Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դեռեւս դիրքորոշում չի հայտնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու փաստի առնչությամբ: «Մանրամասներն ուսումնասիրվում են: Մայր աթոռի կեցվածքի մասին մենք լուր կտանք առաջիկայում, բայց այս մասին այժմ չեմ ուզում որեւէ բան խոսել»,- NEWS.
am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցելու է՝ ի դեմս միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Մինչդեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի մասնակցելու Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը, համարելով, որ դրանով «հստակ կեցվածք է որդեգրում Թուրքիայի ուրացման ու ժխտումի հետեւողական քաղաքականության, հայկական կյանքում շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին՝ իբրեւ մարդու իրավունքների պաշտպան ներկայանալու Թուրքիայի փորձերի դեմ»:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել՝ հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո: Սակայն սեպտեմբերի 19-ին՝ Ս. Խաչի վերաբացմանը, տեղադրվելիք խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն տեղադրման աշխատանքները: