Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբի ինտերնետային կայքի տարածած տեղեկատվության համաձայն, ակումբի համանուն կանանց թիմը Կուրսկում սեպտեմբերի 27-29-ը կայանալիք կանանց բասկետբոլի միջազգային ավանդական մրցաշարին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել: Մրցաշարում Հայաստանի չեմպիոնի մրցակիցները լինելու են տեղի «Դինամոն», Վոլոգդայի «Չեւակատան» եւ Ուկրաինան ներկայացնող «Դնեպրը»:
«Հատիսին» վերը նշված թիմերից քաջածանոթ է «Չեւակատան», որի հետ մեր հանրապետության լավագույն թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության անցած՝ 2009/2010 թվականի խմբային մրցաշարի շրջանակներում հասցրել է երկու անգամ հանդիպել՝ մեկ անգամ հաղթել՝ հյուրընկալելիս, իսկ երկրորդ անգամ, արդեն մրցակցի դաշտում, տանուլ տալով:
Դատելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ ակումբի ղեկավարության տրամադրվածությունից՝ «Հատիսն» ընդունել է հրավերը եւ անպայման հանդես կգա Կուրսկի այդ մրցաշարում: