«Առավոտ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 25-ի «Սաբոտաժ translator.am-ի դեմ» հոդվածի վերաբերյալ
Ինչպես ISMA ՍՊԸ կողմից մշակված, այնպես էլ ներկայումս կիրառության մեջ գտնվող այլ համանման էլեկտրոնային թարգմանչական ծրագրերը հիրավի կարեւոր նշանակություն ունեն Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային ծառայությունների համատարած կիրառման եւ, ընդհանրապես, տեղեկատվական հասարակության կայացման գործընթացում ծագող լեզվական խոչընդոտների հաղթահարման տեսակետից:
2000 թվականին հարգարժան պրոֆեսորի եւ նրա գլխավորած մասնագիտական թիմի կողմից նման ծրագրի ստեղծման նախաձեռնությունն իսկապես նորարարական բնույթ ուներ հայաստանյան շուկայում, որի համար էլ այն արժանացել էր պետական ուշադրության եւ ֆինանսավորվել ինչպես թեմատիկ ծրագրերի շրջանակում (2005թ.-ից մինչ օրս՝ շուրջ 23,4 մլն ՀՀ դրամի չափով, մասնավորապես՝ 2010թ.-ին՝ 5.8 մլն դրամ), այնպես էլ 2006թ.-ին՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից:
Սակայն հետագա տարիներին ե՛ւ հայաստանյան, ե՛ւ միջազգային մի շարք մասնավոր ընկերությունների կողմից (Avialnfotel, Google, Prompt եւ այլն) մշակվել (ի դեպ՝ առանց ՀՀ պետական բյուջեից միջոցների հատկացման) եւ (կոմերցիոն կամ ոչ կոմերցիոն նպատակներով) կիրառության մեջ են դրվել համանման այլ ծրագրեր, որոնք ներկա փուլում թարգմանչական որակով առնվազն չեն զիջում ISMA ՍՊԸ կողմից մշակված ծրագրին:
ISMA-ի կողմից մշակված ծրագրի լրացուցիչ պետական ֆինանսավորման հարցը բազմիցս քննարկվել է ինչպես ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, այնպես էլ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում (ՏՏԶԱԽ), որի նախագահն է ՀՀ վարչապետը, իսկ անդամները՝ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները, շահագրգիռ պետական եւ հասարակական մարմինները, միջազգային կառույցները եւ այլն:
Վերը նշված քննարկումները բերել են այն եզրակացության, որ ներկայիս ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում գիտական նորարարությունները պետության կողմից պետք է ֆինանսավորվեն սկզբնական փուլում՝ մինչեւ հետազոտական մասի արդյունքում նախատիպի ստեղծումը: Դրանից հետո ծրագրերը պետք է առեւտրայնացվեն եւ հետագա զարգացման եւ բարելավման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանան այլ շահագրգիռ գործընկերներից, ներդրողներից եւ/կամ օգտվողներից: Եվ եթե անգամ այս փուլում որոշակի բացառությամբ ենթադրվի պետական ֆինանսավորում, ապա այն առնվազն պետք է լինի համաֆինանսավորման սկզբունքով, որպեսզի երաշխավորվի այդ ծրագրի շուկայի կողմից գրավչությունը եւ կայունությունը:
Ելնելով վերոգրյալից՝ ՏՏԶԱԽ 2009թ. հունիսի 29-ի նիստում որոշվել է, որ շուկայում առկա ծրագրերից միայն մեկի նկատմամբ նման տարբերակված մոտեցման կիրառումը, այն է՝ պետության կողմից մի ծրագրի շարունակական եւ անժամկետ ֆինանսավորումը, որն իր գոյության մի քանի տարիների ընթացքում այդպես էլ կոմերցիոն հետաքրքրություն չի գտել (եւ, ի դեպ, ինչպես վերը նշված է, շարունակում է ստանալ բյուջետային ֆինանսավորում՝ թեմատիկ ծրագրի շրջանակում), նպատակահարմար չէ եւ կդիտվի որպես շուկայական հարաբերությունների խախտում:
Միաժամանակ, ՏՏԶԱԽ-ի վերոնշյալ եւ այլ (պրն Մանուկյանի մասնակցությամբ կայացած) նիստերի ժամանակ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին բազմիցս կոչ է արվել հնարավորության եւ հետաքրքրության սահմաններում աջակցել ISMA ՍՊԸ-ի կողմից մշակված առցանց թարգմանչական ծրագրի հետագա զարգացմանը, որին, սակայն, մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել:
Այդ մասին էլ գրավոր տեղեկացվել էր պրն Է. Մանուկյանը: