից. վերջինս չի կարող վտանգել իրենց «պերերիվները»: ՀԱԿ-ի ղեկավարների դեպքում ավելորդ է խոսելը. նրանց առաջնորդի համագումարյան ելույթը, որով նա Հայաստանի զարգացման միակ նախադրյալ դարձյալ որակեց ԼՂՀ հիմնախնդիրը, առավել քան աներկբա է վկայում Արցախի անկախության մասին իր պատկերացումները: ՀՅԴ-ի պարագայում նույնպես շատ բան հստակ է. 10 տարուց ավելի իշխանության մեջ, հայ-թուրքականում՝ մասնակի «Ոչ», Արցախի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագծերին՝ հստակ «Ոչ»: Արդ վերոնշյալ առաջարկին որպես քաղաքականապես աջակցող հնարավոր ուժ (ինչը, ըստ իս, էական է) մնում է միայն «Ժառանգությունը», որի պատգամավորներին էլ դիմում եմ առաջարկով՝ արտաքին քաղաքականության լծակներին ի պաշտոնե տիրապետող իշխանականներից պահանջեք միջազգայնացված նշել սեպտեմբերի 2-ի եւ դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության խորհրդանշական օրերը: Առավել եւս, որ առաջարկս հոգեհարազատ պետք է լինի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ հեղինակած «Ժառանգության» պատգամավորներին, ովքեր, ի լրումն, ընդօրինակման արժանի ավանդույթ են ձեւավորել յուրաքանչյուր սեպտեմբերի 2-ին եւ դեկտեմբերի 10-ին այցելել Երեւանում ԼՂՀ ներկայացուցչություն ու շնորհավորել Արցախի ժողովրդին եւ իշխանություններին: