Լրահոս
Օրվա լրահոսը

«21-ի հեռանկարները»՝ արդեն «Երեւանյան»

Սեպտեմբեր 04,2010 00:00

Սեպտեմբերի 22-23-ը Երեւանում կկայանա «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի աշնանային համերգաշրջանը, որի շրջանակներում հայաստանյան բեմում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Royal Philharmonic Orchestra:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ փառատոնի անվան մեջ տեղի է ունեցել փոփոխություն. «Նախկին՝ «21-ի հեռանկարները» դարձրինք «Երեւանյան հեռանկարներ»: Նման ծավալի եւ նշանակության փառատոները ողջ աշխարհում կրում են իրենց տեղանունները, ինչպես՝ Էդինբուրգի, Բեռլինի, Վեբիերի եւ այլն….»:
Արվեստի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց. «Փառատոնն իր գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է հայկական գործոնի միջազգային ճանաչման ու ստեղծագործական համագործակցության խնդիրը, ուստի եւ սեպտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվող համերգին Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, մենակատարը աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին է: Իսկ սեպտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող երկրորդ համերգին՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակի ղեկավարությամբ ելույթ կունենան մեր հայրենակիցներ՝ օպերային մեներգիչներ Բարսեղ Թումանյանն ու Հասմիկ Պապյանը»:
Ըստ Ստ. Ռոստոմյանի՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի այցը Հայաստան եւ հայազգի երաժիշտների մասնակցությունը համերգային ծրագրին՝ իրադարձություն է. «Սա պատմական նշանակություն ունի մեր մշակույթի համար: Մեծ դժվարությամբ հասանք  Լոնդոնի Թագավորական նվագախմբի այցին Հայաստան: Այս խումբը դասական երաժշտության ամենամեծ որակներից է: Այդ որակին գումարվելու է այլ մեծ որակ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարումները՝ Հասմիկ Պապյանի ու Բարսեղ Թումանյանի»:
Բ. Թումանյանը համաձայնեց, որ փառատոնը հայկական մշակութային կյանքում իրապես մեծ իրադարձություն է. «Մասնավորապես դասական երաժշտության ասպարեզում է սա նպաստավոր: Երբ իմացա, որ պետք է համատեղ ներկայանամ Լոնդոնի ֆիլհարմոնիկի հետ, մեծ ոգեւորությամբ ընդունեցի լուրը: Սա դասական երաժշտության բարձրակետն է լինելու: Երբեմն մեր հանդիսատեսը չի զգում՝ ինչ պատահեց, ինչ տեղի ունեցավ, ինչ համաշխարհային մեծության երաժիշտ, արվեստագետ այցելեց Հայաստան եւ ծանոթացավ հայկական մշակույթին: Ամեն մի կատարում արդեն ժառանգություն է արվեստում»:
Հ. Պապյանն էլ ասաց. «Ինձ համար մեծ հպարտություն է Հայաստանում բարձր արվեստը ներկայացնել վարպետների մասնակցությամբ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել