Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օտարալեզու դպրոցները սխալ տեղ են «ներարկվում»

Սեպտեմբեր 04,2010 00:00

Ասում է «Հանուն հայալեզու կրթության» խորագրով երթի կազմակերպիչներից՝ տառաստեղծ Ռուբեն Թառումյանը:

\"\"Վաղն առավոտյան մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ ուխտագնացության կմեկնեն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Նույն օրվա երկրորդ կեսին ուխտագնացները կժամանեն Երեւան՝ Մատենադարանի հրապարակ, որտեղ կմիանան «Հանուն հայալեզու կրթության» նշանաբանով անցկացվելիք երթին, որը կմեկնարկի Մատենադարանից եւ Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրին ուխտագնացության նախաձեռնողներից՝ «Սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդ Սարիբեկյանը եւ տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ Ռուբեն Թառումյանը: Երթի նախաձեռնողները գտնում են, որ այսօր, երբ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տխրահռչակ նախագծերով աննախադեպ սրությամբ վտանգվում է մայրենի լեզուն եւ հայ ինքնության արդիականացման հնարավորությունը, առավել քան պետք է կարեւորել Մաշտոցի գործունեության խորհուրդը: Ուխտագնացները կիրակի օրը կարող են մասնակցել նաեւ մատուցվող պատարագին, կլինի օրհնության արարողություն, որտեղից կրակ կբերվի Սուրբ Սարգիս եկեղեցու հրապարակ: Ակցիայի նպատակն է եւս մեկ անգամ փաստել հավատարմությունը դպրության հայր Մեսրոպ Մաշտոցի գործին, նշել հայոց գրերի ստեղծման 1605-րդ տարեդարձը, որովհետեւ, ըստ Է. Սարիբեկյանի, վերջին տարիներին Մաշտոցի կատարած գործը չի ընկալվում այնպես, ինչպես որ պետք է ընկալվեր: «Գրերի ստեղծման 1600-ամյակը «մեծ շուքով» նշվեց, բայց տակը ոչինչ չկար, այսինքն՝ չկար մի բան, որը կարող էր համարվել որպես Մաշտոցի արած գործին հաջորդող քայլ: Օրինակ՝ ավելացվեր հայալեզու գրականության ծավալը, որակը, հարգանքը՝ հայ գրի նկատմամբ: Բազմաթիվ փաստաթղթեր մեր հիմնարկներում կազմվում են ոչ մաշտոցյան լեզվով, անգրագետ, Երեւանի փողոցներում գովազդներ են, որոնք մեծ մասամբ այլալեզու են, տեսնում ենք նաեւ աղճատված մեսրոպյան տառեր»,- ասում է Սարիբեկյանը: Այս խնդիրների մասին ահազանգելու եւ հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ գրավելու համար է կազմակերպվում կիրակնօրյա երթն ու ուխտագնացությունը, որին արդեն շուրջ 2 տասնյակից ավելի հ/կ-ներ եւ քաղաքացիական նախաձեռնություններ միացել են, շատ կազմակերպություններ էլ դեռ շարունակում են հայտնել իրենց մասնակցության մասին: Երթն արտոնված է քաղաքապետարանի կողմից:
Բանախոսներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գերատեսչությունները, մասնավորապես կրթության եւ մշակույթի նախարարություններն իրենց աջակցությունը հայտնել են ուխտագնացությանն ու երթին: Է. Սարիբեկյանը տեղեկացրեց, որ հրավերներ ուղարկել են, բայց մասնակցության մասին դեռեւս պատասխան չունեն. «Եթե մասնակցեին՝ ուրախ կլինեինք ու գրկաբաց կընդունեինք: Բայց մեր գերատեսչությունների վերաբերմունքը երբեմն այնքան էլ օբյեկտիվ չէ նման հարցերում: Օրինակ՝ այս տարի Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակն էր, շատ քիչ պետական գերատեսչություններ արձագանքեցին… Սեպտեմբերի 1-ը մեր երկրում Գիտելիքի օր է, բայց քանիսին գիտեք, որ իրենց երեխաներին այդ օրը տարան Օշական, որտեղ գրերի հեղինակի դամբարանն է: Սեպտեմբերի 1-ին բոլոր պաշտոնյաները, կառավարության անդամները գնում են իրենց հարազատ կամ մոտ դպրոցը, մասնակցում առաջին դասին, քարոզում հայրենասիրություն եւ այլն: Պետական պաշտոնյաներից ո՞ր մեկը հիշեց Մաշտոցի գերեզմանը»: Ինչ վերաբերում է Հայաստանում օտարալեզու կրթությանը, Ռ. Թառումյանը կարծում է. «Մենք դեմ չենք, որ մեր երեխաներն իմանան օտար լեզու, ով՝ ով, բայց հայը երբեք չի կաղացել օտար լեզուներից: Ուզում ենք, որ ռուսերենի, ֆրանսերենի, անգլերենի, իսպաներենի կողքին հայերենը լինի ոչ թե կրտսեր զավակ, այլ՝ առաջինը: Ոչ մի ներգործություն ազգային ինքնության վրա չի կարելի գնահատել բացարձակ ձեւով, ասել՝ օտար լեզուն մահացու է կամ փրկություն է: Նայած թե ինչ ձեւով, ինչ քանակությամբ եւ որտեղ այն կներարկես»: Այս պարագայում, ըստ Ռ. Թառումյանի, օտարալեզու դպրոցները սխալ տեղ են «ներարկվում»: «Մի՛ բացեք օտարալեզու դպրոց, եթե ուզում եք օտար լեզուն լավ իմանան, ամեն ինչ արե՛ք, որ օտար լեզուն լավ դասավանդվի, եթե չեք ուզում հայերենը մոռացվի, ամեն ինչ արեք, որ հայերենը նորմալ դասավանդվի»,- պատկան մարմիններին խորհուրդ է տալիս տառաստեղծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել