Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏՈՎ ԴԵՊԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Հաշմանդամային սպորտի երկամսյակ՝ Հայաստանում

\"\"

Սպորտում հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հստակ կատալիզատոր է:
Հասարակությունը, իր բոլոր բարիքներով ու չարիքներով, բարեկեցությամբ ու թշվառությամբ, առաջին հերթին արտացոլվում է սպորտի ոլորտում:
Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի այդ կատալիզատորային համակարգում: Ցավոք, Հայաստանում շատ քչերն են տեղեկացված հաշմանդամային սպորտի թե գոյության եւ թե հաջողությունների մասին: Մինչդեռ՝ ունենք մեկն էլ, մյուսն էլ: Հիշենք թեկուզ 2010-ին 15-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանի «արծաթե գարունը»:
Այսօր էլ լողի մրցումներով մեկնարկում է «Սպորտով դեպի հասարակություն» խորագիրը կրող հաշմանդամային մարզաձեւերի հանրապետական մրցաշարը, որն անցկացնում է հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության «Սպորտային ցանց՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում: Իսկ նախօրեին hանրապետական մրցաշարերի պաշտոնական մեկնարկի մամլո ասուլիս էր հրավիրվել, որին ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՍՀԱՖ նախագահ Սամվել Ռոստոմյանը, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի հրամանատար Կարեն Բալայանը, սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանն ու փոխնախագահ Գարիկ Մկրտչյանը:
ՀՍՀԱՖ նախագահի խոսքերով՝ այս մրցաշարերը առաջին հերթին հաշմանդամային սպորտին, հաշմանդամներին ակտիվ հասարակական-մարզական կյանքին ինտեգրելու գործում հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում: Հենց դա է պատճառներից մեկը, որ, օրինակ, սեղանի թենիսի մրցաշարն անցկացվելու է Վանաձորում (Երեւանում հաշմանդամները համեմատաբար ավելի են ինտեգրված):
Ի դեպ, հանրապետական հինգ մրցաշարերն անցկացվելու են զուտ հաշմանդամային երկու մարզաձեւերում՝ գոլբոլ, բոչիա, առագաստանավային սպորտ, սեղանի թենիս, լող: Առագաստանավային սպորտի մրցումներն անցկացվելու է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի հետ համագործակցությամբ: Ինչպես հայտնեց Կարեն Բալայանը, հաշմանդամների հետ համագործակցությունը առաջին տարին չէ, որ գոյություն ունի: Մրցումներն էլ այս տարի անցկացվելու են ավանդական երկու մեծ նավակներով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կառավարել 7-8 մարդ, ինչը նշանակում է, որ մրցումներին կներգրավվեն մեծ թվով մասնակիցներ:
ՀՍՀԱՖ նախագահ Սամվել Ռոստոմյանի խոսքերով, Հայաստանում արդեն սկսում են լավ գիտակցել հաշմանդամային սպորտի կարեւորությունը: Դա ՀՍՀԱՖ-ի՝ շուրջ 20 ազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի արտացոլումն է: Միեւնույն ժամանակ, Ռոստոմյանը նշում է, որ ֆեդերացիային պետական աջակցություն չի տրվում. «Մենք առաջարկով դիմել ենք Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին, խնդրել՝ հնարավորության սահմաններում ֆինանսական օգնություն ցույց տալ, սակայն մեզ պատասխանել են, որ առաջիկա հինգ տարիներին դա հնարավոր չէ: Հայաստանում պետական ֆինանսավորում ունեցող 166 դպրոցներից ոչ մեկում հաշմանդամ երեխաների համար խմբեր ստեղծված չեն, որեւէ երեխա ընդգրկված չէ»:
Փոխարենը՝ այսօրվանից մեկնարկում է Եվրամիության ֆինանսավորման 24-ամսյա ծրագիրը: Այդ մասին խոսեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Դեսպանը նշեց, որ այս միջոցառումները հաշմանդամ մարզիկների իրավունքների դրսեւորման լավ օրինակ են: Մանավանդ, նախկին մարզիկի խոսքերով, ծրագրում ընդգրկված են բարդ մարզաձեւեր:
Նշենք նաեւ, որ մրցումներն անցկացվելու են Երեւանի, Վանաձորի, Սեւանի, Ապարանի մարզակառույցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել