Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեղավորը պաշտոնական հայրենասերներն են»

Սեպտեմբեր 04,2010 00:00

Ըստ Ռուբեն Հախվերդյանի, հենց նրանք են ամեն տեսակ շիլաշփոթի հեղինակները

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին երգիչ-երգահաններ Ռուբեն Հախվերդյանն ու Արտավազդ Բայաթյանը: Ասուլիսին անդրադարձ եղավ Ռ. Հախվերդյանի թուրքական «Հուրիեթին» տված հարցազրույցին եւ դրա աղմկալի հետեւանքներին հայկական ԶԼՄ-ներում: Հախվերդյանն ասաց, որ իր երգերի թողարկման իրավունքը ստանալու վերաբերյալ թուրքական կողմի հետ որեւէ պայմանագիր չկա, Հայաստանում էլ ոչնչից մեծ աղմուկ են սարքել: «Լինի էլ, դեմ չեմ լինի: Եթե Հայկոն աղավաղում է, Պողոսն ու Պետրոսը իմ բառերի տեղը փոխում կամ ուրիշ բառեր են օգտագործում, ավելի լավ չի՞ թուրքերեն մաքուր իմ ասածը ասեն, քան աղավաղեն… Մի հատ գնացեք Զանգվի ձոր, նույնիսկ կենդանիներն են փախչում էդտեղի ռեստորանների ոռնոցներից, էդտեղից քյարվանսարայի, թրքաբարո, թրքաձեւ երաժշտություն է լսվում: Ժամանակին, երբ մենք «Բիթլզ» էինք լսում եւ ճաշակ սովորում, դեռ էն ժամանակ կային՝ քիթ-կոկորդ-ականջ-եղունգով մարդիկ: Վերջերս էլ էդ կենդանիներից մեկին տեսա: Ես նաեւ անզգուշություն ունեցա ասելու, որ զարգացած թուրքին չեմ փոխի 1000 տգետ՝ եղունգով հայի հետ… Այսինքն, էստեղ մարկարդակի եւ զարգացածության հարց է, կուրորեն չի կարելի ատել: Ֆաշիստական Գերմանիայում մեկը ձեռքը բարձրացնում էր, միլիոնավոր մարդիկ նույն շարժումն էին անում: Չի կարելի ազգը կամ ժողովուրդը դարձնել ամբոխ: Ես շատ ցավում եմ, որ կառավարական շրջանակներում էլ կան մարդիկ, որ թրքաբարո են ապրում, էդ տեսակ երգեր լսում …Այսօր քիթ-կոկորդ-ականջ-եղունգավորներից շատերը դարձել են հեղինակություններ եւ ժողովրդին թելադրում են իրենց ճաշակը… Չմոռանաք Աշտարակի ճանապարհի էն «հրաշալի» տունը կամ կառուցապատումը, որտեղ էկլեկտիկ ժանրով հունահռոմեական արձաններից սկսած՝ ֆրանսիական ոճով ինչ-որ կնանիք են կանգնած»,- ասում Ռ. Հախվերդյանը: Ներկայիս գերիշխող «մշակույթն» էլ այսպես է բնորոշում. «Ունենք բոզբաշային կուլտուրա, որը հարիր չէ այն երգարվեստին, որը ներկայացրել է Կոմիտասը: Մեզ մոտ հեղինակային իրավունքն էլ չի պաշտպանվում, պետություն չկա, որ քաղաքացու շահերը պաշտպանի, որովհետեւ եղածը ռուսական կապիտալիստական մուտացիայի հայկական տարբերակն է»: Ա. Բայաթյանն էլ նկատեց, որ մեր երաժշտությունը շաղախված է թուրքական, արաբական երանգներով, ինչին նորմալ են վերաբերվում. «Հենց դա է գնահատվում, ֆինանսավորվում ու խրախուսանքի է արժանանում ամենաբարձր ատյաններից, դա նրանց ապրելաձեւից ու մտածողությունից է գալիս, ռուսներն իզուր չեն ասում՝ ՍՈՍ ՋՌՉպՎ, ՑՈՍ Ռ ՑՈվՓցպՎ»: Ռ. Հախվերդյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասում է, որ ինքը դեմ է ֆաշիզմին ու, իր ձեւակերպմամբ՝ պաշտոնական հայրենասերների սարքած շիլաշփոթին. «Օրինակ՝ ես նժդեհիստ եմ, որը ոչ մի կապ չունի ֆաշիզմի հետ, որովհետեւ Նժդեհը մեր գենետիկ կոդի մասին է խոսում, նաեւ բուդդայական փիլիսոփայությունն եմ սիրում»:
Նա խոսեց, իր արտահայտությամբ՝ ամենաինտելիգենտ գեներալի՝ Կոմանդոսի ու մարտի 1-ի մասին: Զարմացավ՝ ի՞նչ երեսով են այսօրվա իշխանությունները թուրքերից պահանջում ճանաչել ցեղասպանությունը, եթե մեր երկրում մարտի 1 է եղել, մարդիկ են զոհվել. «Թուրքերը չե՞ն ասի՝ տղա ջան, գնա նախ քո ներքին հարցերը լուծիր»: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցել-չմասնակցելու մասին էլ հետեւյալ կարծիքի է. «ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել մարդու աղոթելու ցանկության մեջ, իսկ եթե դրան քաղաքական աստառ է տրվում, արդեն ուրիշ բազար է»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, ինչպե՞ս է վերաբերվում Ձախ Հարութին, ում հետ ժամանակին ձայնագրվել է: Ռ. Հախվերդյանն ասաց, որ արժեր 10000 դոլարի դիմաց նման քայլի դիմել, նաեւ խոստովանեց. «Ձախ Հարութը շատ երգերի հերն անիծել է, բայց նա նաեւ մարդ է, ով հարսանեկան կուլտուրայի մեջ մի քիչ Եվրոպա է մտցրել: Հարութն իմ թասընկերն է, ես չեմ կարող դրա համար նրա գլխին տալ, այլ հարց է, որ իր Ամերիկայի տանը անկեղծանում եմ 5-րդ բաժակից հետո»:
«Առավոտը» Ռ. Հախվերդյանին խնդրեց մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե դաշնակցության օրերս տեղի ունեցած հանրահավաքին երգահանը չի մասնակցել, որովհետեւ իր եւ դաշնակցության միջով սեւ կատու է անցել՝ այն բանից հետո, երբ կողմ է արտահայտվել, որ թուրքերը իր երգերի թողարկման իրավունք ստանան: «Նման բան չկա, ես հիմա շատ հեռու եմ ապրում՝ Պռոշյան սովխոզում, թե չէ կմասնակցեի այդ հանրահավաքին: Սեւ կատու ո՞նց կարող է անցնել իմ եւ դաշնակցության միջով, եթե դաշնակցությունը գաղափարախոսություն է, ոչ թե առաջին հերթին կուսակցություն, իսկ ես կողմ եմ գաղափարախոսությանը: Ուզում է՝ 1000 բյուրո էլ փոխվի, իմ ու դաշնակցության միջով սեւ կատու անցնել չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել