Բաց նամակ՝ ՀՀ նախագահին
ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող կալանավորների մի խումբ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջինիս խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ առնել երկրում գործող ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը քրեակատարողական հիմնարկներում կիրառելու, իսկ ավելի ճիշտ՝ չկիրառելու արատավոր պրակտիկան: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը.
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի 1-ին մասը, որով կարգավորվում է դատապարտյալների բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հարցը, ՀՀ-ում ընդհանրապես չի գործում, մասնավորապես՝ 2010 թ. հունվարի 1-ից մինչ այսօր ոչ մի դատապարտյալ չի տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտված դատապարտյալների: Ասենք ավելին, ունենք բազմաթիվ դեպքեր, երբ արդեն իսկ բաց ուղղիչ հիմնարկում գտնվող դատապարտյալներին ետ են վերադարձրել կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ՝ առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության եւ իրավական հիմքերի: Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովի ետ վերադարձման որոշման մեջ, որպես հիմնավորում, նշված է ՀՀ դատախազության միջնորդությունը, որը ուղղակիորեն հակասում է քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի 2-րդ մասին, այսինքն՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման կարգը ընդհանրապես չի գործում:
ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածում նախատեսում է ազատազրկման ձեւի պատիժ կրող անձանց պայմանական վաղաժամկետ ազատումը: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 113 հոդվածը սահմանում է պատժից ազատելու կարգը: Չնայած օրենքով նախատեսված բոլոր պահանջները իբր թե կատարվում են, բայց իրականում ստեղծվում է իրավիճակ, որ դատապարտյալները այդ գործընթացում հանդիպում են ռեալ անբացատրելի եւ անհասկանալի արգելքի, որը հաղթահարել տեսականորեն անհնարին է: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում գործող վարչական հանձնաժողովները ինչ-ինչ ցուցումների հիման վրա առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների մի մասով (ՀՀ քրօր.-ի 104, 112, 175 եւ 266 հոդվածներով) դատապարտված անձանց, անկախ նրանց դրսեւորած վարքագծից, չեն ներկայացնում անկախ հանձնաժողովին: Վարչական հանձնաժողովը վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց հայտարարում է, որ քրեակատարողական վարչության ցուցումով նրանք, անկախ իրենց դրսեւորած վարքագծից, չեն կարող օգտվել ՀՀ օրենքներով նախատեսված իրենց պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից: Իսկ այն դատապարտյալները, որոնց քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը դրական եզրակացություն տալիս է, ներկայացվում են՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով), որը իրավասու է եւ տալիս է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն: Իսկ անկախ հանձնաժողովը, որը չի զբաղվում դատապարտյալների ուղղման գործընթացով, բացարձակապես չի ճանաչում եւ չի շփվում դատապարտյալների հետ, որի շփումը դատապարտյալի հետ, այն էլ՝ հանձնաժողովի մեկ անդամի միջոցով, տեւում է ընդամենը 3-5 րոպե, առաջնորդվելով բոլորին անհայտ չափորոշիչներով, անտեսելով քրեակատարողական հիմնարկի կողմից տրված դրական եզրակացությունը, կայացնում է մերժման ապօրինի որոշում, որը բողոքարկման ենթակա չէ:
Վերը նշված իրավախախտումների հետեւանքով այսօր ՀՀ-ում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են: Քրեակատարողական հիմնարկի կացարաններում տեղաշարժվելու հնարավորություն չկա, չի ապահովվում յուրաքանչյուր ազատազրկված անձի՝ օրենքով նախատեսված 4 (չորս) քմ տարածքը: Կիսաբաց ուղղիչ հիմնարկների կացարանները բնակեցվում են 10-ից ավելի դատապարտյալներով, որը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 104 հոդվածի ուղղակի խախտում է: Քրեակատարողական հիմնարկի գերբնակեցվածության հետեւանքով լուրջ առողջական խնդիրներ են առաջանում հարյուրավոր դատապարտյալների մոտ: Այդ ամենի արդյունքում բազմաթիվ դատապարտյալների ընտանիքներ կանգնած են քայքայման եզրին կամ արդեն քայքայվել են:
Հարգելի պարոն նախագահ, ՀՀ Սահմանադրությամբ Դուք եք հետեւում մեր երկրում Սահմանադրության պահպանմանը, ապահովում եք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, որ նույն ՀՀ քրեակատարողական օրենսգրքով մեզ դատապարտում են, սակայն երբ պետք է առաջնորդվել այդ նույն օրենսգրքի պահանջով՝ մեզ պայմանական վաղաժամկետ ազատելու, օրենքը սկսում է չգործել:
Հարգելի պարոն նախագահ, խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության տակ վերցնել վերը շարադրված գործընթացները, քանի որ մենք չենք հավատում ո՛չ «անկախ» կոչված հանձնաժողովին, ո՛չ էլ քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովին»: