Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր աղքատ եւ հարուստ նախարարները

Սեպտեմբեր 04,2010 00:00

ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ նախարարների եւ մի քանի այլ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերի մասին 2009թ. տեղեկանքները: Ըստ այդ տեղեկանքների, ամենաաղքատը ՀՀ աշխատանքի  պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանն է, որի եկամուտը կազմել է 857421 դրամ, իսկ ամենահարուստը՝ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 341 մլն 615 հազար դրամ:
Համեստ՝ ընդամենը 3-6 մլն դրամ եկամուտ են ունեցել (համապատասխանաբար) տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը (այսօր արդեն արտակարգ իրավիճակների նախարարն է), արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի եկամուտները 8 միլիոնից քիչ ավելի է, իսկ  արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանինը՝ 10 մլն 792882 դրամ: Ըստ տեղեկանքի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի եկամուտը 28.836.552 դրամ է, վաճառել է իր «PORSHE» մակնիշի ավտոմեքենան: Տրանսպորտային միջոց՝ «Մերսեդես C 180» ավտոմեքենա է վաճառել նաեւ Աշխատանքի պետական տեսչության պետը՝ երեւի կարիքից դրդված, քանի որ, ինչպես փաստել ենք, նա  նշված պաշտոնյաների մեջ ամենաաղքատն է:
Վատ չի վաստակել գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝  39.036.547 դրամ, բայց նաեւ ծախսեր  է արել. գնել է շենք եւ շինություն: Ի դեպ, շենք-շինություն է գնել նաեւ արդարադատության նախարարը, բայց, դատելով  նրա եկամուտներից, շինությունը պետք է որ շատ համեստ լինի՝ 11 միլիոնի չհասնող եկամտին համապատասխան:
Անշարժ գույքի նկատմամբ անտարբեր չէ նախկին քաղաքաշինության, այժմ՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը 3 շենք-շինություն է գնել, ունենալով 131.061.616 դրամ եկամուտ:
Դատելով լրացված հայտարարագրերից, մեր նախարարներն ու պաշտոնյաները անտարբեր են  ավտոմեքենաների նկատմամբ, որովհետեւ ոչ մի նախարար մեքենա չի գնել: Կարծում ենք՝ դրա կարիքն էլ չկա, քանի որ, ինչպես բոլորս գիտենք,  պետական ծառայողական մեքենաները միաժամանակ ծառայում են նախարարին, նաեւ՝ ողջ ընտանիքին:
Պարզվում է՝ Հայաստանի ամենաեկամտաբեր ոլորտը առողջապահությունն է, որովհետեւ, ինչպես արդեն նշել ենք, ամենահարուստը առողջապահության նախարարն է: Կամ գուցե նա իր եկամուտները ներկայացրել է բարեխղճորեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել