Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում պետք է շարունակվեր ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի եւ նույն բաժանմունքի ոստիկանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այն կապված է ոստիկանության բաժանմունքում որպես կասկածյալ ապրիլի 13-ին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան հետ:
Երեկ դատական նիստին հետեւում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը, Արթուր Սաքունցը, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ներկայացուցիչները: Դատարանում էին անգամ ոստիկանության լրատվականի ներկայացուցիչները: Շենքը հսկվում էր տասնյակ համազգեստավորների կողմից:
Դատավարության ժամանակ խոսափողեր չկային կողմերից ոչ մեկի սեղանին, իսկ ընդհանրապես այս դատարանում՝ դատական նիստերի դահլիճում տեսաձայնագրառում չի կատարվում:
Երեկ Աշոտ Հարությունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը դատական նիստը սկսելուն պես հայտնեց, որ իր պաշտպանյալը ունի ստամոքսի խանգարում, փսխում է, սրտխառնոցը չի դադարում 4 օր եւ միջնորդեց, որպեսզի դատարանը հնարավորություն տա՝ ստուգեն Աշոտ Հարությունյանին: Մինչ այդ, Ա. Հարությունյանին բուժքույր էր «զննել»: Հայտարարվեց կես ժամ ընդմիջում: Ընդմիջման ժամանակ, բնականաբար, որոշակի լարվածություն կար, միաժամանակ երկու կարծիք. «հաստատ թունավորել են», «եսիմ ինչ են տվել՝ խմել է», քանի որ մի քանի օր առաջ Աշոտի մայրն ակնարկել էր որդու անվտանգության մասին, հասկացնելով, թե նա կարող է փոխել գործի ընթացքը իր ունեցած տեղեկատվությամբ: Խոսքն այն մասին է, որ, ըստ շրջանառու լուրերի, Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են ոստիկանները: Երկրորդ կարծիքն այն էր, որ չպետք է խաղալ տուժողի հարազատների զգացմունքների վրա եւ «մեսիջները, որ Ա. Հարությունյանն ուղարկում է անհասկանալի անձանց, բնականաբար չեն բխում գործի շահերից»:
Հարությունյանին ժ.12.25-ին զննելուց հետո հրապարակվեց շտապօգնության բժիշկ Մարգարյանի տեղեկանքը: Ըստ որի, Հարությունյանը գանգատվել է ընդհանուր թուլությունից, հաճախակի սրտխառնոցից, առկա է փսխում, որի համար ստանում է որոշակի դեղորայք: Ըստ բժշկի տեղեկանքի. «լեզուն խոնավ է, փառակալած, հիվանդի աղիները չեն գործել 1 օր»: Սրտի զարկերը 1 րոպեում՝ 90, զարկերակային ճնշումը 140/100: «Աղիների խրոնիկ դիսբակտերիոզի սրացում, ներվային սիստեմի ֆունկցիոնալ խանգարում» եզրակացությունը հրապարակվելուց հետո դատաքննությունը հետաձգվեց:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին: