Ավստրիայի դատախազությունը մտադիր է պաշտոնապես հետաքննություն սկսել անցած տարի այդ երկրում սպանված 26-ամյա չեչենական իշխանությունների ընդդիմախոս Ումար Իսրայիլովի (նկարում) սպանությանը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր առնչությունը քննելու համար: Այդ սպանությանն առնչություններ ունենալու մեջ կասկածվում են նաեւ ռուս դիվանագետները: L’Express-ի մատուցմամբ, հետաքննիչները համոզված են, որ հանցագործությունը կատարվել է Կադիրովի հրահանգով եւ Ավստրիայում ռուսական դիվանագիտական կորպուսի աշխատակիցների օգնությամբ: Իսրայիլովը սպանվել էր 2009թ. հունվարի 13-ին՝ իր առեւանգման փորձի ժամանակ: Այդ գործով Ավստրիայում կալանավորվել է երեք մարդ: Չորրորդը, որը ենթադրաբար Իսրայիլովի վրա կրակողներից մեկն է եղել, սպանությունից հետո լքել է Ավստրիան եւ վերադարձել Ռուսաստան:
Ավստրիայի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի անցկացրած հետաքննության տվյալների համաձայն, Կադիրովի ռեժիմը նման հանցագործություններն իրականացնում է Մոսկվայի օգնությամբ: L’Express-ի տվյալներով, կալանավորված չեչեններից մեկը՝ Արթուր Կուրմակաեւը, հետաքննության մարմնին պատմել է, թե աշխատել է Ավստրիայում ՌԴ դեսպանատանը կից գործող Kommando truppe Osterreich գործակալության համար: Հետաքննիչները պարզել են, որ ֆրանսիական պարբերականի բնորոշմամբ, «չեչենական վարչակազմի տարօրինակ մասնաճյուղի» միակ խնդիրը «փախստական» չեչեն ընդդիմադիրների որոնումն է, որոնց բռնի կերպով վերադարձնում են երկիր, իսկ հետո, երբեմն նաեւ մինչ այդ, ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում են:
Ֆրանսիական պարբերականը գրում է նաեւ, թե հետաքննչական մարմնի կողմից առաջ քաշված սպանություններին՝ Կադիրովի եւ ռուս դիվանագետների առնչության վարկածը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ, ինչն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ Մոսկվայի եւ Եվրամիության հարաբերությունների համատեքստում: Ավելի վաղ ԵԽ-ում հրապարակված զեկույցում Կադիրովի էմիսարները համեմատվել էին լատինամերիկյան «մահվան էսկադրոնի» հետ: