Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ ՎԵՐԱԴԱՐՁՈՂԸ՝ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Բալետի արտիստ Վիգեն Հակոբյանը կստեղծագործի Հայաստանում

\"\"
Վ. Հակոբյանը՝ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերում»:

Հայաստանից հեռացած, արտերկրի հեղինակավոր թատրոններում հանդես եկող մեր բալետի արտիստներից յուրաքանչյուրն ունի սեփական պատճառը: Ի հակադրություն նրանց՝ այսօր կա նաեւ վերադարձող, այն էլ բալետի այնպիսի արտիստ, ինչպիսին Վիգեն Հակոբյանն է, որը 1991թ.-ից մինչ վերջերս աշխատելով Խարկովի Ն. Լիսենկոյի անվան եւ Դնեպրոպետրովսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոններում, հասել է ստեղծագործական լուրջ ձեռքբերումների եւ հաջողությունների:
«Առավոտի» հետ զրույցում Վ. Հակոբյանն ասաց, որ Երեւանի պարարվեստի քոլեջը 1990թ. ավարտելուց հետո, մեկ տարի հանդես է եկել Ազգային օպերային թատրոնում, այնուհետեւ՝ Խարկովի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում՝ գլխավոր բալետմայստեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Ասատուրյանի հրավերով: Խարկովում տարիներ շարունակ հանդես է եկել համաշխարհային բալետային գրականության գլխավոր մենապարերով: Բեմ է բարձրացել Չայկովսկու «Շչելկունչիկում»՝ Արքայազնի, Ադանի «Ժիզելում»՝ Ալբերտի, Մինկուսի «Դոն Կիխոտում»՝ Բազելի մենապարերով եւ այլն: Հետո նրան նկատել է Դնեպրոպետրովսկի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ն. Սոկոլովը: Մեր զրուցակիցը վերջինիս չի մերժել, սակայն հայ պարողը այնտեղ աշխատել է շուրջ 1 տարի: Այս առիթով Վիգենն ասաց, որ թեեւ Սոկոլովն իրեն պատրաստում էր Ֆրանսիայում անցկացվող բալետի արտիստների միջազգային մրցույթին, սակայն իր եւ բալետմայստերի միջեւ ստեղծագործական վեճից հետո պարողը որոշում է կայացրել վերադառնալ Խարկովի թատրոն: Հենց այդտեղ, Ա. Ասատուրյանի խորհրդով ու աջակցությամբ, Կիեւում մասնակցել է Սերժ Լիֆարի անվան բալետի արտիստների ամենամյա միջազգային մրցույթին, դառնալով դափնեկիր: Հարցին՝ ո՞րն է արտիստի՝ հայրենիք վերադառնալու պատճառը, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Երեւանի պարարվեստի քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանի հրավերով սկսել եմ մանկավարժական գործունեությունս եւ ցանկություն ունեմ աշխատելու նաեւ Երեւանի թատրոնում: Ինչ խոսք, դժվար է հեռանալ Խարկովի թատրոնից, որի բալետային խմբի կազմում բազմիցս հյուրախաղերով հանդես եմ եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ այլուր: Նույնիսկ Դոնեցկի թատրոնի եւ Մոսկվայի «Ռուսսկի բալետի» արտիստների հետ եմ բեմ դուրս եկել Չինաստանում եւ Իտալիայում: Մեծ հարգանք ունեմ ոչ միայն Խարկովի թատրոնի արդեն նախկին կոլեգաներիս, այլեւ այսօրվա գլխավոր բալետմայստեր Սվետլանա Կոլիվանովայի հանդեպ, որի խնդրանքը՝ մնալ եւ շարունակել աշխատել թատրոնում, մերժեցի…»: Խնդրեցինք զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի եւ Հայաստանի «բալետային կյանքի» միջեւ: «Ուկրաինացիներն ու հայերս բալետի նույն՝ ռուսական դպրոցն ենք անցել, տարբերությունը գուցե միայն այն է, որ այնտեղ հարուստ է խաղացանկը՝ նաեւ ժամանակակից բեմադրություններով (Ստրավինսկի՝ «Սրբազան գարուն», «Աքաղաղ», Շչեդրին՝ «Կոնյոկ-գորբունոկ»…): Կոմպոզիտոր Կոլոդուպի երաժշտությամբ ժամանակին Աշոտ Ասատուրյանը բեմադրեց «Եփրաքսիա» բալետը: Տարիների բացակայությունից հետո ընդամենը մեկ անգամ եմ հանդես եկել Երեւանի թատրոնում՝ 2008-ին, սակայն այս այցիս ոգեւորվեցի՝ տեսնելով, որ 2009թ. Ազգային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ իրականացվել են երեք ժամանակակից ներկայացումներ: Իսկ Պարարվեստի քոլեջում ժամանակակից բալետային արվեստի դասընթացներ են անցկացվում, տնօրեն Արմեն Գրիգորյանը մտադիր է առաջիկայում Իսրայելից մասնագետներ հրավիրել»,- հայտնեց Վ. Հակոբյանը:
Հետաքրքրությանն էլ, թե Ուկրաինայում իր աշխատած տարիներին 4 նախագահ է փոխվել, երկրի ղեկավարները հաճախո՞ւմ էին բալետային ներկայացումների, արտիստն ասաց. «Կրավչուկին, Կուչմային, Յուշչենկոյին, Յանուկովիչին չեմ հանդիպել Խարկովի թատրոնում, սակայն չի բացառվում, որ նրանք մայրաքաղաքում «շփվեն» բալետային արվեստի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել