Մեկ օրը «ջնջելն» այս կրթօջախների վրա «թանկ կնստի»
Oգոստոսից ուժի մեջ է մտել ՀՀ աշխատանքային օրենսգիրքը՝ նոր փոփոխություններով հանդերձ: Օրինակ, 142 հոդվածով սահմանվում է աշխատաժամանակի ռեժիմը: Այդ հոդվածի երկրորդ կետով էլ ամրագրվում է. «Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով»: Օրենքն ուժի մեջ է մտել՝ ցայտնոտային իրավիճակ ստեղծելով արվեստի բուհերի, երաժշտական ուսումնարանների, դպրոցների ու սպորտդպրոցների համար: Բանն այն է, որ այս կրթօջախները չեն կարող «տեղավորվել» 5-օրյա գրաֆիկում, որովհետեւ, բացի բուն պարապմունքներից, կան զույգ օրերով անցկացվող անհատական պարապմունքներ: Ավելի հասկանալի լինելու համար նշենք, որ, որպես կանոն, կոնսերվատորիայում, Մանկավարժական համալսարանի երաժշտական ֆակուլտետում, երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում եւ այլուր, անհատական մասնագիտական պարապմունքներն անցկացվում են՝ երկուշաբթի-հինգշաբթի, երեքշաբթի-ուրբաթ, չորեքշաբթի-շաբաթ: Այսինքն՝ 5-օրյակի պարագայում, մեխանիկորեն չորեքշաբթին կա, բայց շաբաթը դուրս է թողնվում: Արդյո՞ք, օրինակ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ունի այնքան դասարաններ, որ մեկ բաց թողնված դասաժամը կտեղավորվի 5-օրյակում: Չմոռանանք հավելել, որ վոկալի մասնագիտական պարապմունքները նույնիսկ երեք օր են անցկացվում: Եթե, օրինակ, ԵՊՀ, ՀՊՃՀ կամ այլ բուհերի շենքային պայմանները թույլ են տալիս 5 օր աշխատել ու երկու օր հանգստանալ, այլ բուհերում պատկերն այլ է: Կոնսերվատորիային քիչ թե շատ առնչվող մարդը գիտի, թե ինչ «խեղդոց» է այս բուհում դասարանների «մասով»: Մեր տեղեկություններով, արվեստի բուհերի ղեկավարները, գիտակցելով այս «նորամուծության» հետեւանքները, ամեն դեպքում չեն ցանկանում «վատամարդ» լինել «վերեւների» հետ, այն պատճառաբանությամբ, որ օրենքն օրենք է՝ պետք է հարգել: Բայց կան նաեւ մասնագետներ, որ ընդդիմանում են՝ ինչո՞ւ պիտի տուժեն դասախոսներն ու երեխաները, մանավանդ օրենքի փոփոխությունների համապատասխան քննարկումների ժամանակ իրենց կարծիքը չեն լսել: Օրինակ, կոնսերվատորիայում կան մարդիկ, ովքեր որոշել են դեմ գնալ օրենքին եւ աշխատել անգամ շաբաթ օրը, բայց նրանց բարեկամաբար հուշել են, թե Աշխատանքի տեսչությունը կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել: Ոմանք իրենց մտահոգությունները հասցրել են նաեւ ԿԳ նախարարությանը, որտեղից խոստացել են հարցը քննել մեկ-երկու շաբաթից:
Փաստենք, որ դեռեւս խորհրդային ժամանակներից երաժշտական դպրոցների, ուսումնարանների, կոնսերվատորիայի դասատուները անհատական պարապմունքները նույնիսկ սեփական տներում էին անցկացնում՝ երեխաներին հանրապետական, միջազգային մրցույթների ու փառատոների պատրաստելու համար: